Օրհնանքի խոսքերը ուշացած չեն լինում…

Այս պատմությունը ես լսեցի տիկին Ասյա Զաքարյանից, որի երկու որդիները՝ Արմանն ու Արսենը, ծառայել են հայոց բանակում ու պատվով տուն վերադարձել: Ավագ եղբայրը՝ Արմանը, մեկ տարվա ծառայող էր, երբ զորակոչվեց Արսենը: Եվ երկու եղբայր հայրենի հարկի տակ իրար հանդիպեցին երեք տարի անց: Երկուսն էլ ծառայում էին սահմանային տարբեր զորամասերում: Նրանց ծառայությունից արդեն անցել է 14 տարի, և անցնող տարիների հետ, երբ ամեն անգամ տիկին Ասյան վերհիշում է կրտսեր որդու՝ Արսենի հետ կապված այս պատմությունը, հուզմունքի ու տխրության հետ ոգևորություն, սեր ու հավատ է փոխանցում ներկաներին, լսողներին:

-Արմանիս՝ մեծ տղայիս, ոտքը վնասվել էր, և նոր էի վերադարձել նրա մոտից: Ամուսինս վատառողջ էր, տղաներս՝ ծառայության մեջ, և շատ հոգսեր էին ծանրացել իմ ուսերին: Աշխատում էի հացի փռում: Լուսաբացին տուն էի գալիս ու կեսքուն-կեսարթուն անցնում տնային գործերին, սակայն միշտ ուշքս ու միտքս հայրենի սահմաններն էր, որտեղ ծառայում էին որդիներս: Մի օր էլ, երբ նոր էի տուն մտել, մի զինվորական եկավ ու հայտնեց, որ կրտսեր որդիս՝ Արսենը, Նորքի հիվանդանոցում է: Մտքովս էլ ինչ ասես չանցավ՝ Հորադիզից էդ երբ հասավ Երևան, ինչ է պատահել…

Դժվարությամբ հասա Նորք, գտա հիվանդանոցը, սակայն չէին թողնում որդուս տեսնել: Միայն իմացա, որ ծանր վիճակում ուղղաթիռով որդուս հասցրել են Նորքի ինֆեկցիոն, ու անգիտակից վիճակում է: Երեկոյան կողմ ներս թողեցին: Որդիս հազիվ շնչում էր, կաթիլային էր միացված: Բուժող բժշկուհին ասաց, որ սուր դեղնախտ է, ու ճիշտ է՝ ուշացրել են, բայց լավ է, որ հասցրել են: Այսպես մի քանի շատ ծանր օրեր անցկացրեց որդիս, ես էլ՝ նրա հետ: Ու մի գիշեր ես տարօրինակ երազ տեսա՝ իբր հորաքույր Սոնեն, որը ծնվել էր մերոնց՝ Մուշից գաղթելու ճանապարհին ու իր առաքինությամբ, համեստությամբ, բարությամբ անչափ մեծ հարգանք էր վայելում ինչպես մեր գյուղի մարդկանց, այնպես էլ մեր՝ հարազատներիս շրջանում, երազիս ինձ մի խաչ տվեց ու ասաց, ավելի ճիշտ, պատվիրեց. «Կտաս Սեյրանին»:

Անցնում էին օրեր, որդուս վիճակը գնալով դեպի լավն էր գնում, արդեն իմ, բուժքույրի օգնությամբ կամաց-կամաց նորից սկսում էր քայլել: Ես երբեք չեմ մոռանում այն հոգատարությունը, սերը, որը տեսա, զգացի բուժաշխատողների կողմից որդուս հանդեպ: Հատկապես ուզում եմ հիշատակել բժիշկ Ջումշուդիչին (ոչ անունն եմ հիշում, ոչ ազգանունը, այդպես էին նրան դիմում), ուզում եմ իմ երախտիքի խոսքը ասել նրան:

Մի օր էլ հիվանդանոցի բուժանձնակազմը սպասման մեջ էր. ասացին, որ բարձրաստիճան զինվորական է գալու: Անունն էլ ասացին՝ Սեյրան Օհանյան, սակայն ես, անկեղծ ասած, չէի լսել, չէի ճանաչում նրան: Նա ձեռնափայտով ներս մտավ սենյակ ու ժպիտով հարցրեց.

