Մեր հիմնական խնդիրը զինվորին խիզախություն ներշնչելն է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիարևելյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամաս այցելության ժամանակ սպա-հոգեբանի առաքելության, նրա կողմից տարվող աշխատանքների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք զորամասի սպա- հոգեբան, մայոր Էրիկ Աղասյանի հետ:

-Նման բարդ տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասի անձնակազմի՝ յուրաքանչյուր զինվորի հոգեպես կայուն լինելը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը: Ի վերջո, մարտական հենակետ բարձրացող զինվորը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի իր դժվարին ծառայությանը: Այս առումով ի ՞նչ է փոխում սպա-հոգեբանի ներկայությունը զորամասում:

-Զորամասը մարտական խնդիր է կատարում, և յուրաքանչյուր սահմանապահ զինվոր չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելություն է իրականացում: Իսկապես, կարևոր է, որ նա ֆիզիկապես ու հոգեպես ամուր լինի, վստահ իր ուժերի նկատմամբ և գիտակցի իր կատարածի կարևորությունը: Մեր հիմնական առաքելությունը զինվորին վստահություն ու խիզախություն ներշնչելն է, բացատրելը, որ հակառակորդի զինվորն իր նկատմամբ գերազանցություն չունի թեկուզ այն պատճառով, որ ինքը պաշտպանում է սեփական հողը, դրանով իսկ ավելի ուժեղ է, ավելի ամուր… Բացի դրանից, նաև լավ մարտավիճակում է, տիրապետում է իր զինվորական մասնագիտությանը, իր զենքին: Զինվորը պետք է համոզված լինի, որ ինքն անպարտելի է, որ իրեն կարևոր գործ են վստահել. նա պաշտպանում է ոչ միայն իր, իր ծառայակից ընկերների, հարազատների, այլև մի ողջ ժողովրդի անվտանգությունը: Զինվորը նաև պիտի գիտակցի, որ իրեն վստահում են, ու այդ վստահությունը հիմնավորված է… Հավատացեք՝ այդ դեպքում նա ավելի մեծ ուժ է գտնում իր մեջ և բոլոր դժվարությունները կարողանում է պատվով հաղթահարել:

-Սահմանային միջադեպերը, դժբախտաբար, հնարավոր չէ բացառել: Ի՞նչ ազդեցություն են դրանք ունենում անձնակազմի հոգեբանության վրա: Չէ՞ որ զինվորը, ով տեսել է վիրավոր ընկերոջը, ով զինակից ընկեր է կորցրել, վաղը պիտի բարձրանա մարտական հենակետ… Ցավալի է, բայց նախորդ տարի այստեղ նաև զոհեր ունեցանք…

-Մեր հերոսացած տղաների սխրանքի մասին բոլորը գիտեն՝ բոլոր զինվորները: Նրանց մասին բազմիցս խոսվել է, լուսաբանվել: Մեր զորամասում կանգնեցվել են նրանց հիշատակը հավերժացնող խաչքարեր: Զինվորը գիտի, որ իր ծառայակից ընկերը գիտակցված է զոհվել՝ փրկելով մի ամբողջ դիրքի անձնակազմի, պաշտպանելով դիրքի անվտանգությունը: Տղաները օրինակ են բոլորի համար: Այդ ամենը գիտակցելով՝ զինվորները կարողացան հաղթահարել ծանր շրջանը…

Զինվորը նախքան մարտական հենակետ բարձրանալը՝ երկար պատրաստության փուլ է անցնում: Դիրքերում վիարվորումների դեպքում նրանք հիմնականում կարողանում են ուժ գտնել իրենց մեջ, օգնել իրենց վիրավոր ընկերոջը, պաշտպանել նրան թեկուզ կյանքի գնով:

– Սպա-հոգեբանը աշխատանքներ է տանում ոչ միայն հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողների, այլև ամբո՞ղջ անձնակազմի հետ…

-Այո: Մարտական հերթապահություն իրականացնող զինվորները հոգեբանական աջակցության կարիք ունեն: Անխոս, յուրաքանչյուր զինծառայող արժանի է անհատական մոտեցման: Անհրաժեշտության դեպքում նաև անհատական զրույցներ ենք վարում: Զրուցում ենք նաև մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ՝ յուրաքանչյուր հերթափոխից առաջ:

– Իսկ իրենք անձամբ դիմու ՞մ են Ձեր օգնությանը… ի՞նչ խնդիրներով:

– Երբեմն այո: Ավելի հաճախ դիմում են իրենց ստորաբաժանումների հրամանատարներին, վերջիններն էլ՝ հոգեբանին: Զինվորին օգնում են և′ ստորաբաժանումների հրամանատարները, և′ հոգեբանը: Ավելի հաճախ նրանց տրամադրության վրա ազդում են սոցիալական խնդիրները, ընտանեկան վիճակը, ասենք՝ ծնողերի ամուսնալուծությունը: Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի օգնենք զինծառայողին շուտ դուրս գալ ընկճված վիճակից: Երբեմն նաև կապ ենք հաստատում ծնողների հետ, հարկ եղած դեպքում՝ հրավիրում նրանց զորամաս: Նրանք ևս զրուցում են իրենց զավակի հետ:

-Դուք խոսեցիք այնպիսի խնդիրների մասին, որոնք պայմանավորված չեն զինվորական ծառայությամբ… իսկ եղե՞լ են դեպքեր, երբ հոգեբանական խնդիրները կապված են եղել ներբանակային կյանքի հետ…

– Հրամանտարների ուշադրություից չի վրիպում, որ զինծառայողը կոլեկտիվից օտարված է, ընկճված… Նման դեպքեր լինում են հիմնականում նորակոչիկների շրջանում: Ադապտացիոն շրջանը բավական բարդ է, և կան տղաներ, որոնց ավելի երկար ժամանակ (երբեմն անգամ ամիսներ) է անհրաժեշտ ծառայությանը լիովին հարմարվելու համար:

… Գոյություն ունեն ռիսկի խմբեր, որոնցում ընդգրկված են ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքներից զորակոչված զինծառայողները: Նրանք թե′ հոգեբանի, թե′ ստորաբաժանումների հրամանատարների ուշադրության կենտրոնում են: Բոլոր նորակոչիկների հետ փորձում ենք անհատական զրույցներ վարել: Մենք ունենք նաև հարցաշար՝ Այզենկի հոգեբնական թեստավորումը, որը պարտադիր անցկացվում է նորակոչիկների հետ: Դրանով որոշվում են նորակոչիկների բնավորության գծերը՝ ըստ խմբային տիպերի: Այդ տվյալները կցվում են նրանց գրքույկներին:

– Կա՞ն արտաքին նշաններ, որոնցով կարելի է հասկանալ, որ դիցուք՝ շարքում կանգնած զինվորին ինչ-որ բան անհանգստացնում է…

-Դա իսկույն նկատվում է: Առաջին նախանշանը առանձնանալու, մեկուսանալու ձգտումն է: Ինչպես արդեն նշեցի, դա ավելի հաճախ հարմարվելու շրջանին է բնորոշ: Երբեմն նորակոչիկները խուսափում են իրենց խնդիրների մասին պատմել: Իսկ ավելի երկար ծառայած զինվորները սովորաբար իրենք են դիմում իրենց հրամանատարներին կամ հոգեբանին, քանի որ վստահության մթնոլորտ է ստեղծվում: Անընդհատ զրույցների միջոցով փորձում ենք հասկացնել, որ խնդիրները թաքցնելը կարող է ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ:

Հասմիկ Գյոզալյան