Շնորհավոր բուժծառայողի օրը

Սիրելի բուժծառայողներ, ազգային բանակի տոնացույցում նոյեմբերի 17-ը նշվում է որպես բուժծառայողի օր: Այն մեր՝ զինվորական բժիշկներիս մասնագիտական տոնն է, և նախքան շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասելը, ուզում եմ նշել, որ մենք վաստակած հպարտությամբ ենք դիմավորում տոնը:

Մասնագիտական տոնը յուրատեսակ առիթ է հետ նայելու, արածն ու չարածը նժարելու, ապագայի պլաններ գծելու համար: Մենք՝ բանակի բուժծառայության բոլոր ստորաբաժանումները միասին, միահամուռ աշխատանքով կարողացանք պատվով դիմակայել բոլոր մարտահրավերներին, արդյունավետ աշխատել առաջնագծում, մահվան ճանկերից փրկել հակառակորդի դավադիր գնդակից վիրավորված զինվորներին, խուսափել համաճարակներից, ճիշտ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները, բարեկարգել հոսպիտալներն ու զորամասերի բուժկետերը, զինել նորագույն բուժսարքավորումներով, ի վերջո, բարձրացնել բանակի բուժծառայության ու զինծառայողների առողջապահության որակը: Մենք շարունակելու ենք կատարելագործման ընթացքը՝ ժամանակին համահունչ ու միասին, մեր շնորհակալ ու սխրալի աշխատանքով մեծապես նպաստելու ենք հզոր ու մարտունակ բանակ, խաղաղ ու աննվաճ հայրենիք ունենալու սրբազան գործին:
Շնորհավորում եմ Ազգային բանակի բուժծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում նվաճումներով լի, բեղուն աշխատանք, անձնական հաջողություններ, բարեկեցություն ու երջանկություն:

ՀՀ Զու ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյան