Հաղթում է միասնությունը

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի ընդունման բաժանմունքի պետ, բուժծառայության լեյտենանտ Մեսրոպ Ալեքսանյանի հետ:

-Դուք ծնվել ու մեծացել եք այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորը բժիշկներ են… Ենթադրում եմ, որ դա մասնագիտության ընտրության հարցում ծանրակշիռ դեր է ունեցել… Խնդրում եմ պատմեք Ձեր և Ձեր ընտանիքի մասին:

– Հարազատներիս մեջ ևս բժիշկները շատ են: Հայրս վիրաբույժ է եղել, մայրս մանկաբույժ է, ավագ եղբայրս՝ վիրաբույժ, կրտսերը՝ ատամնաբույժ, հորեղբայրս, դուստրը դեղագործներ են… Հատկապես ծնողներիս մարդկային նկարագիրը, մասնագիտությանը նրանց նվիրվածությունն ինձ համար միշտ օրինակ են եղել… Զարմանալի կլիներ, եթե այսպիսի միջավայրում մեծանալով՝ ես այլ նախասիրություններ ունենայի: Բժշկության հանդեպ հետաքրքրությունս, բժշկի նկատմամբ ակնածանքս կանխորոշեցին ճանապարհս:

2004 թվականին ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2010-2013 թվականներին կլինիկական օրդինատուրա եմ անցել՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, որից հետո զորակոչվել եմ ազգային բանակ՝ ծառայության անցնելով ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում որպես բուժկետի բժիշկ-մասնագետ, ապա՝ ԱԲՋ-ում:

-Զինվորական բժշկի ծառայությունն առանձնահատուկ է նրանով, որ բացի բժշկական գործունեությունից մի շարք այլ պարտականություններ է ենթադրում: Դժվար չէ՞ր երիտասարդ մասնագետի համար համատեղել սպայի և բժշկի պարտականությունները…

-Հիմա, երբ փորձում եմ հիշել իմ ծառայության ընթացքը, հատկապես սկզբնական շրջանը, կարող եմ ասել, որ հեշտ չի եղել: Ժամանակի ընթացքում հարմարվել եմ, փորձել հավատարիմ մնալ այստեղ ձևավորված ավանդույթներին: Մեզ՝ բժիշկներիս համար առաջնայինը զինվորին առողջություն պարգևելն է: 2 տարվա ընթացքում ձգտել եմ իմ մասնագիտական կարողություներով օգտակար լինել բանակին: Շուտով զորացրվելու եմ:

-Բարդ տեղանքում եք ծառայում, լարվածությունը մեծ է… մի քանի օրվա ընթացքում ինքս ականատես եղա…

– Սկզբում այսչափ լարվածությունն անսովոր էր, անծանոթ… ժամանակի ընթացքում դա ևս դարձավ առօրեական: Ամենալարված օրը այս տարվա մարտի 19-ն էր, երբ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ ունեինք: Ես և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արման Հովհաննիսյանն ընդառաջ գնացինք: Տեղում կազմակերպեցինք անհրաժեշտ օգնությունը, ապա վիրավորներին տեղափոխեցինք ԱԲՋ և մյուս գործողությունները շարունակեցինք տեղում…

Կյանքի համար մղվող համառ պայքարում հաղթում է բժիշկների միասնությունը, համախմվածությունը, մի բռունցք դառնալը: Մեզ անհապաղ օգնության են հասնում զինվորական հոսպիտալներից: Կարևորում եմ նաև համագործակցությունը քաղաքային հիվանդանոցի հետ:

-Ահետաձգելի վիրահատություններից բացի վիրաբուժական պրոֆիլի ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում, և ինչո՞վ է դա պայմանավորված:

-Պոչուկի շրջանի էպիթելային ուղիները, աճուկային ճողվածքները, շտապ դեպքերից՝ սուր ապենդիցիտը: Դրանք պայմանավորված չեն ծառայության բնույթով: Առհասարակ բոլոր նշված հիվանդությունները նաև քաղաքացիական կյանքում են հաճախ հանդիպում:

-Ձեր ծառայությունն անցնում է հեռավոր շրջանում, մի վայրում, որը բավական կտրված է… այս պայմաններում ո՞րն է ամենաակնառու դժվարությունը, որին բախվում եք:

– Ժամանակ առ ժամանակ մենք նեղ մասնագետի խորհրդատվության կարիք ենք ունենում…

– Ծառայության ավարտին հաշված օրեր են մնացել: Նշեցիք, որ երկու տարվա ընթացքում ձգտել եք Ձեր կարողություններով օգտակար լինել բանակին: Եթե փորձենք ամփոփել ացած երկու տարիները, ի՞նչ տվեց ծառայությունը Ձեզ:

– Նոր գործընկերներ, ամուր ընկերություն…

Հասմիկ Գյոզալյան

  • 2 (Medium)
  • 1 (Medium)