Հաղթանակի դրոշը վայր չդնես

Զրույց ԼՂՀ ԿՊՇ-ի հրաձգային գումարտակի բուժկետի պետ, բ/ծ ավագ ենթասպա Տանյա Առուստամյանի հետ

-Ձեր կենսագրությունը կարդալիս ինձ հետաքրքրեց Ձեր ծննդավայրի՝ Ավետարանոց գյուղի անվանումը: Որտեղի՞ց է այն առաջացել:

– Հին զրույցների համաձայն՝ մ. թ. 5-րդ դարում Աղվանքի թագավոր Վաչե Երկրորդը, իրեն նվիրելով Քրիստոսի Ավետարանին և դառնալով ճգնավոր, հաստատվել է մեր գյուղում, այստեղից էլ գյուղը կոչվել է Ավետարանոց: Ավետարանոց գյուղում է եղել նաև Վարանդայի Շահնազարյան մելիքների նստավայրը (Շահնազարյանների ապարանքներից որոշ հատվածներ մինչև այսօր պահպանվել են. դրանք ճարտապետության հիանալի նմուշներ են և տեղեկություններ են հաղորդում այդ դարաշրջանի կենցաղի վերաբերյալ): Հնում գյուղը շրջապատված է եղել անխորտակելի պարիսպներով, որոնց մի մասը պահպանվել է մինչև այսօր: Այն բաց թանգարան է երկնքի տակ…

-Գյուղը հերոսական պատմություններ կունենա:

-Մեր գյուղի, Արցախ և Հայաստան աշխարհների վերջին հերոսապատումը Արցախյան հաղթանակն էր: Երբ պատերազմը սկսվեց, հայրենիքը կորցնելու վտանգը սպառնում էր բոլորիս, և բոլորիս խնդիրն էր ազատագրել Արցախը: Հակառակորդի և մեր ուժերի հարաբերությունը հուսադրող չէր, մտահոգված էինք բոլորս, բայց մենք ունեինք ամենակարևորը՝ մարտական ոգի, հաղթելու վճռականություն…

Ինչպես Արցախի, Հայաստանի տարբեր գյուղերում, մարզերում, այնպես էլ Ավետարանոց գյուղում կամավորականների ջոկատ կազմավորվեց. այն հետագայում մասնակցեց Հասանաբադի, Լեսնոյի, Մալիբեկլուի, Քարինտակի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրմանը… Երեք եղբայրներս միացան նրանց:

Այդ ժամանակ որպես բուժքույր աշխատում էի Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Մոտ 6-7 ամիս բժիշկ Վալերի Մարությանի հանձնարարությամբ ուղեկցում էի ուղղաթիռով Երևան տեղափոխվող վիրավորներին (մեզանից յուրաքանչյուրը գիտակցում էր, որ վտանգը մեծ է, ազերիները խփում էին ուղղաթիռների ուղղությամբ, բայց ամեն թռիչքի ժամանակ միայն մի վախ ունեի՝ հանկարծ չկորցնենք վիրավորներին):

Հետագայում ես և իմ գործընկերներից շատերը՝ որպես զինվորական բուժակներ, համալրեցինք կամավորական ջոկատների շարքերը (չափազանց մեծ էր առաջին բուժօգնության անհրաժեշտությունը հենց մարտի դաշտում): Այդ ժամանակ էլ ծնվեց «բուժակ» հասկացությունը: Արցախյան պատերազմի ընթացքում չի եղել մի դեպք, երբ բուժակը չմասնակցի զորաշարժին կամ մարտական գործողությանը: Նրանք և ճակատում էին, և թիկունքում: Հայ զինվորը, սպան ավելի էին ոգեշնչվում, երբ իրենց կողքին տեսնում էին կարմիր խաչով բժշկական պայուսակը ուսին գցած բուժակին, բուժքրոջը:

… Հիշում եմ՝ երբ մեր ջոկատը գրոհելու, հարձակվելու հրաման, մարտական առաջադրանք էր ստանում, հավաքելով ձեռքի տակ եղած բոլոր բուժամիջոցները՝ կամավորականների հետ շարժվում էինք առաջ:

-Կրակել գիտե՞ք:

-Ես՝ ոչ, երբեք չեմ կրակել, բայց բժիշկներ ունեինք, որոնց մի ուսին զենքն էր, մյուս ուսին՝ բժշկական պայուսակը:

Մարտի դաշտում մարտական գործողությունների ընթացքում առաջին բուժօգնություն էինք ցուցաբերում վիրավորներին. ամենից առաջ կանգնեցնում էինք արյունահոսությունը, այլապես մինչև մոտակա դաշտային հոսպիտալ կամ Ստեփանակերտ հասցնելը կկորցնեինք վիրավորներին, իսկ բժիշկները մարտի դաշտում երբեմն նույնիսկ վիրահատություններ էին կատարում:

Երբեք չեմ մոռանա բժիշկ Հրայր Հովսեփյանին (պատերազմի տարիներին նա դեռ բժշկական ինստիտուտի ուսանող էր, բայց այնքան ուսյալ էր, որ բոլորս նրան բժիշկ էինք համարում): Մարտի դաշտում նա նաև մարտիկ էր, թշնամու թիկունք էր սողոսկում և վերադառնում էր արժեքավոր տեղեկություններով: Հրայրը երկու անգամ ծանր վիրավորվեց՝ «Նռան ձորի» ուղղությամբ ազերիների հարձակումը հետ մղելիս և 1993-ի ապրիլի 19-ին, երբ ռադիոկապով կանչ էր ստացվել, որ դիրքերում ծանր վիրավոր կա, և շտապում էր վիրավորի կյանքը փրկելու: Ասկերանի գնդի հրամանատար Վիտալի Բալասանյանի միջամտությամբ նրան տեղափոխեցին Երևան, հետո՝ Մոսկվա, և երբ Հրայրը ապաքինվեց, դարձյալ շարք վերադարձավ:

Այսպիսի նվիրումով էին ծառայում բժիշկները, բուժակները, բուժքույրերը: Բայց գիտեք՝որն էր ամենահերոսականը. ամեն վայրկյան հաղթահարելով վախը, տագնապը, ցավը՝ ցնծում էինք մեր մեծ ու փոքր հաղթանակներով, ծննդյան տոների մասին էլ չէինք մոռանում: Բնության բարիքները հավաքելով, իսկ Արցախի բնությունը անսպառ բարիքներ ունի, սեղաններ էինք բացում, ժենգյալով հաց էինք պատրաստում տղաների համար: Այդ փոքրիկ ուրախություններով փորձում էինք մեր մարտիկների ծանր օրերը մի փոքր լուսավոր դարձնել, թեկուզ մի քանի րոպեով նրանց վշտերը մեղմել, նրանց կարոտը մոռացության տալ:

-Իսկ չէի՞ք վախենում:

-Ես վախենում էի իմ եղբայրներին, իմ սիրելիներին, իմ մարտական ընկերներին կորցնելուց: Պատերազմի ընթացքում ես կորցրի երկու եղբայրներիս՝ Գարիկին ու Համլետին, երկուսն էլ 23 տարեկան էին, երբ զոհվեցին: Մյուս եղբայրս ծանր վիրավորվեց: Պատերազմի տարիներին ես կորցրեցի ամենաթանկը մոր համար՝ իմ աղջիկներին… փոքր աղջիկս մեկ տարեկան էր, ավագը՝ դեռ հինգ տարեկան էլ չկար…

