Բուժքույրը գթության քույր է

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի թերապևտիկ բաժանմունքի ավագ բուժքույր, ավագ ենթասպա Նաիրա Օհանյանի հետ:

-Մենք այնպիսի վայրում ենք, որ պատերազմի մասին չհիշել կամ պատերազմը շրջանցել չենք կարող… Պատերազմը բոլորի սրտում չսպիացող վերքեր թողեց: Շատերին «ստիպեց» համալրել դեռևս նոր ձևավորվող բանակի շարքերը, նվիրվել զինվորական ծառայությանը: Վստահ եմ, որ զինվորական բուժքույր դառնալու Ձեր որոշումն էլ ինչ-որ կերպ առնչվում է պատերազմի հետ…

-Ես ծնունդով Հաթերքից եմ: Այո, այստեղ դժվար է գտնել այնպիսի ընտանիք, որը վերք չունենա, կորուստ չունենա: Մենք ևս ցավալի կորուստներ ունեցանք. քեռորդիս, հորեղբորորդիս զոհվել են…

Մանկուց հիվանդանոցներում շատ եմ եղել, շատ եմ առնչվել բժիշկերի հետ. առողջական խնդիրներ ունեի: Բժշկի, բուժաշխատողի աշխատանքը միշտ բարձր եմ գնահատել: Ինձ համար դա սուրբ գործ է… Աչքիս առաջ ունենալով այդ մարդկանց կերպարը՝ ընտրեցի բուժքրոջ մասնագիտությունը:

Պատերազմի ժամանակ հայրս՝ Յուրա Օհանյանը, ով Հաթերքի ջոկատից էր, ծանր վիրավորվեց: Իջել էր գյուղ՝ առաջադրանք կատարելու: Գյուղը ռմբակոծվեց… Վերքերը խորն էին: Հայրս բուժվում էր Երևանում, մենք որոշ ժամանակ այնտեղ էինք: Վիճակը ծանր էր, մենք անգամ հույս չունեինք, որ նա կապրի: Աստծո կամոք ապրեց, բայց՝ ավաղ շատ կարճ՝ ընդամենը 11 տարի… Հորս վիրավորվելը, իմ ծանր ապրումերը երևի դեր ունեցան, և երբ Ալաշանի առանձին բժշկական ջոկատում աշխատող իմ համագյուղացի բժշկուհին ասաց, որ այնտեղ աշխատելու հնարավորություն կա, անմիջապես սիրով գնացի: Հետպատերազմյան տարիներ էին: Վիրավորները շատ էին… 1997 թվականից ծառայության անցա Ալաշանի առանձին բժշկական ջոկատում: 2014-ի նոյեմբերից ԱԲՋ-ն տեղափոխվեց ներկայիս տարածք: Ես ամեն օր ապրում եմ իմ աշխատանքով: Ուրախ եմ, որ ժամանակին ճիշտ ընտրություն կատարեցի… ուրախ եմ, որ կարող եմ օգնել զինվորին, ցավը մեղմել… կդժվարանամ բառերով փոխանցել զգացածս: Թերապևտիկ բաժանմունքի ավագ բուժքույր լինելուց զատ՝ ԱԲՋ-ի հրամանատարի հրամանով այսօր նաև ԱԲՋ-ի ավագ բուժքույր եմ, ինչը պարտավորեցնող է ու չափազաց պատասխանատու:

-ԱԲՋ-ն նախորդ տարի է տեղափոխվել ներկայիս տարածք: Ես իմացա, որ Ալաշանում թե′ աշխատանքային, թե′ կեցության պայմանները, մեղմ ասած, բարվոք չեն եղել… Դուք ԱԲՋ-ի ամենաերկարամյա աշխատողն եք: Ինձ համար սա նվիրվածության օրինակ է…

– Չեմ ժխտի, դժվար է եղել: Բայց չեմ ափսոսում, որ երիտասարդ տարինես անցել են այնտեղ: Դա «արդարացում» ունի. ես կարողացել եմ օգնել զինվորին:

-Երբ հյուրընկալվեցի Ձեր տանը, Դուք ինչ-որ դեպք էիք պատմում, նկատեցի, որ բոլոր վիրավոր զինվորներին հիշում եք անուն-ազգանունով…

-Հիշում եմ բոլորին… Մենք ծանր ժամանակներ ենք հաղթահարել: Ծանր վիրավորներ ենք ունեցել: Եղել են դեպքեր, երբ մահացողի համար արտասվել ենք, ապա հաջորդ վայրկյանին ուշքի եկել ու փորձել օգնել մեկ այլ վիրավորի… Այդպիսին է մեր աշխատանքը: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, ամեն հիվանդի համար թաքուն արտասվում էի:

… Եթե ապրումներդ չթաքցնես, հիվանդն ապաքինվելու հույս չի ունենա… իսկ հավատն ու հույսը հաճախ հրաշքներ են գործում: Ընդհանրապես զինվորին միշտ պետք է ոգևորել…Նրանք հեռու են ծնողներից և պիտի զգան, որ կան մարդիկ, ովքեր, չասնեք թե փոխարինում են ծնողին, բայց փորձում են օգնել, սփոփել, քաջալերել…

-Առողջական խնդիրներ ունենալու դեպքում մարդն ավելի զգայուն է դառնում, և ծնողների, հարազատների շրջապատում լինելու ցանկությունը այնքան բնական ու մարդկային է..

– Այդ պատճառով մենք փորձում ենք ամեն բան անել, որ զինվորն իրեն միայնակ, անօգնական չզգա, մշտապես շրջապատված լինի ջերմությամբ: Գիտակցի, որ բոլորս գնահատում ենք իր ծառայությունը հայրենիքին… Մեր զինվորները սահմանապահ են, և իրենց շնորհիվ ենք գլուխներս հանգիստ դնում բարձին:

– Դուք ապրում եք ԱԲՋ-ի հանրակացարանում, որը մի քանի մետր է հեռու բուժական մասնաշենքից: Ես այստեղ եմ ընդամենը երեք օր… ես բժիշկ չեմ, բուժաշխատող չեմ, բայց երբ մեքենայի ձայն եմ լսում, անմիջապես վազում եմ լուսամուտի մոտ, որպեսզի համոզվեմ, որ եկողը շտապօգնության մեքենա չէ… Ինչպե՞ս եք կարողանում գոնե մի քանի ժամ կտրվել այս ամենից:

– Վերջերս արձակուրդ էի գնացել, բայց նույնիսկ երբ հեռու էի, չկարողացա կտրվել աշխատանքից: Մտքերով այստեղ էի, զանգահարում էի անընդհատ…

– Կհիշե՞ք դեպքեր, որոնք ամենաշատն են տպավորվել:

– Ծանր վիրավորներ ունեինք, որոնցից մեկը սպա էր… վիճակը ծանր էր: Այստեղ վիրահատվեց, ապա տեղափոխեցին Ստեփանակերտ: Ամիսներ անց նա իր ոտքով այցելել էր մեզ: Եկել էր տեսնելու, թե որտեղ են իր կյանքը փրկել: Դրանից ավելի մեծ վարձարտրություն չկա: Դա երևի երջանկության իմ բանաձևն է, որ կյանքն է հուշել…

– Հիվանդներին նաև պատշաճ խնամք է ահրաժեշտ՝ շուտ ապաքինվելու համար… ինչպե՞ս եք գնահատում միջին բուժանձնակազմի աշխատանքը:

-Այստեղ զինվորին ընդունում են որպես որդու: Դա բոլորիս պարտականությունն է: Բուժքույրը գթության քույր է…

-Երեկ ճաշարանում էի: Մայրապետերից մեկը սկուտեղը ձեռքին եկավ ու արագ-արագ ասաց՝ տվեք զինվորիս ճաշը, ես բարձրանամ…

– Վիրահատված զինվորներին, որոնք չեն կարող ճաշարան գնալ, կերակրում են հիվանդասենյակում: Այստեղ հոգատարությունը զինվորի հանդեպ բուժօգնության պարտադիր պայման է:

Հասմիկ Գյոզալյան