Հանուն զինվորի կյանքի ու առողջության

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի վիրաբուժական բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար, բուժծառայության լեյտենանտ Արթուր Աղամիրյանի հետ:

2004 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2010-2013 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել վնասվածքաբան-օրթոպեդ մասնագիտությամբ: Նույն թվականի դեկտեմբերից զորակոչվել է ԶՈւ՝ ծառայության անցնելով Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում:

-Առաջնագծին մոտ տեղակայված բուժհաստատությունում յուրաքանչյուր մասնագետի ներկայությունը կարևոր է, իսկ վնասվածքաբանն առավել պահանջված մասնագետներից է… Ի՞նչ ծավալի բուժօգնություն է իրականացվում այս օղակում …

– Իմ հիվանդները հենաշարժիչ համակարգի՝ ոսկրերի, աճառային հյուսվածքների վնասվածքներ, ոսկրերի կոտրվածքներ, հոդախախտեր, ողնաշարի խնդիրներ ունեցող զինծառայողներն են: Բուժումն իրականացվում է վիրահատական և ոչ վիրահատական եղանակներով: Վիրահատական բուժում պահանջող որոշ հիվանդությունների դեպքում հետվիրահատական վերականգնողական փուլը բավական երկարատև է: Քանի որ բուժապահովումն էտապային է, առավել նպատակահարմար է, որպեսզի նման վիրահատությունները և հետվիրահատական երկար ճանապարհը զինծառայողն անցնի հաջորդ էտապում: Կախված հիվանդությունից՝ բոլոր այն դեպքերում, երբ հիվանդի հետվիրահատական բուժումը հնարավոր է կազմակերպել ավելի կարճ ժամկետներում, նման վիրահատությունները կատարում ենք ԱԲՋ-ում: Մենք այստեղ վիրահատել ենք նաև կոտրվածքներ ունեցող վիրավոր զինծառայողների, որոնց հետագա բուժումը հնարավոր է եղել կազմակերպել այս օղակում:

-Ոսկրերի կոտրվածքներն, ամենայն հավանականությամբ, առավել հաճախ հանդիպող խնդիրներից են…

– Այս պահին էլ կոտրվածքով հիվանդ ունենք, որը ստացիոնար բուժում է ստանում այստեղ: Այո, կոտրվածքներ հաճախակի են լինում. վերջ ի վերջո զինվորական ծառայություն է, թեպետ քաղաքացիական կյանքում էլ ոչ ոք ապահովագրված չէ կոտրվածքներից: Նույնը կարող եմ ասել նաև հոդախախտերի մասին: Նման խնդիրներ ունեցող հիվանդների 90 տոկոսը բուժվում է այստեղ:

Դիմում են նաև սահմանափակումներ (հիմնականում՝ հարթաթության դեպքում )ունեցող զինծառայողները: Սակայն այս խնդիրները խիստ մտահոգիչ չեն և հիմնականում բնորոշ են ծառայության սկզբնական շրջանին՝ ադապտացիայի փուլին:

-Ի՞նչ գանգատներով են դիմում հարթաթություն ունեցող զինծառայողները:

-Հիմնականում գանգատվում են ոտնաթաթի ցավերից, որն առաջանում է երկար ոտքի վրա մնալու կամ քայլելու հետևանքով: Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծանա՝ հնարավոր են նաև ողնաշարի ցավեր, գլխացավեր: Զորամասային օղակում թե′ բժիշկները, թե′ ստորաբաժանումների հրամանատարները հետևողական են, որպեսզի սահմանափակումները պահպանվեն: Օրինակ հարթաթաթություն ունեցող զինծառայողների դեպքում կրճատվում է վազքի տարածությունը և այլն:

-Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված Ձեր նշած գանգատները:

-Դրանք առավել տարածված են նորակոչիկների շրջանում: Կան զինվորներ, որոնք ֆիզիկապես թույլ են, մինչև զորակոչվելը ֆիզիկական աշխատանք չեն կատարել, ճտքակոշիկներ չեն կրել: Այդ իսկ պատճառով խնդիրները գլուխ են բարձրացնում, մինչև օրգանիզմը հարմարվում է փոփոխություններին: Այս առումով դիմելիությունը մեծ չէ: Եթե հիվանդը ցավեր ունի, դեղորայքային բուժում ենք նշանակում, ըստ անհրաժեշտության՝ ազատում ենք ֆիզծանրաբեռնվածությունից, ճտքակոշիկներ հագնելու պարտավորությունից…

– Խոսենք վիրաբուժական բաժանմունքի մասին. ի՞նչ ծավալի վիրահատական միջամտություններ են կատարվում այստեղ:

-Մենք կարողանում ենք լիարժեք կատարել մեր առջև դրված խնդիրը: ԱԲՋ-ն և անձնակազմը պատրաստ են ընդունել միաժամանակ մի քանի վիրավորների: Նման դեպքեր մենք ունեցել ենք: Ինչ վերաբերում է ծավալներին, այստեղ կատարում ենք թե′ պլանային, թե′ անհետաձգելի վիրահատություններ՝ ամենածանրից մինչև ամենաթեթևը: Մեր դեպքում ամենածանր հիվանդերը վիրավորներն են, որոնք այստեղ համապատասխան օգնություն են ստանում, ապա տեղափոխում այլ էտապ: Վիրաբուժական ծառայությունն իրականացնում ենք ես, բաժանմունքի ավագ օրդինատոր Դավիթ Մարգարյանը և ընդունման բաժանմունքի պետ Մեսրոպ Ալեքսանյանը: Ծանր դեպքերում մեզ օգնության են շտապում նեղ մասնագետներ Ստեփանակերտի, Իվանյանի հոսպիտալներից:

– Ես որքան փորձում եմ մտաբերել, նախորդ տարվա գրեթե բոլոր ծանր դեպքերը եղել են Մարտակերտի ԱԲՋ-ի սպասարկման զորամասերի պահպանման տարածքում…

-Հիմնականում այո: Հիշում եմ բոլոր դեպքերը… Չնայած ճանապարհների դժվարանցանելիությանը բոլոր դեպքերում վիրավորներն անհապաղ տեղափոխվել են այստեղ մեր բժիշկների, ինչպես նաև զորամասային օղակի բժիշկների համատեղ ջանքերով: Փորձեմ ներկայացնել, թե ինչպես է կազմակերպվել բուժօգնությունը այդ դեպքերից մեկի ժամանակ: Մարտ ամսին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել: Մեր ԱԲՋ-ի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովհաննիսյանը և վիրաբույժ Մեսրոպ Ալեքսանյանն ընդառաջ գնացին՝ վիրավորներին տեղում օգնություն ցուցաբերելու համար: Բոլորը ծայրահեղ ծանր վիճակում էին: Վիրավորներից մեկի վիճակը փոքր-ինչ կայունացնելուց հետո նրան տեղափոխեցին ԱԲՋ, իսկ բժիշկը շտապել էր մյուսներին օգնելու: 4 վիրավորները հնարավորինս արագ տեղափոխվեցին մեզ մոտ, երկուսը միաժամանակ վիրահատվեցին: Մեզ օգնեցին նաև Ստեփանակերտից ժամանած բժիշկները: Աշխատանքի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիցս: Մենք աշխատում ենք մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար սկզբունքով՝ միշտ պատրաստ օգնելու միմյանց զինվորի կյանքի ու առողջության համար պայքարում:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_7503 (Medium)
  • IMG_6172 (Medium)