-Ո՞ւր է մեր հերոս զինվորը:

Հետո բուժող բժիշկներից հետաքրքրվեց որդուս առողջությամբ: Դառնալով որդուս՝ նա հարցրեց.

– Հիմա ինչպե՞ս ես, զինվոր, ուրեմն այդ քե՞զ համար էր ուղղաթիռ թռչում Հորադիզ: Լավ է, ապաքինվում ես, ուրախ եմ,- ասաց ու դուրս եկավ սենյակից:

Ես պապանձվել-քարացել էի, ոչ մի խոսք չէի կարողանում ասել, իսկ բժիշկները իմ լռությունից զարմացած ասում էին.

-Չճանաչեցի՞ր, Սեյրան Օհանյանն է: Երբ զեկուցել են, որ տղադ ծանր վիճակում է, ուղղաթիռ է ուղարկել Հորադիզ՝ որդուդ անմիջապես Երևան տեղափոխելու համար: Գիտե՞ս՝ ինչ նվիրյալ, ինչ հայրենասեր, իր զինվորին սիրող մարդ է: Իմացիր՝ որդուդ կյանքը փրկելու համար դու նրան ես պարտական…

Իսկ ես իրոք պապանձվել-լռել էի… «Աստված իմ, իրոք հրաշքներ լինում են կյանքում և մի՞թե սա հրաշք չէր»,- մտքումս կրկնում էի ես: Ես հիշել էի երազը, իմ հորաքույր Սոնեի խոսքերը. «Այս խաչը կտաս Սեյրանին»: Ու ես այդ ընթացքում փնտրում էի որդուս՝ Սեյրան անունով փրկչին, ու մի՞թե հրաշք չէ՝ պատահաբա՞ր, թե՞ ճակատագրի բերումով հանդիպում եմ նրան արդեն կազդուրված որդուս մահճակալի կողքին, և դեմքի արտահայտությունից, ժպիտից անմիջապես հիշում եմ երազը:

Հետո երբ ուշքի եկա, հարցրի՝ իսկ ինչու՞ էր ձեռնափայտով… ու իմացա ողջ պատմությունը: Իմացա, որ մեր պաշտպանության նախարարն է: Հիմա ամեն անգամ, երբ հեռուստատեսությամբ տեսնում եմ նրան, այս պատմությունն եմ պատմում ու հիշում: Ամեն անգամ, երբ մեր պաշտպանության նախարարը քայլ է անում իր վիրավոր ոտքով, որպես մայր, սիրտս ցավում է, և ուզում եմ, որ նրա առջև միշտ ծաղիկ բուսնի, ու փափուկ գորգ լինի նրա ճանապարհին…

Անցել են երկար տարիներ: Ինձ բախտ չի վիճակվել մեր նախարարին հայտնել իմ շնորհակալությունը, իմ երախտիքի խոսքը, սակայն ասեմ, որ օրհնանքի խոսքերը երբեք ուշացած չեն լինում: Այսօր ես թոռնիկ ունեմ, որդիս առողջ է, և գիտեմ, թե ում էր կարգել Աստված որպես իմ ընտանիքի երջանկության պահապան: Ես ոչ մի անգամ չեմ կարողացել մեր նախարարին հայտնել իմ շնորհակալությունը, սակայն ասեմ, որ ես ամեն Աստծո օր իմ օրհնանքը, աղոթքներն եմ հղում մեր նախարարին՝ այդ բարի ու հայրենասեր, գրագետ հայորդուն, որի բանակը ծնկի է բերում մեր թշնամուն…

Գնել Շահնազարյան