Բժշկության ասպարեզում բացառիկ ավանդ ներդրած հումանիստ մեծ գիտնականը

Ռենտգենյան ճառագայթների հայտնագործության 120-ամյակին

1896թ. հունվարի 2-ին վիեննական «Նոյե ֆրաժե պրեսսե» («Նոր ազատ մամուլ») լրագրի հերթական համարում տպագրվեց մի հետաքրքիր լուսանկար, որտեղ երեւում էր ձեռքի դաստակը, բայց ոչ թե սովորական ձեռք էր պատկերված, այլ ոսկորներ, ինչպես կմախքինը, իսկ մատնեմատի վրա ՝ամուսնական մատանու պարզ ուրվագիծը՝ այդ ժամանակների համար սարսափ հարուցող մի տեսարան:

Հաջորդ օրը լրագրի առաջին էջում խոշոր տառերով տպագրված էր .«Վերջերս Վիեննայի մասնագետների գիտական շրջանում իսկական սենսացիա առաջացրեց ֆիզիկայի պրոֆեսոր Վիլհելմ Կոնրանդ Ռենտգենի արած հայտնագործության մասին հաղորդումը: Եթե հաղորդումը ճիշտ դուրս գա, ապա մարդկությունը կստանա ճշգրիտ հետազոտությունների դարագլուխ կազմող արդյունքներ, որոնք կհանգեցնեն նշանակալից հետեւանքների, ինչպես ֆիզիկայի, այնպես էլ բժշկության բնագավառում»:

1896թ. հունվարին՝ մի քանի օրվա ընթացքում, աշխարհի բոլոր թերթերն ու ամսագրերը տպագրեցին ձեռքի դաստակի այդ պատմական լուսանկարը, որը, ինչպես հետո պարզվեց, պատկանում էր պրոֆեսորի կնոջը՝ Բերթա Ռենտգենին. նա առաջինն էր խիզախել իր վրա փորձելու նորահայտ ճառագայթների ազդեցությունը: Նկարում պարզորոշ երեւում էր դաստակի կմախքը՝ 23 տարի առաջ իրեն նվիրված ամուսնական մատանիով:

Ու մինչ աշխարհը գտնվում էր այդ հայտնագործության շշմեցուցիչ տպավորության ներքո, համեստ հեղինակը 50 օր շարունակ մութ սենյակում միայնակ հետազոտում էր X ճառագայթների հատկությունները:

Համոզվելով իր հայտնագործության ճշմարտացիության մեջ՝ Ռենտգենը «Ճառագայթների նոր տեսակի մասին նախնական հաղորդում» վերնագրով հոդվածը մի քանի լուսանկարների, այդ թվում եւ Բերթայի ձեռքի լուսանկարի հետ ծրարում եւ ուղարկում է նշանավոր ֆիզիկոսներին:

Ռենտգենի այդ հոդվածին ծանոթանալուց մի քանի օր անց ռուս հայտնի ֆիզիկոս Պ.Ն. Լեբեդեւը գրել է.« Ֆիզիկայի բնագավառում պատմության մեջ մինչեւ Ռենտգենը (եւ Ռենտգենից հետո) դեռ երբեւէ ոչ մի հայտնագործություն աշխարհում նման արձագանք չի գտել, համընդհանուր հետաքրքրություն չի հարուցել, ինչպես Ռենտգենի կողմից հայտնագործված այդ առեղծվածային Ճառագայթները»:

Լեբեդեւը գտնում էր, որ այդ համընդհանուր հետաքրքրության բուն պատճառը պետք է փնտրել բժշկության բնագավառում ռենտգենյան ճառագայթների կիրառման ընձեռած հնարավորություններում:

Վ. Ռենտգենի հայտնագործությունը հիմք դարձավ, որ մարդու եւ կենդանիների հիվանդությունների, վնասվածքների ախտորոշումը այդուհետ կատարվի մեծ թափանցունակությամբ՝ օժտված այդ ճառագայթների կիրառության, ռենտգենաբանական հետազոտությունների միջոցով:

Ռենտգենյան ճառագայթների գործնական մուտքը բժշկության ասպարեզ

Ռենտգենյան ճառագայթների ընձեռած հնարավորությունների լուրը շատ արագ տարածվեց աշխարհով մեկ: Այդ մասին մամուլում հրապարակված հաղորդումից օրեր անց՝ 1896թ. հունվարին, Գերմանիայի Էռլանգեն քաղաքի էլեկտրաբժշկական գործարանի մի ինժեներ, այցելելով Վյուրցբուրգի ֆիզիկայի ինստիտուտ եւ մանրամասնություններ իմանալով Ռենտգենի հայտնագործության մասին, իրենց գործարանում անմիջապես սկսում է փորձարկումները եւ շատ չանցած հաջողվում է ստանալ մարդու գլխի առաջին ռենտգենանկարները:

· Նույն թվականին, հունվարի 20-ին, ամերիկյան Դորտմունդ քաղաքում բժիշկներն առաջին անգամ ռենտգենյան ճառագայթներով տեսան Էդդի Մակ Կարտի ձեռքի կոտրվածքը եւ տվեցին ճիշտ ախտորոշումը:

· Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումից ընդամենը ամիսներ անց՝1896 թ-ին, Բ.Մ. Բլեյերի կողմից առաջին անգամ ցուցադրվում է ռենտգենաախտորոշման մեթոդի կիրառման կարգը: Ու հենց նրա կողմից էլ հորինվում է ռենտգենյան ճառագայթներով լուսավորելու միջոցով մարդու ներսի օրգանների զննման սարքը՝ լուսանկարչական առաջին Ֆլյուրոսկոպը: Այդ ժամանակներից սկսած Ֆլյուրոգրաֆիան դարձավ թոքային հիվանդությունների ախտորոշման առաջատար օղակներից մեկը:

· 1898թ. ռուս վիրաբույժ Տ. Գ. Պոդրեզը աշխարհում առաջին անգամ ռենտգենաբանական հետազոտությամբ բուժվող հիվանդի սրտի պատին հայտնաբերում է հրազենային ծագմամբ օտար մարմին, կատարում դրա հեռացումը, մշակում սրտի հրազենային վերքին կարան դնելու մեթոդիկան:

Սկսվում է Ռենտգենյան ճառագայթների կիրառական-գործնական, զանգվածային մուտքը ու հաղթական երթը բժշկության ասպարեզում՝ նոր դարաշրջան բացելով նրա պատմության մեջ: Այն հեղաշրջում կատարեց ախտորոշագիտության եւ թերապիայի, ներքին հիվանդությունների բուժման գործում եւ հիմք հանդիսացավ նոր գիտության՝ ռենտգենաբանության ստեղծմանը: 1900-ական թվականներից այն արդեն կիրառվում էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում:

Շուտով դրանք գործնական կիրառում գտան նաեւ ռազմական բժշկության ոլորտում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զինվորական հիվանդանոցներում, հոսպիտալներում արդեն կազմակերպվում էին վիրավորների ռենտգենաբանական հետազոտություններ:

Պատրաստեց՝ Ա. Ա.

  • V0029523 X-ray of the bones of a hand with a ring on one finger