Թագավորական գարնանածաղիկը օգնեց բժիշկներին

Կենսաբաններին խիստ հետաքրքրում էր Ինդոնեզիայի Ճավա կղզում, հրաբխային սարերի լանջերին աճող մի հիասքանչ բույս, որը կոչվում էր թագավորական գարնանածաղիկ (կամ՝ մահվան ծաղիկ): Զարմանալին այն է, որ այս ծաղիկը իր մյուս գարնանածաղիկ քույրերից զանազանվում է նրանով, որ ծաղկում է միայն հրաբխի ժայթքման նախօրյակին եւ տեղաբնակներին զգուշացնում մոտալուտ աղետի մասին:

Ինչպե՞ս է պատահում, որ բնության այդ հրաշք ստեղծագործությունը երբեք չի սխալվում: Հանելուկի այս լուծմամբ զբաղվեց Ե. Կոնովալովը եւ ահա թե ինչ պարզեց: Գիտնականը գիտեր, որ երկրաշարժի ժամանակ ծագում են գերձայնային ալիքներ: Արդյո՞ք դրանք չեն արագացնում արմատից գնացող հյութերի շարժումը եւ ստիպում գարնանածաղկին ծաղկելու ավելի վաղ, քան նրա քույրերը կծաղկեն հրաբխալեռներից հեռու վայրերում: Կոնովալովի ենթադրությունը հաստատվեց փորձերով:

Իսկ ի՞նչ տվեց այդ հայտնագործությունը բժշկությանը: Պատրաստված է հատուկ սարք, որի օգնությամբ գերձայնային ալիքները օգնում են բուժելու այնպիսի վտանգավոր հիվանդություն, ինչպիսին արյան խցանումն է: