Ռենտգենյան ճառագայթներ՝ փոստով

Գերմանիացի մեծ գիտնական, ֆիզիկայի գծով աշխարհում նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը(1845-1923թթ.) մի անգամ նամակ է ստանում այսպիսի բովանդակությամբ. «Պարոն Ռենտգեն, խնդրում եմ Ձեր հայտնագործած ճառագայթներից մի քիչ ուղարկեք իմ կրծքում մնացած ատրճանակի գնդակի դիրքը որոշելու համար: Ես շատ զբաղված եմ եւ այդ պատճառով էլ չեմ կարող անձամբ գալ Ձեզ մոտ: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը »: Մեծ գիտնականը նրան պատասխանում է.« Հարգարժան պարոն, ցավում եմ, որ այժմ ինձ մոտ չկան այդ ճառագայթները, որոնք լուսավորում են մարդու օրգանիզմը: Բացի դրանից, ճառագայթներ ուղարկելը մի փոքր դժվարության հետ է կապված: Լավ կլիներ, որ Դուք գործը հեշտացնելու համար Ձեր կրծքավանդակն ուղարկեք փոստով: Խոստանում եմ այն ստանալուց հետո անմիջապես հետազոտել: Ընդունեցեք հարգանքներիս հավաստիքը: Վ. Կ. Ռենտգեն»:

Չորս «Հումորները»՝ առողջության գրավական

«Հումոր» բառը իր ծագումով հունական է, բայց այն գործածվել է բժշկական իմաստով: Անտիկ բժիշկները գտնում էին, որ մարդու վիճակը պայմանավորված է չորս հեղուկների (արյուն, ավիշ, դեղին եւ սեւ լեղի) հարաբերակցությունից:

Ամեն այդպիսի հեղուկ կոչվում էր «հումոր»: Եթե այդ չորս բոլոր «հումորները» գտնվում էին իդեալական հավասարակշռության մեջ, ապա մարդուն կարելի էր առողջ համարել: