Միասին ՝ թե′ տանը, թե′ աշխատավայրում

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ, բուժծառայության լեյտենանտ Արկադի Թադևոսյանի հետ:

-Նախքան ավելի գործնական հարցերին անդրադառնալը, խնդրում եմ, պատմեք Ձեր մասին:

– 2005 թվականին ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2011-2013 թվականներին կլինիկական օրդինատուրա եմ անցել՝ ռադիոլոգիա մասնագիտությամբ: 1 տարի անց զորակոչվել եմ ԶՈւ՝ ծառայության անցնելով Մարտակերտի ԱԲՋ-ում: Գրեթե տասը ամիս է, ինչ ծառայում եմ: Աշխատանքային գրաֆիկը հագեցած է. իրականացնում եմ և′ ռենտգեն, և′ ուլտրաձայնային հետազոտություններ, սակայն կարողանում եմ ժամանակ տրամադրել նաև մասնագիտական գրականության ընթերցանությանը: Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ՝ լինի պարզ, թե արտասովոր, նորից թարմացնում եմ գիտելիքներս, քանի որ միևնույն պաթոլոգիան կարող է տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ դրսևորվել: Բժիշկը պետք է միշտ պատրաստ լինի դրան…

-Դուք նշեցիք, որ իրականացնում եք և′ ռենտեգն և′ ուլտրաձայնային հետազոտություններ: Փորձենք համեմատել դրանց ծավալները:

– Ռետգեն հետազոտությունների անհրաժեշտությունը, ուստի և ծավալն անհամեմատ մեծ է: Այս հետազոտությունների դեպքում համագործակցում ենք թերապևտի, վնասվածքաբանի, վիրահատությունների ժամանակ՝ նաև վիրաբույժների հետ: Իսկ ուլտրաձայնային հետազոտությունների դեպքում՝ հիմնականում վիրաբույժի հետ, քանի որ առավել հաճախ հանդիպում են երիկամային, ինչպես նաև կույրաղիքի խնդիրներ:

– Ի՞նչ առանձնահատկություններով է օժտված ռենտգեն ապարատը:

-Ճառագայթային ախտորոշման կաբինետը հագեցած է Siemens ընկերության ժամանակակից ռենտգեն ապարատով: Այս ընկերության սարքավորումները համաշխարհային հռչակ են վայելում: Կարողանում ենք իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները՝ ամբողջ ծավալով և լիարժեք: Ունենք ավտոմատ երևակման ապարատ, որը նպաստում է աշխատանքի արդյունավետությանը. հնարավորություն է տալիս հետազոտության պատկերը ստանալ մի քանի րոպեի ընթացքում: Հատկապես երբ վիրավոր ենք ունենում, կարողանում ենք խնայել մեզ համար այդքան թանկ ժամանակը: Ունենք նաև շարժական ռենտգեն ապարատ: Ծանր վիրավորներն անմիջապես տեղափոխվում են վիրասրահ, և մինչ իրականացվում են ռեանիմացիոն գործողություններ, կատարում ենք նաև անհրաժեշտ ռենտգեն հետազոտությունները տեղում:

– Վեց ամիսը մեկ բոլոր զորամասերում իրականացվում են պլանային ֆլյուրագրաֆիկ հետազոտություններ: Գրեթե միշտ մասնագետները խոսում են դրանց արդյունավետության մասին:

– Պլանային ֆլյուրագրաֆիկ հետազոտությունների շնորհիվ հնարավոր է լինում կանխել բռնկումները: Դրանք լուծում են ևս մեկ կարևոր խնդիր. կան զինվորներ, որոնք լուրջ ուշադրություն չեն դարձնում իրենց գանգատներին և բուժկետ չեն դիմում, իսկ քանի որ հետազոտությունները պարտադիր են, հայտնաբերվում են բոլոր հիվանդությունները: Վեց ամիսը մեկ շրջում ենք ԱԲՋ-ի սպասարկման զորամասերով: Երբեմն ուղեկցում եմ լաբորանտին, երբեմն էլ նա կատարում է հետազոտությունը, ես՝ բժշկական իդենտիֆիկացիա: Եթե կան կասկածելի դեպքեր, զինծառայողը կրկնակի հետազոտություն է անցնում ԱԲՋ-ում:

-Վիրավորումներից բացի, որո՞նք են հետազոտությունների արդյունքում ամենահաճախ հայտնաբերվող խնդիրները:

– Իմ բանակային ծառայության ընթացքում ամենահաճախ հանդիպող խնդիրները թոքաբորբերն են, որոնք սեզոնային բնույթ են կրում: Անհամեմատ մեծ թիվ են կազմում ոսկրերի կոտրվածքները, որոնք երբեմն անփութության հետևանքով են առաջանում:

– Եթե ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում ուսանած զինվորական բժիշկն ի սկզբանե գիտի իր առջև դրված խնդիրները, Դուք զինվորականի ուսադիրներ եք կրում երկու տարի: Ասել է թե՝ 2 տարով Դուք զինվորական բժիշկ եք: Տարբերությունները շա՞տ են…

– Մինչև ծառայության անցնելն իսկապես չեմ պատկերացրել ինչ է ռազմական գործը… Խոստովանեմ՝ առաջին ամիսը բավական դժվար էր, քանի որ զինվորական բժշկության մեջ կան առանձնահատկություններ, որոնք քաղաքացիական կյանքում չես հանդիպի: Թռուցկաժողովների բնույթը, հերթապահության ժամանակ ճաշարանի սանիտարական վիճակի, սնունդի ստուգումը, զինվորների կարգապահության համար պատասխանատվություն կրելը, հետվիրահատական շրջանում գտնվող զինծառայողների նկատմամբ բարձր պատասխանատվությունը, ուշադրությունը: Գիշերային հերթապահության ժամանակ և առհասարակ անձնակազմի հետ կապի մեջ ենք: Փառք Աստծո, մեր բժշկական անձնակազմն ապրում է ԱԲՋ-ի տարածքում: Միշտ միասին ենք, միշտ համախմբած, պատրաստակամ՝ միմյանց օգնելու:

– Ես ծանոթացա բնակարանային պայմաններին… Վստահ եմ՝ գործը միշտ շահում է, քանի որ բոլորդ այստեղ եք՝ գիշեր թե ցերեկ… Միասին եք՝ թե′ տանը, թե′ աշխատավայրում:

– Անգամ տանը եղած ժամերին մենք ծառայում ենք, և արդյունքում իսկապես գործը շահում է: Ցանկացած պահի կարող է մեր կարիքը լինել: Բացի վիրավորումներից երբեմն գիշերային ժամերին օրինակ՝ ապենդիցիտի կասկածով զինվոր է տեղափոխվում ԱԲՋ: Անմիջապես գնում ենք՝ մեր աշխատանքը կատարելու: Միգուցե ոչ միանշանակ ընկալվի, բայց նույնիսկ ուրախանում ենք, որ զինվորը վիրավոր չէ. թող հայ զինվորի մատը փուշ չմտնի: Խոստովանեմ՝ իսկապես չեմ պատկերացրել, որ մեր բանակի բուժծառայությունն այս մակարդակի վրա է: Ես մեծ հպարտություն եմ ապրում դրա համար:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_6457 (Medium)
  • IMG_6429 (Medium)