Բժիշկը զինվորի կողքին է

Զրույց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի բուժկետի բժիշկ-մասնագետ, բուժծառայության լեյտենանտ Արտակ Սարգսյանի հետ:

2005 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: 2011-1014 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել քիթ-կոկորդ-ականջաբան (օտորինոլարինգոլոգ(ԼՕՌ)) մասնագիտությամբ: Միաժամանակ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես ֆոնիատոր:

2014-ի սեպտեմբերից աշխատանքի է անցել Գյումրու բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան: Նույն թվականի դեկտեմբերից զորակոչվել է Զինված ուժեր՝ ծառայության անցնելով գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող մարտական հերթապահություն իրականացնող զորամասում որպես բուժկետի բժիշկ-մասնագետ:

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններից որո՞նք են առավել հաճախ հանդիպողները զինվորների շրջանում և արդյոք դրանք պայմանավորվա՞ծ են եղանակային պայմաններով:

– Առավել հաճախ հանդիպող հիվանդություններից կարող եմ առանձնացնել կատարալ անգինաները, Ֆարինգիտները, հարբուխները, ականջի հետ կապված խնդիրներից՝ խցանումները, ականջաբորբերը… Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ ավելի մեծ թիվ են կազմում անգինաները. դրանք բնորոշ են ձմեռային սեզոնին: Սակայն ինչպես գիտեք, զորամասային օղակում մի շարք միջոցառումներ են իրականացվում՝ թե′ ամառային, թե′ ձմեռային սեզոններին բնորոշ հիվանդությունները կանխելու ուղղությամբ:

-Աշխատել եք քաղաքացիական հիվանդանոցում, ապա զորակաոչվել ԶՈւ և անմիջապես այնպիսի զորամաս, որը մարտական հերթապահություն է իրականացնում, որտեղ գրեթե միշտ անհանգիստ է… Ո՞րն է, ըստ Ձեզ, զինվորական բժշկի աշխատանքի ամենակարևոր առանձանահատկությունը, ի՞նչ դժվարությունների եք բախվել:

– Զինվորական ծառայության բնույթով պայմանավորված տարբերություններ, իհարկե, կան: Ինչ վերաբերում է առողջական խդիրերին կամ պատասխաատվությանը, այդ առումով ես տարբերություններ չեմ կարող նշել: Բժշկի մասնագիտությունն արդեն իսկ պատասխանատվություն է: Սա զինվորական բուժհաստատություն է, և բացի առողջական խնդիրներից մենք մի շարք այլ հարցերի համար ևս պատասխանատվություն ենք կրում, սակայն բժշկի համար առաջին տեղում առողջությունն է: Ինձ առաջին հերթին անհանգստացնում է զինվորի առողջական վիճակը: Անում ենք հնարավորը, որպեսզի անձնակազմը չհիվանդանա… Զորամասը մարտական խնդիր է կատարում, իսկ մարտական հենակետ բարձրացող զինվորը պետք է առողջ լինի, որպեսզի կարողանա պատշաճ կերպով կատարել իր ծառայական պարտականությունները:

Իմ անցած ամիսների ծառայության ընթացքում համոզվել եմ, թե ինչպիսի արժանապատվությամբ են մեր զինվորները կարողանում հաղթահարել բոլոր դժվարությունները: Առողջական խնդիրներ ունենալու դեպքում որքան ամուր կամք են դրսևորում, որ հնարավորինս շուտ ապաքինվեն և վերադառնան շարք: Տղաները ձիգ են, կոփված, ամուր՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես… Մենք էլ պարտավոր ենք նրանց մշտապես վստահություն ներշնչել, որ ինչ էլ լինի, բժիշկը միշտ զինվորի կողքին է:

-Ձեր ծառայության ընթացքում սահմանային միջադեպեր գրանցվե՞լ են…

-Այո, վիրավորներ ունեցել ենք: Երբ ծառայության սկսզբում տեսա իմ առաջին վիրավորին, միայն այդ ժամանակ լիովին գիտակցեցի, թե ինչպիսի վայրում է իմ ծառայությունն անցնելու: Այս ուղղությամբ հակառակորդը հաճախակի է խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Եղել են դեպքեր, երբ դեպի հենակետեր տանող ճանապարհին սանիտարական մեքենան անցել է, մի քանի վայրկյան անց կրակել են հենց այդ ուղղությամբ:

-Ես իմացա, որ որպես քիթ-կոկորդ-ականջաբան այս շրջանում միայն Դուք եք..

-Փորձում եմ իմ գիտելիքներով և մասնագիտական փորձով օգտակար լինել նաև ԱԲՋ-ում, երբեմն նաև քաղաքային հիվանդանոցում: Սակայն առաջնայինը ծառայությունն է:

Հասմիկ Գյոզալյան