Շնորհավոր տոնդ, զինվորական բժիշկ

Հարգելի զինվորական բժիշկներ, այսօր ձեր մասնագիտական տոնն է՝ գեղեցիկ առիթ՝ արժևորելու բուժծառայողի հիրավի հերսական աշխատանքը, հիշելու այն դժվարին ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնց գինը զինվորի փրկված կյանքն է, վերագտած առողջությունը, նրա ուժեղ ներկայությունը շարքում: Սիրելիներս, զինվորական բժշկի ձեր խաչը ծանր է, որովհետև դուք և զինվոր եք, և բժիշկ, և պաշտպանում եք հայրենիքը, և բուժում եք զինվորին ու սպային, և թիկունքում եք, և առաջնագծում: Դուք անքուն գիշերներ եք լուսացրել զինվորի կողքին, մինչև վերջին հույսը պայքարել եք նրա կյանքի համար՝ շարունակելով Արցախյան պատերազմում ինքնազոհության ու հայրենապաշտության, արհեստավարժության ու խիզախության ոգեղեն ավանդույթները:

Մեկտեղվելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության մեջ, համատեղելով մեր ուժերը, մեր ծրագրերը, մտահղացումները, բանակն՝ ավելի մարտունակ, զինվորին՝ ավելի առողջ տեսնելու երազանքը՝ մենք կարողացանք աշխատել մեծ արդյունավետությամբ, լուծել մի շարք օրախնդիր և ռազմավարական հարցեր, «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակում ձևավորել համախոհների ու աջակիցների հզոր թիմ, որը ներառում է նաև սփյուռքի ուժերը և հնարավորություն տալիս իրագործելու ամենահավակնոտ ծրագրերը հատկապես ծառայական պարտականությունը կատարելիս վիրավորված զինվորներին բարձրորակ բուժօգնություն տրամադրելու գործում:

Մենք դատապարտված ենք հասնելու բժշկության համաշխարհային զարգացման տեմպին, մենք պարտավոր ենք ունենալու միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժծառայություն, մենք պիտի առավելագույնս օգտագործենք մեր գիտական մտքի ներուժը, որպեսզի կարողանանք դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու պատվով կատարել առողջ բանակ ունենալու հույժ կարևոր առաքելությունը:

Սիրելի բուժծառայողներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը, մաղթում եմ, որ անկորուստ անցնեք ձեր փառավոր ուղին, որ ձեր բոլոր հիվանդները ապաքինվեն, որ միշտ հաղթող դուրս գաք հիվանդության դեմ պայքարում: Թող մեր հայրենիքը խաղաղ լինի, թող մեր զինվորի գլխից մազ չպակասի, թող բոլորիդ ընտանիքներում իշխեն սերը, ներդաշնակությունն ու երջանկությունը:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան