Բուժծառայողները նշում են իրենց մասնագիտական տոնը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր ցերեկույթ՝ նվիրված բուժաշխատողի օրվան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ԼՂՀ ՊԲ ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը, պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, հոսպիտալների պետեր, հոսպիտալային և զորամասային օղակի բժիշկներ, ուսանողներ:

Միջոցառման մեկնարկին ցուցադրվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմը, որը յուրովի վերաարժևորեց զինվորական բժշկի սխրանքն ու դժվարին աշխատանքը՝ Արցախյան պատերազմից մինչև մեր օրերը, անդրադարձավ բանակի բուժծառայության պատմությանը՝ կազմավորման փուլի դժվարություններից մինչև նորօրյա ձեռքբերումներ:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը շնորհավորանքի խոսքեր ուղղեց ներկաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես նաև ուսանողներին՝ ուսանողության միջազգային օրվա առթիվ:

-Սիրելի բուժծառայողներ, այսօրը ևս մեկ առիթ է գնահատական տալու մեր դժվարին և պատասխանատու աշխատանքին, այն ջանքին ու եռանդին, որ զինվորական բուժաշխատողը ներդնում է յուրաքանչյուր հիվանդ և վիրավոր զինծառայողի ապաքինման գործում,- ասաց Կամավոր Խաչատրյանը և հավելեց. -Բուժծառայողի օրը նաև առիթ է գնահատանքի խոսքեր ասելու զինվորական բժիշկներին, բուժակներին, բուժքույրերին, մայրապետերին, սանհրահանգիչներին, ովքեր բարձր պահելով բուժաշխատողի պատիվը՝ գիշեր ու զօր անձնվիրությամբ իրականացնում են իրենց ծառայությունը:

Անդրադառնալով ռազմաբժշկական ծառայության ձևավորման փուլին՝ Կամավոր Խաչատրյանը նշեց, որ ռազմական բժշկությունը որպես մասնագիտություն ձևավորվել է Արցախյան պատերազմի տարիներին, զինվորական բժիշկները մարտի դաշտում բազմաթիվ կյանքեր են փրկել և իրենց լուրջ ներդրումն ունեն հաղթանակի կերտման գործում:

-Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այսօր ռազմական բժշկությունն իր արժանի տեղն ունի ընդհանուր առողջապահական համակարգում: Իր գոյության բավական կարճ ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունը գործունեություն է ծավալել ոչ միայն ՀՀ- ում այլև ԼՂՀ-ում: Մեր հոսպիտալներն այսօր իրենց արժանի տեղն ունեն լավագույն բժշկական հաստատությունների շարքում, իսկ որոշ տարածաշրջաններում առաջատար են համարվում,- նշեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը:

Պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղելով ներկաներին, նշեց, որ այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը խիստ ժամանակակից, նվիրյալ մասնագետներով համալրված մի համակարգ է, որը պատվով է կատարում իր առջև դրված բոլոր խնդիրները, չի բավարարվում ձեռքբերումներով և ձգտում է կատարելագործվել բոլոր ուղղություններով:

Բենիկ Հարությունյանը կարևորեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կշարունակի իր նպաստը բերել ռազմական բժշկության ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը ներկայացրեց ռազմաբժշկական ֆակուլտետի ողջ տարեգրությունը՝ ձևավորման պահից` 1994 թվականից, մինչ օրս:

Սամվել Գալստյանն ի թիվս ֆակուլտետի բազմաթիվ ձեռքբերումների՝ նշեց, որ փոխվել են ուսումնական պլանները և ծրագրերը. նրանց հիմքում դրվել է Արցախյան ազատամարտի՝ որպես յուրահատուկ տեղային պատերազմի բուժապահովման փորձը:

ՊԲ ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանն իր ելույթում անդրադարձ կատարեց Արցախյան ազատամարտին և ռազմաբժշկական ծառայության ձևավորման ակունքներին: Նրա խոսքով՝ պատերազմի դժվարին օրերին լուսահոգի բժիշկ Վալերի Մարությանի հեղինակավոր կոչով հիվանդանոցներից մի խումբ բժիշկներ կամավոր մեկնեցին մարտի դաշտ: Բուժսարքավորումների բացակայության պայմաններում նրանց կատարած գործն այնքան մեծ էր, որ վիրավոր զինվորները բժիշկ-հրաշագործների ներկայությամբ իրենց ավելի վստահ էին զգում.

– Բժիշկների և բուժքույրերի այն փոքրիկ աստղաբույլը անհնարինը դարձրեց հնարավոր՝ փրկելով հազարավոր զինվորների կյանքեր:

Հրաչ Եգորյանը գոհունակությամբ նշեց, որ ռազմական բժշկության ասպարեզում ունեցած այսօրվա հնարավորությունները տասնյակ անգամ գերազանցում են պատերազմական ժամանակահատվածում ունեցած հնարավորություններին:

Ելույթով հանդես եկավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը: Նա, շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշեց.

– Որքան էլ ժամանակը մեզ հեռացնի բանակի ռազմաբժշկական կառույցի ձևավորման սկզբնական տարիներից, որքան էլ պատերազմը դառնա հիշողություն, քանի սերունդ էլ անցնի, զինվորական բժշկի մասնագիտական տոնը նշելիս մենք չենք կարող մոռանալ այն ծանր ու հերոսական օրերը, երբ պատերազմի դաշտում անօրինակ սխրանքներ գործելով, հայրենասիրության ու նվիրումի ասքեր հյուսելով՝ զինվորական բժիշկը արյամբ էր գրում իր ծառայական կենսագրության առաջին տողերը: Խաղաղ բանակաշինութան տարիները պակաս ծանր ու հերոսական չէին բանակի ռազմաբժշկական կառույցի համար: Հետ նայելիս դժվարանում ես հավատալ, որ զինադադարի պայմաններում գտնվող բանակը, որի զորքը դեռ դուրս չի եկել խրամատներից, կարողացել է ավելի քան 20 տարի անառիկ պահել երկրի սահմանները, պաշտպանել պատերազմական նվաճումները, միևնույն ժանամանակ հսկայածավալ աշխատանք կատարել թիկունքում, արձանագրել ահռելի առաջընթաց ու ձևավորել կայացած, ներրդաշնակ ու մեծ ներուժ ունեցող ռազմաբժշկական կառույց: Ռուզաննա Խաչատրյանը իր ելույթում ներկայացրեց ասոցիացիայի մեկ տարվա կատարած աշխատանքը, որն ընդգրկում է ռազմաբժշկական կառույցի բոլոր ոլորտները:

Տիկին Խաչատրյանը իր ելույթը եզրափակեց զինվորական բժիշկներին ուղղված շնորհավորանքով, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց պաշտպանության և առողջապահության նախարարներին ու ԵՊԲՀ ռեկտորին համագործակցության և ասոցիացիայի ծրագրերին աջակցելու համար:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանն իր ելույթում նշեց, որ աշխարհի տարբեր երկներում նոյեմբերի 17-ը նշվում է որպես ուսանողության տոն, իսկ բժիշկ ուսանողների համար սա կրկնակի տոն է, քանի որ տոնում են նաև բուժծառայողի օրը: Նա ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի անունից շնորհավորեց ուսանողներին և զիվորական բժիշկներին, իր երախտագիտությունը հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհնայանին՝ մշտապես ուսանողության կողքին լինելու և աջակցելու համար:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ևս շնորհավորեց բոլոր ներկաներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

-Այսօր ոչ միայն ռազմաբժշկական ֆակուլտետն է զբաղվում ռազմական բժիշկների կրթությամբ, ընդհանուր բժշկության ֆակուլտետը ևս զբաղվում է այդ կարևորագույն գործով: Դա պատահական չէ, որովհետև ռազմական բժիշկը մարմնացում է, կերպար՝ ընդհանուր բժշկական պրակտիկայի բժշկի, որը տիրապետում է բազմաթիվ, բազմազան գիտելիքների և որն իր գործունեությունն իրականցնում է ոչ միայն մարտի դաշտում, այլև խաղաղ պայմաններում, ապահովում և ամրացնում մեր բանակի՝ սպաների, զինվորների առողջությունը,-ասաց Միքայել Նարիմանյանը:

Միջոցառումը եզրափակեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.

-Զարմանալի զուգադիպությամբ այսօր նշվում է նաև ուսանողների միջազգային տոնը, որն ըստ էության նաև երիտասարդության տոնն է,- նշեց նախարարը, զուգահեռներ տանելով երկու տոների միջև,- Մեր բուժաշխատողներն իրենց գործունեության մեջ, իրենց մտածելակերպով, իրենց արարումներում միշտ երիտասարդ են, երիտասարդ են մեր առջև դրված բազմաթիվ դժվարագույն խնդիրները կատարելու ավյունով և եռանդով, երիտասարդ են հոգով: Ասել է թե՝ սա մեր բոլորի ընդհանուր տոնն է, որն առանձնանում է բոլոր տոներից: Սա տոն է նվիրված՝ հայ մարդուն, հայ զինվորին….

Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տոն առիթ է հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին. ռազմաբժշկական ծառայությունը ձևավորվել է պատերազմի թոհոուբոհում, կատարելագործվել, և այսօր ունենք ժամանակակից պահանջների համապատասպանող ռազմաբժշկական ծառայության համակարգ:

-Թե ինչպիսի ճանապարհ եք դուք անցել, այդ մասին ամեն օր ենք խոսում: Այդ ճանապարհը՝ լի զրկանքներով, դժվարություններով, մեծ գնահատանքի է արժանի: Զինվորական բժիշկները մարտի դաշտում եղել են բժիշկ և զինվոր, անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին նետվել դեպի թշնամին, կյանքեր փրկել, շարք վերադարձրել վիրավոր մարտիկներին, միաժամանակ ռազմական խնդիրներ են կատարել:

Նախարարը նշեց, որ թեև չափազանց կարևոր են այս տարիների ընթացքում կատարված աշխատանքները՝ բոլոր ուղղություններով, բոլոր ձեռքբերումները, սակայն պակաս կարևոր չէ բժշկի հոգատարությունը. հիվանդը քաջալերվում է բժշկի բարի խոսքով, ժպիտով և հավատում, որ անկասկած բուժվելու է:

-Գոհունակույամբ պետք է նշեմ, որ մեր բժիշկները բարձր վարկանիշ ունեն նաև միջազգային ասպարզում: Հայ ռազմական բժիշկը բարձր է պահում այն նշաձողը, որը նախանշել ենք 23 տարի առաջ,-ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը կարևորեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» գործունեությունը և համագործակցությունը ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հետ՝ շեշտելով, որ այն առաջին հերթին մասնագիտական համերաշխության մթնոլորտ է ստեղծում:

-Մեր ձեռբքերումները պետք է կատարելագործենք ամենօրյա դժվարին աշխատանքի ընթացքում, քանի որ կատարելությունը սահմաններ չունի: Այս գործում դուք ճիշտ ուղու վրա եք,-եզրափակեց նախարարը:

Միջոցառման վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գերատեսչական մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին զորամասային և հոսպիտալային օղակի մի խումբ բուժաշխատողներ, ուսանողներ:

Հասմիկ Գյոզալյան

  • 2 (1) (Medium)
  • 2.2
  • 3 (1) (Medium)
  • 4 (Medium)
  • 5 (Medium)
  • 5.2
  • 6 (1) (Medium)
  • 7 (1) (Medium)
  • 8 (1) (Medium)
  • 9 (1) (Medium)
  • 10 (1) (Medium)
  • 11 (1) (Medium)
  • 12 (1) (Medium)
  • 13 (Medium)
  • 14 (Medium)
  • 15 (Medium)
  • 16 (Medium)
  • 17 (Medium)
  • 18 (Medium)
  • 19 (Medium)
  • 20 (Medium)
  • 21 (Medium)
  • 22 (Medium)
  • 22.1
  • 23 (Medium)
  • 23.1
  • 24 (Medium)
  • 24.1
  • 25 (Medium)
  • 25.1
  • 26 (Medium)
  • 27 (Medium)
  • 27.1
  • 28 (Medium)
  • 28.1
  • 29 (Medium)
  • 29.1 (Medium)
  • 30 (Medium)
  • 30.1
  • 31 (Medium)
  • 32