Զինվորի Ճաշը մոր նման եմ պատրաստում…

Մարտակերտի առանձին բժշկական ջոկատ մեր այցելության առաջին օրը ԱԲՋ-ի հրամանատար, բուժծառայության մայոր Խորեն Ազարյանի ուղեկցությամբ շրջեցինք բոլոր բաժանմունքներում, այնուհետև այցելեցինք ԱԲՋ-ի ճաշարան, եղանք սննդի պահպանման պահեստներում:

Խորեն Ազարյանը վստահեցնում է, որ ճաշարանի աշխատանքը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Ճաշարան մտնելու առաջին իսկ րոպեներից նկատում եմ, որ սանիտարական նորմերը պատշաճ կերպով պահպանվում են, քիչ անց արդեն համոզվում եմ. շուրջս ամեն ինչ մաքուր է:

-Մեր խոհարարները սնունդը պատրաստում են այնպես, ինչպես իրենց տանը՝ փորձելով ամեն ինչ անել, որպեսզի զինվորները հաճույքով ուտեն. ժամանակին, որակով և համեղ: Զինվորները հիմնականում գոհ են մնում,- ասում է ԱԲՋ-ի պետը, ապա հավելում, -Ճաշարանի արտադրամասերը հագեցած են նոր սարքավորումներով, որոնք աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում, խոհարարներն ավելի երկար ժամանակ են ունենում սնունդը որակով պատրաստելու համար:

ճաշարանի պետ-խոհարար, ենթասպա Սուսաննա Լազարյանը ծնունդով Ստեփանակերտից է: Ամուսնացել է Վանք գյուղում, ապա ընտանիքը տեղափոխվել է Մարտակերտ: 18 տարի աշխատել է ԱԲՋ-ում՝ որպես քույր- տնտեսուհի:

Սուսաննան իմ խնդրանքով մանրամասնում է, թե ինչ սարքավորումներով է հագեցած ճաշարանը:

-Ունենք կարտոֆիլի մաքրման նոր սարքավորում, որը բավական հեշտացնում է մեր աշխատանքը: Կարտոֆիլը տեսակավորում ենք, լվանում, իսկ սարքավորումն այն կեղևազրկում է, որից հետո փոքր-ինչ մշակում ենք և օգտագործում աղցաններ, ապուրներ, խյուս պատրաստելու համար: Մեծ ուշադրություն է դարձվում նաև աղցանների արտաքին տեսքին. օգնության է հասնում բանջարեղենի կտրատման սարքը, որի միջոցով ձևավոր կտրատում ենք աղցանների համար անհրաժեշտ բանջարեղենը:

Սուսաննա Լազարյանը նշում է, որ աշխատանքը չափազանց պատասխանատու է, քանի որ պարտավոր են գոհացնել առողջական խնդիրներ ունեցող զինվորին:

-Փորձում ենք հնարավորինս համեղ պատրաստել, ունենք անհրաժեշտ բոլոր համեմունքները, կանաչեղենը,-ասում է Սուսաննան, ապա ցույց է տալիս փոքրիկ տարայի մեջ հավաքած թարմ կանաչին, կանաչ սոխը,- Զինվորի Ճաշը մոր նման եմ պատրաստում…

Զրուցակիցս նշում է, որ հատկապես հետվիրահատական շրջանում որոշ սննդատեսակներ հակացուցված են, ուստի բժիշկների ցուցումով զինվորների համար դիետիկ սնունդ է պատրաստվում :

– Ընդհանուր առմամաբ զինվորները գոհ են, սիրով են ուտում: Բողոքներ չեն եղել: Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում՝ժամը 12:00-ին, մեզ մոտ կեսօրիկ է, որի ժամանակ թխվածքաբլիթ, խտացրած կաթ, նաև սուրճ ենք տալիս զինվորներին:

Սուսաննայի ամուսինը՝ Լենսեր Լազարյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է:

-1993 թվականին ենք ծանոթացել: Ես Ստեփանակերտից ընկերուհիներիս հետ գնացել էի Գանձասարը տեսնելու, ապագա ամուսինս գյուղ էր իջել դիրքերից: Ծանոթացանք, մեկ տարի անց ամուսնացանք: Ամուսինս բուժակ է եղել, պատերազմի դաշտում օգնել է վիրավոր ազատամարտիկներին, տեղափոխել նրանց վտանգավոր գոտուց…

Նախքան խոհարար Անյուտա Մկրտումյանի հետ ծանոթանալս, արդեն ինձ պատմել էին, որ շատ համեղ է պատրաստում: Գրեթե մեկ տարի է, որ աշխատանքի է անցել առանձին բժշկական ջոկատի ճաշարանում: Համեղ պատրաստելու գաղտնիքը չափազանց պարզ է՝ այնպես եմ պատրաստում, ինչպես տանը՝ երեխաներիս համար:

– Զինվորները գոհ են մնում, -ասում է խոհարարը, – չեմ կարող մտաբերել մի ապուր, մի աղցան, որ չեն սիրում…. Հաճույքով են ուտում սիսեռով, ոլոռով, բրնձով, լոբիով ապուրները, բոլոր աղցանները: Սնունդը բազմատեսակ է: Ամեն օրվա ճաշացուցակում պարտադիր միս է ներառված: Սունդը պատրաստելիս մտածում եմ, որ իրենց մայրն եմ ու պիտի պատրաստեմ այնպես, ինչպես մայրը՝ երեխայի համար: Առողջական խնդիր ունեցող զինվորի նկատմամբ այլ վերաբերմունք հնարավոր չէ…

Զրուցակցիս ձայնը նկատելի դողում է.

-Երբ վիրավոր զինվոր ենք ունեում, ես մտովի 25 տարի հետ եմ գնում… վերապրում իմ ցավը. ինչպես կարող եմ վիրավոր զինվորի նկատմամբ ուշադիր չլինել…

Գիտեմ՝ ցավը խորն է. ամուսինը զոհվել է պատերազմի տարիներին: Երբ խնդրում եմ պատմել ամուսնու մասին, մի պահ լռում է, ապա շարունակում.

-Առաջին իսկ օրերից մասնակցել է մարտական գործողություններին: Զոհվել է 1994 թվականի ապրիլի 25-ին՝ Թալիշում: Երկու շաբաթ անց զինադադար կնքվեց: Ես չեմ տեսել նրան ու մինչև հիմա մտածում եմ՝ գուցե սխալվել են… երխաներս փոքր էին: Տղաս 4 տարեկան էր, աղջիկս՝ 2,5: Երկուսն էլ ավարտել են Արցախի պետական համալսարանը, հիմա աշխատում են:

… Հիշում եմ՝ ամուսինս տուն հազվադեպ էր գալիս, այն էլ երազի պես. գիշերը գալիս էր, առավոտյան լույսը չբացված՝ գնում: Երբեք ոչինչ չէր պատմում: Ընկերներից մեկը հետագայում պատմեց, որ մի քանի անգամ հազիվ է փրկվել գնդակից… Միշտ ասում էր՝ ինձ ոչինչ չի լինի: Աստված ինձ հետ է: Բայց թշնամու գնդակը գտավ նրան. հաղթանակից ընդամենը 2 շաբաթ առաջ…

Արդեն ճաշի ժամն է: խոհարարների հետ իջնում ենք ճաշասրահ: Քիչ անց գալիս են նաև զինվորները: Վերցնում են ափսեները և ըստ նախասիրության ստանում իրենց բաժին ուտելիքը:

Հ.Գ. Գաղտնիք չէ, որ երբեմն ծնողները ուտելիքի կապոց են ուղարկում իրենց զավակների համար: ԱԲՋ-ի պետ, բ/ծ մայոր Խորեն Ազարյանն իմ խնդրանքով պատմեց, թե ինչպես է ստուգվում տնից ուղարկվող սնունդը.

-Այստեղ բուժվող յուրաքանչյուր զինծառայող տեղյակ է, որ իր համար տնից ուղարկված սննդամթերքը պետք է ստուգվի հերթապահ բժշկի կողմից: Վերահսկողությունը սկսվում է հենց հսկիչ-անցագրային կետից, որտեղ ուտելիքի յուրաքանչյուր կապոց ներկայացվում է զորամասի հերթապահին, ով անձամբ ստուգում է ողջ պարունակությունը: Հատկապես ամառային սեզոնին վտանգ են ներկայացնում երկար ճանապարհ անցած պատրաստի ուտեստները: Ցավոք, շատ հաճախ ստիպված ենք լինում արգելել զինվորին դրանք ուտել: Դա արվում է միմիայն զինվորի առողջության պահպանման նկատառումներով,- ասում է ԱԲՋ-ի պետը:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_6283
  • IMG_6262
  • IMG_6318
  • IMG_6241
  • IMG_6266
  • IMG_6240
  • IMG_6373
  • IMG_6361
  • IMG_6364
  • IMG_6359
  • IMG_6374