Դժվարությունները երբեք չեն վախեցրել

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր, ավագ ենթասպա Անուշ Միքայելյանի հետ:

-Դուք ԱԲՋ-ի ամենաերկարամյա աշխատակիցներից եք… Շուրջ 20 տարվա ճանապարհ եք անցել այս բուժհիմնարկում: Պիտի խնդրեմ նախ ներկայացնել Ձեր կենսագրությունը և ծառայողական ուղին:

-Ծնվել եմ Հաթերք գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը: Ի սկզբանե ցանկանում էի մանկավարժական կրթություն ստանալ, բայց հանգամանքների բերումով որոշումս փոխեցի:

… Բժշկական ուսումնարանի առաջին կուրսի ուսանողուհի էի, երբ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Մենք՝ առաջին կուրսեցիներս, գնացինք աղետի գոտի՝ տուժածներին մեր ուժերի չափով օգնություն ցուցաբերելու և խնամելու: Առ այսօր հիշում եմ այդ ծանր պահերը… հիշում եմ բոլորին. երիտասարդ աղջկան, որ զրկվել էր ոտքից, ընդամենը 10 ամսական Լիլիթին, որին ես երկու շաբաթ խնամեցի, բոլորին… Մենք ինքնամոռաց աշխատում էինք, անում հնարավորը… Ես այդ ժամանակ հասկացա, որ կարիքի մեջ գտվող մարդուն օգտակար լինելը կյանքում ամենակարևոր առաքելություններից է: Հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել. բուժքրոջ մասնագիտությունը դարձավ իմը: Այսօր՝ տարիներ անց, առավել քան վստահ եմ, որ այն ժամանակ ընտրության հարցում չեմ սխալվել:

Երբ ավարտեցի ուսումս, Երևանում աշխատելու հնարավորություն կար, բայց հորիցս նամակ ստացա. գրում էր, որ Արցախում ևս աշխատելու հնարավորություն կա… թեպետ պատերազմն արդեն սկսվել էր… Հորս խոսքն ինձ համար ամեն ինչից վեր է: Պատրաստվեցի վերադառնալ ծննդավայր և միայն մի քանի ամիս անց մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց հասնել Արցախ՝ ուղղաթիռով՝ կամավորականների հետ: Ինձ դիմավորեց արդեն պատերազմող Արցախը: Մեր գյուղում բժշկական փոքրիկ ամբուլատորիա կար: Այդտեղ աշխատեցի մոտ տասը ամիս: Հետո… հետո սկսվեցին Մարտակերտի ծանր օրերը…

1996 թվականին Ալաշանում ստեղծվեց առանձին բժշկական ջոկատը: Երկու տարի անց՝ 1998-ին, ես ծառայության անցա: Մենք ապրում և աշխատում էինք Ալաշանում, և միայն նախորդ տարի ԱԲՋ-ն տեղափոխվեց ներկայիս տարածք: Իմ աշխատանքային տարիների ընթացքում միշտ առաջնորդվել եմ մի քանի կարևոր սկզբունքներով՝ պարտականություններս կատարել անթերի, անել հնարավորը՝ զինվորին օգնելու համար:

-Այս օրերի ընթացքում Ալաշանի մասին շատ լսեցի….

-Հրաշալի բնություն էր… Հոսպիտալը չորս կողմից շրջապատված էր խիտ անտառով: Քիչ հեռու Սարսանգի ջրամբարն էր: Քանի որ բուժհաստատությունը հեռու էր բնակավայրերից, մենք բոլորս բնակվում էինք կացարաններում, որոնց կենցաղային պայմանները նույնիսկ չես համեմատի այսօրվա պայմանների հետ: Մենք սկզբում չորս բուժքույրերով ապրում էինք մի սենյակում: Բայց դժվարությունները մեզ երբեք չեն վախեցրել, չեն ընկճել…

-Սա անձնվեր աշխատանք է… այստեղ բուժվում են սահմանապահ զինվորներ, որոնք բարդ մարտական խնդիր են կատարում: Նրանք ամենից շատ ջերմության, հոգատարության կարիք ունեն…

-Այո, զինվորն այստեղ պետք է ջերմություն ստանա: Նա արժանի է սրտացավ, կարեկից վերաբերմունքի… իսկ այդ հարցում մեզ մեծ դեր է վերապահված: Պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որ զինվորն իրեն միայնակ, օտար միջավայրում չզգա: Ամենակարևորը՝ զինվորը պիտի գիտակցի, որ թեև իր պարտքն է կատարում, բայց իր դժվարին, անձնվեր ծառայությունը գնահատված է… որ մենք հավատում ու վստահում ենք իրեն: Զինվորը կրկին վերադառնալու է շարք, վաղը կրկին մարտական հենակետ է բարձրանալու, և այդ գիտակցումը նրան վստահություն կներշնչի: Գիտեք՝ մեր զինվորները հիմնականում ձգտում են ավելի շատ դիրքերում լինել…

– Հետվիրահատական շրջանը զինծառայողներն անցկացնում են այս բաժանմունքում… Հնարավո՞ր է լիարժեք կազմակերպել նրանց խնամքը…

– Մեր բաժանմունքում և առհասարակ ԱԲՋ-ում յուրաքանչյուրը գիտակցում է իր աշխատանքի կարևորությունը, մեր բոլոր բուժքույրերը, մայրապետերը բարեխիղճ աշխատողեր են: Շատ կարևոր են նաև պայմանները. մենք նոր վիրահատված զինվորների համար ունենք հիվանդասենյակ՝ առանձին սանհանգույցով: Նրանց ուտելիքը մատուցվում է հիվանդասենյակներում: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի զինվորը որևէ բանի կարիք չունենա և արագ ապաքինվի:

– Որքան էլ տարիների աշխատանքը, փորձը թրծում են, այնուամենայնիվ յուրաքանչյուր զինվորի ցավը դառնում է նաև Ձերը… Հիշու՞մ եք դեպք, որ ամենաշատն է տպավորվել:

-Նման դեպքերը շատ են: 1999 թվականն էր: Ծանր վիրավոր ունեինք գանգուղեղային վնասվածքով: Վիրահատեց, բայց ոչ ոք չէր հավատում, թե կապրի… Հետո նա եկավ մեզ այցելության. հրաշքով փրկված զինվորը: Մոտեցել էր բժշկին ու հարցնում էր՝ բժիշկ, ինձ չե՞ք հիշում: Եկել էր շնորհակալություն ասելու… իսկապես, կան դրվագներ, որոնք դաջվում են հիշողության մեջ:

-Ես բոլորին այս հարցը տվեցի. հոսպիտալը բուժաշխատողի համար նաև տուն է… այստեղ սա կարելի է հասկանալ ամենաուղիղ իմաստով: Իհարկե, ԱԲՋ-ի տարածքում ապրելը զուտ աշխատանքի առումով ձեռնտու է… բայց անհրաժեշտ է նաև կտրվել, հանգստանալ, թեկուզ կարճ ժամանակով…

– ԱԲՋ-ի ամբողջ շարժը մեր աչքի առաջ է օրվա ցանկացած պահի: Անընդհատ զգոն ենք, միշտ պատրաստ՝ անհապաղ օգնության հասնելու… Դա արդեն առօրեական է դարձել: Գեղեցիկ զգացողություն է, երբ գիտես, որ կարող ես օգտակար լինել…

Հասմիկ Գյոզալյան