Կշարունակեմ ծառայել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականանցող զորամաս մեր այցելության ժամանակ զորամասային օղակում ատամնաբուժական ծառայության, առավել հաճախ հանդիպող խնդիրների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք բժիշկ-ատամնաբույժ, բուժծառայության ավագ լեյտենանտ Արթուր Գրիգորյանի հետ:

– Ես տեղեկացա, որ ծառայում եք պայմանագրային հիմունքներով և արդեն գրեթե երեք տարի` զորամասային օղակում եք: Խնդրում եմ, պատմեք Ձեր մասին…

-Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Երևանի պետական հենակետային բժշկական ուսումնարանի ատամնատեխնիկական բաժնում: 2002 թվականին զորակոչվել եմ ազգային բանակ` ծառայության անցնելով ԼՂՀ ՊԲ-ում: Ծառայությունից հետո ընդունվել եմ Երևանի «Հայբուսակ» համալսարանի ատամնաբուժական բաժին, որից հետո կլինիկական օրդինատուրա եմ անցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Այնուհետև պայմանագրային հիմունքներով ծառայության եմ անցել գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

– Զորամասային օղակում ծառայության ամենակարևոր առանձնահատկություններից մեկը թերևս այն է, որ Ձեր ծառայական պարտականությունները չեն սահմանափակվում միայն նեղ մասնագիտական գործունեությամբ: Դուք նաև մարտական հենակետեր եք բարձրանում…

– Նախքան ծառայությունն իմ պատկերացումները փոքր-ինչ այլ էին… Սկզբնական շրջանում այս ամենն ինձ համար անսովոր էր, սակայն այսօր, երբ համեմատում եմ, հասկանում եմ, որ շատ բան է փոխվել: Ես շատ մեծ փորձ եմ ձեռք բերել…

– Ես մասնագետ չլինելով` զուտ համեմատական կարգով այնպիսի տպավորություն ստացա, որ զորամասի ատամնաբուժական կաբինետը բավականչափ հագեցած է…

-Այո, մեր ատամնաբուժական կաբինետը հագեցած է բոլոր սարքավորումներով: Կարողանում ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել զինծառայողներին:

– Ի՞նչ ծավալի միջամտություններ են իրականացվում բուժկետում և ո՞ր դեպքերում եք զինծառայողին ուղեգրում հաջորդ էտապ…

-Մեր զորամասի ատամնաբուժարանում բացի վիրաբուժական միջոցառումներից մյուս միջամտությունները կարողանում ենք կատարել, քանի որ ապահովված ենք բոլոր սարքավորումներով և նյութերով:

-Իսկ դիմելիությունը մե՞ծ է… հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում:

-Աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված է: Առաջին հերթին փորձում եմ բժշկական օգնություն ցուցաբերել այն զինծառայողներին, որոնք այդ պահին մշտական տեղակայման վայրում են և 14 օր հետո պետք է հենակետեր բարձրանան, որպեսզի հերթափոխի ընթացքում գոնե ցավեր չունենան: Առավել հաճախ հանդիպող խնդիրներից կառանձնացնեի խորանիստ կարիեսը և պուլպիտը:

-Սովորաբար շատ մարդիկ դիմում են ատամնաբույժի միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին…

– Եթե խոսենք մեր իրականության մասին, միանշանակ այդպես է: Բայց զինվորները դիմում են… և դրա հիմքում, կարծում եմ, նաև վստահությունն է:

– Եղե՞լ են դեպքեր, երբ մարտական հերթապահություն իրականացնող զինվորն ատամնացավի պատճառով տեղափոխվի բուժկետ:

– Իհարկե, ըստ անհրաժեշտության հերթապահ բժիշկը զինվորին տեղափոխում է բուժկետ: Առաջին բուժօգնությունից հետո շատ դեպքերում նա կարող է հերթապահությունը շարունակել, իսկ հիմնական բուժումն իրականացնում ենք հերթափոխից հետո, եթե իհարկե վիճակն այնքան չի խորացել, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն լինի:

– Բժիշկը գրեթե միշտ իրական վտանգի մեջ է…. երբևէ մարտական հենակետեր տանող ճանապարհին մտածու՞մ եք այդ մասին:

-Բժշկի խնդիրն է անհապաղ հասնել հիվանդին. շատ դեպքերում բժիշկն իսկապես վտանգում է իր կյանքը: Հատկապես նախորդ ամռանը` հուլիս-օգոստոսյան լարված օրերին վիրավոր զինծառայողներին օգնության հասնելով` մենք հաճախ ենք հայտնվել վտանգավոր գոտում` անմիջապես թշնամու նշանառության տակ:

– Ի՞նչ եք տանելու բանակից…

– Նախ ասեմ, թե ինչի համար եմ այստեղ… ես իմ պարտադիր զինվորական ծառայությունն անցել եմ, և ինձ բանակին կապեց սերս ռազմական գործի նկատմամբ: Զինվորականի գործը միշտ եմ սիրել: Ճիշտ է` պայմանագիրս ավարտվում է, սակայն դա չի նշանակում, թե հեռանալու եմ բանակից: Անպայման ծառայությունս կշարունակեմ:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_6672 (Medium)
  • IMG_6669 (Medium)