-…Ինչպե՞ս ապրեցիք…

-Ճիշտ է, ես կորցրել էի իմ երեխաներին, բայց նայում էի շուրջս… մարտի դաշտում ամեն վայրկյան սարի նման տղաներ էին զոհվում՝ երիտասարդ, կյանքով լեցուն, նայում էի իմ մորը՝ որդեկորույս, զարկված ու սգավոր, ու մխիթարանքի խոսքեր էի գտնում ինձ համար…

-Ներեցեք, որ հարցնում եմ՝ ո՞րն էր Ձեր գտած մխիթարանքի խոսքը:

-…Իմ վիշտը փոքր էր… նրանց համեմատ…

-Ձեր տոկունությունը զարմացնում է ինձ…

-Պատերազմի տարիներին կորցնելով իմ սիրելիներին՝ ես մեկընդմիշտ որոշեցի մնալ հայ զինվորի կողքին՝ իմ մայրական սերը, հոգատարությունը, կարեկցանքն ու գուրգուրանքը նրան փոխանցել: Այսօր էլ նրանց հետ բարձրանում եմ մարտական հերթապահություն կատարող հենակետեր և դժվարին պայմաններում իմ պարտքն եմ կատարում:

Մինչև 1997 թ. ծառայել եմ Ասկերանի գնդում, ապա՝ Մարտակերտի հրաձգային դիվիզիայի վարչությունում, իսկ 2003 թ-ից ծառայում եմ ԼՂՀ ԿՊՇ-ի հրաձգային գումարտակում որպես բուժկետի պետ: Իմ ղեկավարած բուժկետը արդեն 9 տարի արժանանում է լավագույնի կոչմանը: Մտերիմներս կատակով ասում են՝ այդպես էլ շարունակիր, հաղթանակի դրոշը ձեռքիցդ վայր չդնես:

-Հետագայում ավարտել եք Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի լրագրության բաժինը: Սիրո՞ւմ էիք այս մասնագիտությունը:

-Սիրում էի: Դեռևս դպրոցական տարիներին սկսել եմ ստեղծագործել: Իմ առաջին ստեղծագործության հերոսը Յուրի Գագարինն էր:

-Ինչո՞ւ հենց նա:

-Ինձ ոգևորել էր նրա սխրանքը՝ ամբողջ աշխարհում նա առաջինն էր, որ տիեզերք բարձրացավ:

-Տիկին Առուստամյան, ես գիտեմ, որ հետագայում հանրապետական մամուլում բազմիցս հանդես եք եկել ռազմահայրենասիրական հոդվածներով, Արցախյան պատերազմի հերոսների՝ ազատամարտիկների և բժիշկների մասին պատմող ակնարկներով: Ինչպե՞ս ծնվեց «Սուրբ գործի նվիրված փրկիչներ» գիրքը:

– Գրքույկում իմ հուշերն են Ասկերանի պաշտպանական շրջանի գնդի բուժծառայության անձնակազմի մասին, որն իր անուրանալի ավանդն ունեցավ Արցախյան հաղթանակը կերտելիս: Ճակատային բուժօգնության ստեղծումը նախաձեռնել էր գնդի հրամանատար Վիտալի Բալասանյանը: Գնդի բուժծառայության անթիվ սխրանքները կազմակերպում և գլխավորում էր Էդուարդ Աղաբեկյանը: Իսկ բուժանձնակազմը՝ բժիշկներ, բուժակներ, բուժքույրեր, պարտքի գիտակցումով և անմնացորդ նվիրումով կատարում էին իրենց հանձնարարված բոլոր մարտական առաջադրանքները: Նրանցից շատերի մասին արդեն գրվել է, շատերի անունները գուցե ընթերցողը առաջին անգամ իմ գրքույկում կգտնի: …Ուզում էի նրանց անունները թողնել սերունդներին:

ՀԳ

«Սուրբ գործի նվիրված փրկիչներ» գրքի ակնարկները զինվորական բժիշկների մասին պարբերաբար կներկայացվեն «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ amda.am կայքում:

Էդիտա Մելքոնյան