Մեր հոսպիտալը՝ հանրապետության լավագույն բուժհաստատություններից մեկը

Հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերից լուրջ ուշադրություն է դարձվում բանակում բժշկական ծառայության ձևավորմանը, օրեցօր ընդլայնմանն ու բարելավմանը:

Իննսունականների սկզբներին, երբ թշնամին փորձում էր բարուրում խեղդել արցախցիների ազատագրական պայքարը, զինվորական հանպատրաստից հոսպիտալների վերածվեցին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մեծ ու փոքր բուժհիմնարկները: Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող մանկական հիվանդանոցում առանձնացվեց հատուկ բաժանմունք մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին ու ազատամարտիկներին ընդունելու ու բուժելու համար: Հետագայում մանկական հիվանդանոցը տեղափոխվեց հարևանությամբ կառուցված նոր շենք, իսկ նախկին շենքը վերակառուցվելով ու անհրաժեշտ սարքավորումներով լրացվելով, օր օրի արդիականացվելով ու նորանոր արհեստավարժ բուժանձնակազմով համալրվելով, դարձավ նորանկախ մեր երկրի թիվ մեկ զինվորական բժշկական հաստատությունը` ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալը:

-Հոսպիտալն այսօր, թող ինքնագովություն չլինի, հանրապետության լավագույն բուժհաստատություններից մեկն է,- ասում է հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Արամ Ասատուրյանն ու շարունակում,- հայտնի փաստ է՝ աշխարհի զարգացած պետությունների առաջին դեմքերն առողջական խնդիրներ ունենալիս վստահում և բուժվում են իրենց երկրների հոսպիտալներում: Մեր գերխնդիրը նաև դրան հասնելն է, մանավանդ, որ ինչպես ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, այնպես էլ մեր սփյուռքահայ բարերարները ոչինչ չեն խնայում բարձրացնելու և միջազգային չափորոշիչներին մոտեցնելու մեր հոսպիտալի շենքային պայմաններն ու նորագույն սարքավորումներով հագեցնելը: Հենց վերջերս մենք ավարտեցինք մի քանի բաժանմունքների հիմնանորոգումն ու նոր սարքավորումների տեղադրումը: Այսօր, այսպես ասած, զուտ զինվորական (վիրավորումներ, խեղումներ, թերապևտիկ ու նյարդաբանական խնդիրներ և այլն) հիվանդություններ բուժելուց բացի հոսպիտալում գործում են նաև բարձրակարգ ակնաբուժական, ատամնաբուժական, գինեկոլոգիական, թռիչքային փորձաքննության, դիմածնոտային և այլ բաժանմունքներ, նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիա, ախտորոշիչ բաժանմունք, վիրահատարան: Եթե նախկինում շատ հիվանդների մենք ստիպված էինք ուղեգրելու նեղ մասնագիտական կլինիկաներ, ապա այսօր այդպիսի ուղեգրումները նվազագույնի են հասցված, բուժում ենք ինքներս՝ մեր մասնագետների միջոցով: Նեյրովիրաբուժության նոր, գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են ընձեռում կատարելու ողնաշարի, ողնուղեղի եւ գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություններ, ինչը առայժմ եզակի է տարածաշրջանում: Հոդերի փոխարինումը մետաղակառուցվածքներով նույնպես ժամանակակից մեթոդ է, որն արդեն հասանելի է նաեւ մեր հիվանդներին:

Նկատի ունենալով այն, որ բանակում շոշափելի թիվ են կազմում կին զինծառայողները, ինչպես նաև տղամարդ ծառայողների ընտանիքների գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, հոսպիտալում ստեղծվել է նաև գինեկոլոգիական բաժանմունք, որը վերջերս է տեղափոխվել նոր հիմնանորոգված տարածք, համալրվել վիրաբուժական նոր սարքավորումներով:

♦♦♦

Նոր, երիտասարդ մասնագետ է հոսպիտալի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչը, որն այստեղ ծառայության է հրավիրվել «Մալաթիա» բժշկական կենտրոնից: Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ Արմեն Ենդինյանը, չնայած մեկ տարի էլ չկա, որ ղեկավարում է այս բաժանմունքը, բայց արդեն բարձրակարգ մասնագետի ու հոգատար բժշկի համարում ունի:

Ծնվել է 1976 թվականին, Երևանում, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, օրդինատուրա անցել ՌԴ Բուրդենկոյի անվան հոսպիտալում: Հայաստան վերադառնալով՝ աշխատել է քաղաքացիական կլինիկաներում:

-Ոսկի ձեռքերով բժիշկ է,- ասում է զինծառայողի մայր, նոյեմբերյանցի Սինարետ Ասատրյանը:- երկու օր է, վիրահատվել եմ, արդեն, ինչպես տեսնում եք, ոտքի վրա եմ, ողջ-առողջ: Ոչ միայն ինքն է բարձրակարգ ու հոգատար բժիշկ, այլև բաժանմունքի բոլոր աշխատողները: Ես այսպիսի սպասարկում, ջերմ ու մարդկային վերաբերմունք չէի տեսել: Մանավանդ, երբ քաղաքացիական մի քանի բուժհաստատությունում լինելուց հետո, որտեղ վիրահատվելու ու բուժվելու համար աստղաբաշխական գումարներ էին պահանջում…

Ենթասպա Հրարփի Հովակիմյանը մեկ ամիս առաջ է վիրահատվել, եկել է արդեն մտերմացած բժշկուհուն՝ Լուսինե Խոռխոռունուն այցելության, հընթացս խորհուրդներ հարցնելու (ի դեպ, Լուսինեն հայոց բանակի նվիրյալ Վահրամ Խոռխոռունու դուստրն է):

-Ամաչում եմ ասել, որ ավելի քան 10 տարի ծառայության մեջ լինելով հայոց բանակում, միայն վերջերս պատահաբար իմացա, որ մեր հոսպիտալում այսպիսի բաժանմունք և բարձրակարգ մասնագետներ կան,- անկեղծորեն խոստովանում է երիտասարդ կինը:- Ընկերուհիս նախ հանդիմանեց ինձ անտեղյակ լինելու համար, հետո խորհուրդ տվեց դիմել հոսպիտալ: Այստեղ ինձ ընդունեցին հարազատի պես: Անհրաժեշտ հետազոտությունները մեկ-երկու օրում անցնելուց հետո բաժանմունքի վարիչ Ենդինյանը վիրահատեց: Մեկ ամսից ավելի է՝ ես ինձ հիանալի եմ զգում. ո՛չ ցավ, ո՛չ տհաճ զգացողություն: Շնորհակալություն բաժանմունքի բոլոր աշխատողներին՝ մարդկային անշահախնդիր վերաբերմունքի, պրոֆեսիոնալիզմի համար:

Շնորհավորելով բոլոր զինվորական բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթենք նրանց ամուր առողջություն, անձնական երջանկություն և հաղթանակներ հիվանդությունների ու խեղումների դեմ անձնվեր պայքարում: Ձեր վաստակն անուրանալի է ու անգնահատելի, թանկագին բժիշկներ£ Շարունակեք նույն պատրաստակամությամբ ու նվիրումով ծառայել զինվորին, ուրեմն, նաև՝ մայր հայրենիքին:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

  • 2
  • 1 (1)