Լավ բժիշկը պիտի շատ վաստակի

Զրույց ԶՈՒ բուժծառայության վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի հետ

-Պարոն Խաչատրյան, սովորաբար բանակի բուժծառայության մասին խոսելիս մենք քննարկել ենք զինվորական բժշկի ծառայության որակն ու արդյունավետությունը, մասնագիտական ունակությունները, վերաբերմունքը սպայի հանդեպ ու գրեթե չենք հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիրներ ունի հենց ինքը՝ զինվորական բժիշկը, ինչպե՞ս է ապրում, հերիքո՞ւմ է վաստակածը ընտանիքին…

-Մեր գնահատականը օբյեկտիվ կլինի համեմատության մեջ: Ընդհանուր առմամբ, զինվորական բժիշկը պակաս չի վաստակում քաղաքացիական բուժհիմնարկներում աշխատող բժշկից: Խոսքը չի վերաբերում այնպիսի մասնագետներին, որոնք, այսպես ասած, նեղ մասնագետներ են և շատ պահանջված:

-Իմ կարծիքով՝ զինվորական բժիշկը շատ ավելի բարձր կենսամակարդակ պետք է ունենա, քան քաղաքացիական բուժհիմնարկներում աշխատող բժիշկը, որովհետև նա բժիշկ լինելուց բացի, նաև զինվորական է, առավոտից իրիկուն հիվանդի կողքին է, էլ չեմ ասում, որ անհրաժեշտության դեպքում կյանքը վտանգելով հասնում է հիվանդին:

-Անվիճարկելի է, որ զինվորական բժշկի աշխատանքը սխրանք է, ինքնանվիրում, հայրենասիրություն և հատկապես զինադադարի պայմաններում այն էականորեն տարբերվում է քաղաքացիական բուժհիմնարկների բժիշկների աշխատանքից: Որպեսզի մեր խոսակցությունն առավել գործնական, իրատեսական լինի, եկեք խոսենք ոչ թե այն մասին, որ զինվորական բժիշկը առավոտից իրիկուն հիվանդի կողքին է կամ կարող է հակառակորդի նշանառության տակ գնալ վիրավորին փրկելու, այլ փորձենք հասկանալ, թե ինչ է արվում, որ բարձրորակ զինվորական բժիշկը քաղաքացիական բուժհիմնարկներում աշխատող իր պաշտոնակիցների նման որակյալ բուժծառայություն մատուցելու և ինքն իրեն կատարելագործելու խթան ունենա: Ըստ նոր օրենքի՝ ՊՆ հոսպիտալներին տրվել է ռազմաբժշկական հիմնարկի կարգավիճակ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ հոսպիտալները կարող են սպասարկել նաև քաղաքացիներին, ինչը լրացուցիչ եկամտի աղբյուր է զինվորական բժշկի համար:

-Բայց այդ եկամուտը պիտի հավասարաչափ չբաշխվի…. Եթե բժիշկներից մեկը ունենում է շատ հիվանդներ իր բարի համբավի շնորհիվ, ապա արդար չէ այդ հիվանդներից ստացված գումարը հավասարաչափ բաշխել բոլոր բժիշկների միջև, ինչպես արվում է հիմա:

-Անշուշտ, լավ մասնագետը պիտի շատ վաստակի, նման բոլոր հարցերը կարգավորվելու են օրենքով, և բարձրորակ բժշկին լրացուցիչ եկամտի հնարավորություն է տրվելու: Դա կլինի արդարացի և տրամաբանական: Դրանով բարձրորակ բժշկի համար կստեղծվեն պայմաններ, որ մնա բանակում, բուժի զինվորներին ու սպաներին, միևնույն ժամանակ, իրեն արժանի չափով վաստակելու հնարավորություն ունենա: Սա նաև կխթանի կադրային ներհոսքը բանակ:

