Վերականգնողական բուժում

Զրույց ՊՆ ԿԿԶՀ վերականգնողական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Վահրամ Խոջայանի հետ

-Պարոն Խոջայան, գաղտնիք չէ, որ արտերկրի բուժհաստատություններում վիրաբուժական, վնասվածքաբանություն բաժանմունքներին կից գործում է վերականգնողական բաժանմունքը, երբեմն նույնիսկ կենտրոնը, որտեղ վիրահատությունից օրեր անց սկսում են հիվանդների վերականգնողական բուժումը: Արդյոք մեզ մոտ ըստ արժանվույն կարևորվո՞ւմ է ռեաբիլիտացիայի դերը հետվնասվածքաբանական, հետվիրահատական շրջանում:

-Չեմ կարող ժխտել, որ մեզ մոտ երբեմն որոշ չափով անտեսվում է ռեաբիլիտացիայի՝ վերականգնողական բուժման նշանակությունը հետվիրահատական, հետվնասվածքաբանական բուժումներից հետո, ինչի հետևանքով բազմաթիվ հիվանդներ բավականին երկար ժամանակահատված տեղաշարժվում են հենակներով, ունենում են հետվիրահատական բարդություններ, որոնցից հնարավոր է խուսափել արդյունավետ ու ճիշտ ընտրված վերականգողական բուժում նշանակելով: Սակայն հարկ է նշել, որ վերականգնողական բուժում կիրառվում է նաև ներքին օրգանների (շնչառական, մարսողական, ներզատական, ԿՆՀ) հիվանդությունների համալիր բուժման ընթացքում՝ պայքարելով միաժամանակ ցավի և նրա պատճառի դեմ:

-Ձեր բաժանմունքն ունի՞ այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Վերականգնողական բուժման ո՞ր եղանակներն են կիրառվում ԿԿԶՀ վերականգնողական բաժանմունքում:

– Վերականգնողական բուժումը, առհասարակ, իրականացվում է ֆիզիո-, բալնեո-, կինեզիո-թերապիայի մեթոդներով՝ տարաբնույթ բուժական միջոցներ կիրառելով: Այսօր մեր բաժանմունքն ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, բաժանմունքում ծառայում են տարբեր նեղ մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ, ինչի շնորհիվ մեզ մոտ իրականացվում են վերականգնողական բուժման գրեթե բոլոր եղանակները՝ բացառությամբ ջրաբուժության և ցեխաբուժության (պարզ է, որ այս եղանակները նույնպես կիրառելու համար համապատասխան տարածք և միջավայր է հարկավոր, սակայն եթե, այնուամենայնիվ, հիվանդի առողջությունը լիովին վերականգնելու համար ցանկալի է ջրաբուժություն կամ ցեխաբուժություն կիրառել, հիվանդը բուժումը շարունակում է Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտում կամ Դիլիջանի, Ջերմուկի առողջարաններում, որտեղ ստեղծված են լավագույն պայմանները՝ բուժօգնությունը հավուր պատշաճի իրականացնելու համար): Իսկ այսօր Հայաստանում, եկեք փաստենք, որ վերականգնողական բուժումը բավականին մատչելի է իրականացվում:

-Ովքե՞ր են պետպատվերի շրջանակում օգտվում Ձեր բաժանմունքի ծառայություններից:

-Սա ամբուլատոր բաժանմունք է, որը առաջին հերթին սպասարկում է բոլոր այն հիվանդներին, որոնք վիրահատվել, բուժվել են հոսպիտալներում. վիրաբուժության, վնասվածքաբանություն, նյարդավիրաբուժություն, նյարդաբանական, թերապիայի բաժանմունքներից գալիս են առողջացող մարդիկ, որոնց համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին կազմակերպել, իրականացնել ապարատային բուժման եղանակները (մեծ նշանակություն ունի վերականգնողական բուժման եղանակի, անհատական ծրագրերի ճիշտ ընտրությունը):

-Հիվանդների հոսքը մե՞ծ է:

– Աշխատում ենք գերծանրաբեռնված, սակայն մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ հիվանդները հեռանում են գոհ մեր վերաբերմունքից, մեր ցուցաբերած բուժօգնությունից:

-Ներեցեք, իսկ Ձեր հիվանդները երբևէ չե՞ն գանգատվել բաժանմունքի «անհրապույր» պայմաններից:

– Ոչ, հիվանդի համար գլխավորը բուժման արդյունքն է… Ճիշտ է, մեր բաժանմունքն այսօր, ինչպես ասացիք, «անհրապույր» պայմաններում է, բայց առաջիկա մեկ տարվա ընթացքում բաժանմունքը հիմնովին կվերանորոգվի, կունենանք հրաշալի բաժանմունք, կավելանա կինեզիոթերապիայի մեծ, ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահը (սարքավորումներն արդեն ձեռք են բերվել): Իհարկե չեմ կարող չնշել, որ այսօր մեր բաժանմունքն ըստ հաստիքացուցակի ունի նաև բուժական մարմնամարզության մասնագետ, և նա իր աշխատանքը կատարում է այնքանով, որքան թույլ են տալիս առկա հնարավորությունները:

-Ե՞րբ եք հիվանդին կինեզիոթերապիա նշանակում:

-«Կինեզիս» նշանակում է շարժում, «թերապիա»՝ բուժում, հետևաբար «կինեզիոթերապիա»՝ բուժում շարժման միջոցով: Կինեզիոթերապիան վերականգնողական բուժման առաջատար մեթողներից է, այն կիրառվում է բուժիչ և կանխարգելիչ նպատակներով՝ ոսկրամկանային և շնչառական համակարգերի աշխատանքը վերականգնելու համար, հենաշարժողական համակարգի գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում կարող ենք դիմել կինեզիոթերապիային:

-Ընդունված կարծիք է, որ վերականգնողական բուժման արդյունքը կախված է նաև հիվանդի ջանասիրությունից, բժշկի նշանակումները, խորհուրդները կատարելու հետևողականությունից: Ի՞նչ եք խորհուրդ տալիս Ձեր հիվանդներին:

-Հիմնական խնդիրն է փոխել կենսակերպը:

Չեմ զլանում ամեն անգամ բացատրել նրանց, որ մարդու օրգանիզմի երեք քառորդը հենաշարժողական համակարգն է, որի առանցքը ողնուղեղն է, իսկ ողնաշարը ներքին օրգանների հայելին է: Ես ընդունում եմ՝ մարդը բանական էակ է, և առանց առողջ գլխուղեղի չի կարող առողջ բանականություն ունենալ, բայց ո՞վ ասաց, որ ողնուղեղը պակաս կարևոր է. գլխուղեղը ամեն ինչ կառավարում է, բայց միայն և միայն ողնուղեղի միջոցով: Ողնուղեղը ոչ թե գլխուղեղի պոչն է, ինչպես կարծում են շատերը, այլ գլխուղեղը ողնուղեղի առաջնային մեծացած մասն է (բազմաթիվ կենդանիներ, օրինակ՝ կոկորդիլոսը, որի գլխուղեղը շատ փոքր է, գոյատևում են հենց իրենց ողնուղեղի շնորհիվ):

Առողջ հենաշարժողական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է քայլել, վազել, հեծանիվ քշել, լողալ, մարզվել…

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական քայլել 10.000 քայլ՝ մոտավորապես մեկ ժամ միջին արագությամբ, իսկ դա մոտավորապես 5 կիլոմետր է, կամ հեծանիվ վարել, բայց հեծանիվը քայլին չի փոխարինում, շաբաթական 2 կամ 3 անգամ զբաղվել լողով, ամեն առավոտյան պարտադիր զբաղվել մարմնամարզությամբ՝ մկանային, ոսկրային համակարգերը ամրացնելու, կոփելու նպատակով:

-Վերջին 100-ամյակի ընթացքում մարդու ֆիզիկական ակտիվությունը կտրուկ նվազել է. ինչպե՞ս է դա անդրադառնում մարդու առողջության վրա:

– Ոչ լիարժեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ հիպոդինամիան, գերծանրաբեռնվածությունը ավելորդ քաշի պատճառով, կենսակերպի կտրուկ փոփոխությունը, ինչպես նաև խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները կարող են ողնաշարի և հարակից հյուսվածքների ախտահարումների պատճառ դառնալ:

Եվ առհասարակ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդությունների մեծ մասը առաջանում է անհետևողական, ոչ ճիշտ կենսակերպի պատճառով: Նստակյաց կյանք վարելու հետևանքով աշխարհում բնակչության մեկ քառորդը այսօր տառապում է գոտկային օստեոխոնդրոզ հիվանդությամբ: Բժիշկներին դիմած հիվանդների 48 տոկոսը գանգատվում է օստեոխոնդրոզից և նրա հետևանքներից: Տարվա մեջ ողնաշարի օստեոխոնդրոզի պատճառով բժիշկներին դիմած հիվանդների քանակը զիջում է միայն համաճարակների ժամանակ այս կամ այն հիվանդության բռնկումների ցուցանիշներին:

Չեմ կարող չնշել նաև մի երևույթի մասին, որը նույնպես անհանգստացնում է ինձ. եթե առողջ մարդը երկու ձեռքով վերցնում է 5 կգ բեռ և ուղղահայաց դիրքից թեքվում է 20 աստիճան, գոտկային հատվածում ծանրությունը բազմապատկվում է 9 անգամ՝ դառնալով 45 կգ (սա ֆիզիկայի պարզագույն օրենք է): Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենում, երբ երեխաները, ծանրաբեռնված պայուսակներով, գնում են դպրոց: Պետք է ծնողները, ուսուցիչները, գիտակցելով ողնաշարի վրա այդքան ծանրություն կրելու հետևանքների մասին, ոչ միայն թեթևացնեն երեխաների «ուսաբեռը», այլև մանկուց երեխայի մեջ առողջ ապրելակերպի պարտադիր կանոնները սերմանեն:

-Ասում են՝ դուք հաճախ եք կրկնում. «Не воспринимайте жизнь в серёз, всё равно живым из неё Вам не выбратся»:

-Կյանքի դժվարություններին հումորով վերաբերվելը իմ կենսակերպն է… 6 տարի բեմի վրա եմ եղել (1979- 1986 թթ) ՝ Երևանի բժշկական ինստիտուտի Ուրախների և հնարամիտների ակումբի անդամ էի: Երբ Խորհրդային Միությունում КВН-ը արգելվեց, մենք դրա անունը դրեցինք Студвесна՝ Ուսանողական գարուն: Բարձր ինտելեկտի, սրամիտ հումորների, բեմական վարպետության շնորհիվ բժշկական ինստիտուտի թիմը միշտ առաջին տեղում էր: Մենք վեցերորդ կուրս էինք, ՇԱՐՄ-ի տղաները՝ երկրորդ, երբ էստաֆետը նրանց հանձնեցինք, իսկ նրանք բեմում անզուգական էին…

– Ծառայությունից բացի ի՞նչ հետաքրքրություններ ունեք այսօր:

-…Ութ տարեկան էի, երբ սկսեցի դանակներ պատրաստել. դա ինձ համար և նախասիրություն էր, և հետաքրքրություն, և հաճելի զբաղմունք, որից չեմ հրաժարվել մինչ օրս: Այսօր արդեն դանակների մեծ հավաքածու ունեմ: Միայն 136 դանակ՝ իմ լավագույն աշխատանքներից, նվիրել եմ ընկերներիս, բարեկամներիս:

Դանակներ պատրաստելիս կարևոր է ստեղծագործական միտք, համբերություն, ձեռքի ճկունություն ունենալ: Հետագայում իմ ընտրած մասնագիտությունն էլ ուղղակիորեն կապված էր ձեռքի աշխատանքի հետ (մասնագիտությամբ մանուալ թերապևտ եմ, իսկ լատիներեն “manus”՝ նշանակում է ձեռք, «մանուալ թերապիա»՝ բուժում ձեռքի միջոցով): Ես բուժում եմ մարդկանց՝ կիրառելով մանուալ թերապիան՝ որպես ձեռքով բուժական հնարքների համակարգ:

Էդիտա Մելքոնյան