Հակահարված

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, ԼՂՀ վաստակավոր բժիշկ Սերգեյ Օհանյանը:

…Տարօրինակ լռություն է ռազմաճակատում: Վիրավորներ չեն բերում: Օրը մթնում է: Եվ արդեն անելիք չկա: Պիտի պառկես… մինչև քունը հաղթի: Փակում եմ աչքերս: Մարմինս առույգ է, բայց միտքս՝ հոգնած: Հազար ու մի բաներ եմ մտածում, տղաներից՝ Խոսրովից ու Գագիկից, լուր չունեմ: Փոքրս կնոջս հետ է՝ «թիկունք ենք ուղարկել»: Չգիտեմ՝ Հադրութում ինչպես է դրությունը, ինչ են անում հարազատներս: Խառնակ պատկերներ են գալիս աչքիս. հրդեհ է, բոցը մոտենում է, մի քիչ էլ՝ կճարակի զավակներիս, ինձ, կնոջս: Բոլորիս: Խայթվածի պես վեր եմ թռչում կոշտ մահճակալից: Ծխնիները խուլ տնքում են:

Բակի նստարանին մեկը, արար աշխարհից վերացած, կիթառ է ծլնգացնում: Անաստվածը վատ է նվագում՝ վարժություն անելու պես, ամառային ծղրիդի նման, որ միալար նյարդեր է սղոցում: Մոտենում, գրեթե խլում եմ կիթառը: Լարերը սուր ծլնգոցով կտրվում են: Ձեռքիս մնում է փայտամասը. ջահել տղա էր «նվագողը»:

-Նկուղից էի գտել,- արդարացավ,- ուզում էի վերհիշել մի եղանակ, որը վատ նվագելու համար, երբ երաժշտական դպրոց էի գնում, մայրս միշտ կշտամբում էր:

Ու այնպես խեղճ, հուսակտուր է նայում, որ ինձ վատ եմ զգում: Թվում է՝ այդ երեխա-զինվորի հուշն եմ վիրավորել, խզել նրա կապը անհոգ մանկության հետ: Հեղձուկը բռնում է կոկորդս: Այլևս անհնար է դիմանալ: Եվ որպեսզի նա չտեսնի թուլությունս, անխոս շրջվում եմ՝ մենակության մեջ կուլ տալու ծանր արցունքը:

…Մղձավանջային գիշեր է: Մութուլուսին դուրս եկա բակ: Երկինքը մութ էր՝ կապարի պես ծանրացած: Անձրև է գալու՝ անցավ մտքովս, հետո մտածեցի՝ ինչ տարբերություն… մի ամբողջ լեռնաշխարհ վառվում է թուրքի կրնկի տակ, այդ պուտ-պուտ անձրևն ինչ պիտի անի, կհովանա՞ երկրի սիրտը: …Անընդհատ հաշվում եմ սեփական քայլերս: Սա ի՞նչ տարօրինակություն է: Մի՞թե նյարդերս սկսել են տեղի տալ: Մի անորոշ ծանրություն է նստել սրտիս, դառը կանխազգացում: Շրջեցի հիվանդասենյակներում, փորձեցի ցրել մռայլը: Չէ, չի լինում, ոչ մի խոսակցություն չի կպչում:

Ամպերն ավելի են ծանրացել, երկինքը սևակնած է, բոթաբեր: Խելագար թափով մի «Նիվա» եկավ, ճռնչալով արգելակեց: Դուրս վազեցինք: Աչքս ընկավ մեքենայի ետևի նստատեղին. ծանոթ մազափունջ էր: Արագ մոտեցա: Վարորդն ու ուղեկիցը իջեցնում էին… Լեոնիդն էր… անկենդան… Պառկեցրին պատգարակի վրա ու կարծես արդարանալու պես պատմում էին, որ չեն կարողացել որևէ կերպ օգտակար լինել անզուգական մարտընկերոջն ու քաջասիրտ հրամանատարին: Քամին անարգել խառնում էր հրամանատարի մազափունջը…

Անձրև սկսվեց, մեծ կաթիլներով, տաք անձրև: Երկինքն էլ սգում էր Լեոնիդ Ազգալդյանի մահը:

Օրեր անց մեր բուժաշխատողներից մեկը լուր բերեց, որ Մարտակերտի հիվանդանոցի դիարանում ականից զարնված, բզկտված դիակներ կան: Նրանց մեջ էր նաև Վագիֆ Գալստյանը: Սոսկալի հրետակոծության պատճառով հնարավոր չէր եղել նրա դիակը հասցնել տուն՝ Կուսապատ: Մեր վարորդներից Սամսոնը գիշերով հասավ Մարտակերտ, Վագիֆի դիակը հասցրեց Կուսապատ: Հուղարկավորեցինք զինվորական պատվով, ինչին Վագիֆն արժանի էր:

Այս ինչ սոսկալի շրջան էր. մի քանի օրվա տարբերությամբ զոհվեցին Վլադիմիրը, Լեոնիդը, Վագիֆը… Երեք հերոս կորցրինք, ում հետևից գնում էին հարյուրավոր մարտիկներ: Շրջանի ինքնապաշտպանական ուժերը ասես որբացան: Իսկ հակառակորդը առաջ էր սողում, արդեն ընդհուպ մոտեցել էր Մարտակերտ քաղաքին, գրավել Թալիշը, Մատաղիսը… Մաղավուզը դատարկվել էր: Ժողովուրդը անկազմակերպ հոսում էր դեպի անհայտություն:

Կուսապատում հարյուրավոր վիրավորներ ընդունեցինք, Ստեփանակերտից մեզ օգնության էին եկել մի խումբ բժիշկներ՝ Կարեն Բազիյանը, Սերգեյ Մովսիսյանը, բուժքույրեր: Երկու օր մեզ մոտ մնալով՝ նրանք տեղափոխվեցին Մաղավուզ, որտեղ կռվում էր Աշոտ Ղուլյանի ջոկատը: Որոտներն ավելի ու ավելի ազդու էին հնչում: Ճակատային գծից ոչ մի հուսադրող լուր: Ամենուր մերոնք նահանջում էին: Խուճապ էր:

-«Մանուշակը» X-ին,- ծանոթ ձայներից սարսռացի՝ նախազգալով, որ բոլորովին էլ բարի չէ կանչը:

-X, «Մանուշակը» լսում է:

-Ձեր նոր տեղակայման վայր է նշանակված Դրմբոնը: Ընդունեցի՞ր:

-Ընդունեցի, X:

-Ուրեմն՝ կատարեք:

…Գնում ենք դանդաղ, սգո թափորի պես: Մեզ հասնում, անցնում են տարբեր մեքենաներ: Ճանապարհին հանդիպում ենք վիրավորների, վերցնում ենք նրանց: Դրմբոնը ռմբակոծվում է: Հրետանին կրակում է նաև Հաթերքի կողմից: Ուրեմն Քելբաջարից թուրքերն առաջ են շարժվում: Թարթառի հովիտն էլ ժամ առ ժամ դատարկվում էր: ճանապարհի փոշին Չլդրանի ուղղությամբ չէր նստում:

-«Մանուշակ», տեղափոխվում ենք Ստեփանակերտ:

Վերջ: Թուրքը մտել էր շրջկենտրոն: Հաթերքն ընկել է: Կուսապատը՝ նույնպես: Օղակը սեղմված է: Բաց է միայն մի ճանապարհ՝ Խաչենի կամրջով դեպի Սեփանակերտ, և բոլորն են շտապում այնտեղ: Մի օրում տունուտեղից զրկված տասնյակ հազարավոր մարդիկ….. ոչ դեպի ետ, ոչ դեպի առաջ… ճանապարհ չկար: Ետևում հրկիզված գյուղեր էին, առջևում՝ անորոշությունն ու արգելքը: Առողջապահության նախարարությունը Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի շենքում աշխատասենյակ հատկացրեց մեզ՝ տեղում կազմակերպելու բռնագաղթած բնակչության բուժսպասարկումը: Համաճարակների վտանգը մեծ էր: Մարդիկ ապաստան էին գտել քաղաքի դպրոցների, մանկապարտեզների շենքերում, իսկ հազարավոր մարդիկ էլ պարզապես մնացել էին բաց երկնքի տակ:

Սակայն հուլիսի կեսերին Մարտակերտ վերադառնալու հույս ծնվեց. համընդհանուր խուճապն անցել էր: ԼՂՀ իշխանություններն ու պաշտպանության բանակի հրամանատարությունը ձեռնամուխ եղան թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործին: Խնդիր դրվեց, որ շրջանի ղեկավարությունն ու համապատասխան ծառայությունները հաստատվեն Առաջաձորի ենթաշրջանում: Շրջանային հիվանդանոցի վայր ընտվեց Չլդրանը: Մեր ինքնապաշտպանության ուժերը հակահարձակման էին անցել Հաթերքի և շրջկենտրոնի ուղղությամբ, և մենք՝ բժիշկներս, պետք է լինեինք ճակատային գծին որքան հնարավոր է մոտ: Հուլիսի 21-ին հասանք Չլդրան, ուր որևէ լուրջ խոչընդոտի չհանդիպեցինք . կար բավական հարմար շենք, ունեինք դեղորայք, սարքավորումներ, վիրակապական նյութեր: Բուժանձնակազմից ոչ մեկը չէր լքել հայրենիքը: Հենց առաջին օրն էլ սկսեցինք վիրավորներ ընդունել: Կրկին մտանք մեզ համար սովորական աշխատանքային մթնոլորտի մեջ՝ հուսալով, որ հեռու չէ այն օրը, երբ հարազատ գյուղերն ու շրջկենտրոնը կազատագրվեն թշնամուց: Չէ՞ որ մեր զինվորները կարողացան մի քանի օրում վերանվաճել Թարթառի ողջ հովիտը, փակել Քելբաջար տանող խճուղին և ընդհուպ մոտեցան Մարտակերտին: Ճակատի այդ հատվածի հրամանատարն էր Սեյրան Օհանյանը: Շուտով ստացանք նրա կարգադրությունը՝ տեղաշարժվել և հոսպիտալ ստեղծել Ալաշանում: Դա արդեն առաջին գծին շատ մոտ էր: Մարտերն ընթանում էին Մեծ Շեն-Ներքին Հոռաթաղ ուղղությամբ:

Ալաշանում մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի կարողանայինք նախկին պիոներական ճամբարի շենքում մի քանի սենյակ հարմարեցնել: Հակառակորդն անդադար գնդակոծում էր այդ տարածքը, որը ռազմական մեծ նշանակություն ուներ Սարսանգի հիդրոհանգույցի վերահսկողության համար: Առանձնակի դաժանությամբ աչքի էր ընկնում թշնամու օդուժը: Օրվա մեջ պարբերաբար հինգ-վեց անգամ մարտական ինքնաթիռները հարվածում էին մեր պաշտպանական դիրքերին, ռմբակոծում էին ճանապարհները: Ալաշանում հանգրվանեցինք շատ կարճ՝ ընդամենը տասն օր , բայց այդ ժամանակահատվածը ինքնահաստատման առումով ավելին արժեր. սկսվել էր Մարտակերտ քաղաքն ազատագրելու գործողությունը:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)