-Պարոն Խաչատրյան, բժշկությունը աշխարհի ամենաարագ զարգացող բնագավառներից է: Այն, ինչ երեկ համարվում էր առաջադեմ, վաղը կարող է ծիծաղելիորեն իր դարն ապրած դիտվել: Զինվորական բժիշկը հնարավորություն ունի՞ ինտեգրվելու բժշկության զարգացման համաշխարհային ընթացքին:

-Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, ուսումնասիրել եմ ռազմաբժշկական ծառայությունների փորձը, ներկայիս մակարդակը: Մեր բժիշկները, եթե չասեմ առավելություն ունեն, ապա հաստատ չեն զիջում ամենազարգացած երկրների բժիշկներին իրենց արհեստավարժությամբ, բժշկական էթիկայով, հիվանդի հանդեպ սրտացավությամբ: Մենք հետ ենք մնում ռազմաբժշկական տեխնիկայի ներդրման ասպարեզում: Այսօր Գերմանիայում գտնվող բժիշկը կարող է վիրահատել Ֆրանսիայում գտնվող պացիենտին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ բանակի բուժծառայությունը կատարելագործելու համար: Մեր բժիշկները մասնագիտական վերապատրաստում են անցնում եվրոպական զարգացած երկրներում: Պետք է նշեմ՝ եթե մեր ռազմաբժշկական ծառայությունը համեմատելու լինենք ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ, մենք բավականին շահեկան վիճակում ենք:

-Զորամասային օղակ է գնում նորավարտ բժիշկը, որը չունի մասնագիտական փորձառություն և սպասարկում է հազարավոր զինվորների: Որքանո՞վ է դա ճիշտ: Արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ զորամասերը համալրել ավելի փորձառու բժիշկներով:

-Ոչ, նպատակահարմար չէ: Որովհետև զորամասի բժշկի պարտականությունն է հայտնաբերել հիվանդին և անհրաժեշտության դեպքում տեղափոխել հոսպիտալ: Զորամասի բժիշկը որակավորված բուժօգնություն չի ցուցաբերում զինվորներին: ՆԱՏՕ-ի բանակներում զորամասային օղակը սպասարկում է միջին բուժանձնակազմը:

-Իմ հարցը պատահական չէր: Երբեմն պտտվում են խոսակցություններ, թե զորամասի բժիշկը հապաղել է, ժամանակին չի գնահատել գանգատների վտանգավորությունը, ինչի պատճառով հիվանդի վիճակը վատացել է:

-Կան հիվանդություններ, որոնք շատ ավելի արագ են զարգանում, քան դրանց կլինիկական ախտանիշները: Եթե հնարավոր լիներ ժամանակին բացահայտել բոլոր հիվանդությունները և բուժել, աշխարհում բոլոր մարդիկ կապրեին մինչև խոր ծերություն: Գլխացավը կարող է մինինգիտի ախտանիշ լինել, բայց մենք չենք կարող հոսպիտալացնել բոլորին, որոնց գլուխները ցավում են: Ասածս այն է, որ զորամասի բժշկի վրա մեղքեր բարդելը, մեղմ ասած, ազնիվ չէ: Մարդկանց մոտ նույն հիվանդության կլինիկական դրսևորումները կարող են տարբեր լինել, ուստի մենք նախընտրել ենք ամենափոքր, անվտանգ թվացող գանգատի դեպքում անգամ հոսպիտալացնելու մեթոդը, որպեսզի խուսափենք հնարավոր բարդություններից:

-Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ է զինվորը հիվանդանում զինծառայության ժամանակ:

-Ինչո՞ւ է մարդը հիվանդանում քաղաքացիական կյանքում:

-Վատ է սնվում, չի հետևում հիգիենայի կանոններին, վարակվում է, ենթարկվում է սթրեսների… Իմ հարցի էությունը հետևյալն է. կա՞ն հիվանդություններ, որոնք կապված են զինվորական կյանքի, ռեժիմի, կենցաղի, փոխհարաբերությունների հետ…

-Թերևս՝ սթրեսները, որոնք պայմանավորված են նոր միջավայրով, նոր կենսապայմաններով, նոր փոխհարաբերություններով… Եթե զինվորը բանակում հիվանդանում է, չի նշանակում, որ նա չէր հիվանդանա, եթե իրենց տանը լիներ: Ընդհակառակը, բանակում իրականացվում են կանխարգելիչ աշխատանքներ: Սնունդը, հիգիենան, ջերմային ճիշտ միջավայրը, արդյունավետ ֆիզպատրաստությունը, հագուստը, պարբերական բուժհետազոտությունները հնարավորություն են տալիս ստեղծելու առողջության պահպանման երաշխիքներ: Մենք 2015թ.-ին ձմռանը և ամռանը կարողացանք խուսափել սեզոնային համաճարակներից, երբ քաղաքացիական հիվանդանոցներում հոսքը իրոք շատ մեծ էր: Չունենք հիվանդության հետևանքով մահվան և ոչ մի դեպք: Սրանք արդյունավետ աշխատանքի ցուցիչներ են:

-Միջին բուժանձնակազմի դերը շատ մեծ է հիվանդի ապաքինման գործում, որովհետև հիվանդի խնամքով հենց նրանք են զբաղվում: Անկեղծ ասած՝ ես չեմ տեսել, որ Հայաստանի բուժհիմնարկներում բուժքույրերը սրսկելուց բացի ուրիշ ծառայություն մատուցեն հիվանդին…

-Չեմ կարող չհամաձայնել, որ ուշադրությունը սևեռելով բժիշկների աշխատանքի վրա՝ մենք հետին պլան ենք մղել հոսպիտալների միջին բուժանձնակազմի կատարելագործման խնդիրը, բայց այսօր փորձում ենք բացը լրացնել:

-Նկատե՞լ եք, որ դժգոհությունների հիմնական մասը հասցեագրվում է միջին բուժանձնակազմին՝ սկսած տարրական պահվածքից մինչև մասնագիտական պատրաստվածությունը:

-Մենք ունենք միջին բուժանձնակազմի վերապատրաստման ծրագիր, որոշ ժամանակ անց կփորձենք ատեստավորման միջոցով կադրային համալրում իրականացնել և առկա չափորոշիչներին չհամապատասխանող կադրերին փոխարինել նոր, առավել բանիմաց, երիտասարդ մասնագետներով: Մենք պիտի որդեգրենք բուժսպասարկման նոր մշակույթ, ըստ որի՝ ամեն ինչ նպատակաուղղվում է հիվանդի արագ ու համակողմանի ապաքինման գործին, հիվանդն արժանանում է առավելագույն խնամքի ու հոգածության:

-«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ գործում է թեժ գիծ: Շա՞տ են զանգերը, և ինչի՞ մասին են ահազանգում մեր քաղաքացիները:

– Թեժ գիծը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում մեր աշխատանքում. զանգերի մի մասը ծնողի անհարկի մտավախությունների արդյունք է: Ասենք՝ ծնողը չի ցանկանում, որ իր որդուն վիրահատեն կայազորային հոսպիտալում, և ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի կենտրոնական հոսպիտալում, մտածելով, որ մայրաքաղաքային հոսպիտալը ավելի հուսալի է: Կամ որդին ունի ինչ-որ հիվանդություն, զորակոչվել է սահմանափակումով, և ծնողը ցանկանում է, որ նա լրացուցիչ բուժզննում անցնի և այլն… Բայց, երբ տասնյակ ահազանգերից մեկն էլ հիմնավոր է լինում ու հնարավորություն է տալիս կանխելու հիվանդության բարդացումը, ապա մենք մեզ վարձատրված ենք համարում, և թեժ գծի առկայությունը՝ արդարացված:

-Պարոն գնդապետ, շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ամբողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ արդյունավետ ծառայություն և անձնական երջանկություն:

-Շնորհակալություն: Ես նույնպես շնորհավորում եմ բոլոր բուժծառայողներին, մաղթում եմ առաջին հերթին խաղաղ հայրենիք, աշխատանքային նվաճումներ, բարեկեցություն ու բազում հաջողություններ:

Գայանե Պողոսյան