Դիրքապահ զինվորի հանդեպ առանձնահատուկ ուշադիր ենք…

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար, բուժծառայության լեյտենանտ Արման Հովհաննիսյանի հետ:

2005 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2011-2013 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել՝ մանկական անեսթեզիոլոգիա-ռենաիմատոլոգիա մասնագիտությամբ, որից հետո զորակոչվել է ազգային բանակ՝ ծառայության անցնելով Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում:

-Մասնագիտական փորձն, անշուշտ, թրծում, հոգեպես ամրացնում է բժշկին, սովորեցնում ամենաբարդ իրավիճակներում անգամ սառնասիրտ լինել, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ տագնապներ, ի՞նչ զգացողություններ է ունենում բժիշկը հիվանդին անզգայացնելուց առաջ:

-Յուրաքանչյուր հիվանդի հետ նույն ապրումները, անհանգստությունը, լարվածությունը… Ես դա օրինաչափ եմ համարում. հիվանդին անզգայացնելն ու արթնացնելը փոքրիկ «փորձություն» է, որն ամեն անգամ հաղթահարում ենք: Եվ յուրաքանչյուր անգամ պատասխանատվության ու լարվածության չափը նույնն է:

-Նախքան Ձեզ հետ զրուցելը, ԱԲՋ-ի հրամանատարը, բժիշկները բազմաթիվ միջադեպեր հիշեցին, պատմեցին, որ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Դուք եք ընդառաջ գնում դիրքերից տարհանվող ծանր վիրավորներին, օգնություն ցուցաբերում, տեղափոխում առանձին բժշկական ջոկատ…

– Զորամասերից անմիջապես կապ են հաստատում և տեղեկացնում միջադեպի, ինչպես նաև վիրավորի վիճակի մասին: Ընդամենը հաշված րոպեների ընթացքում մեր խումբը ճանապարհ է ընկնում… տեղում կատարում ենք անհրաժեշտ բոլոր գործողությունները, ապա վիրավորին արագ տեղափոխում ԱԲՋ: Բոլոր դեպքերում, անկախ վիրավորի ծանրության աստիճանից՝ մենք պարտադիր ընդառաջ ենք գնում, կրճատում տարածությունն ու խնայում ժամանակը: Ծառայությանս ընթացքը բավական լարված է եղել…

-Ես տեղեկացա, որ ամիսներ առաջ ԱԲՋ-ին Toyota land cruiser մակնիշի նոր ամենագնաց է հատկացվել՝ կահավորված որպես շտապօգնության մեքենա…

-Մեքենան շատ կարևոր ձեռքբերում է: Այն ապահովված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող բոլոր սարքավորումներով: Վիրավորին հասնելու պահից անգամ եթե նա ծայրահեղ ծանր վիճակում է, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ունի, մենք կարողանում ենք կատարել այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են մասնագիտացված բուժհիմնարկում: Մեքենայի հնարավորությունները թույլ են տալիս ոչ ստացիոնար պայմաններում լիարժեք օգնություն ցուցաբերել: Բացի դրանից՝ այն կարողանում է դժվարամատչելի ճանապարհներ հաղթահարել, հնարավորինս մոտենալ վիրավորին:

-Խնդրում եմ, խոսենք նաև վիրահատա-վերակենդանցման բաժանմունքի հագեցվածության մասին…

– Բաժանմունքը հագեցած է բոլոր սարքավորուներով՝ վիրահատության ընթացքում, հետվիրահատական շրջանում գտնվող, ինչպես նաև ռեանիմացիոն հիվանդներ վարելու համար: Ապահովված ենք գերժամանակակից արհեստական շնչառության ապարատներով, մոնիտորներով, անզգայացման սարքերով, ինֆուզամատներով, դեֆիբրիլիատորներով… Բաժանմունքն իր հագեցվածությամբ չի զիջում մայրաքաղաքային լավագույն բուժհիմնարկներին:

– Գրեթե միշտ մարդկանց անհանգստացնում է անզգայացնող դեղորայքի որակյալ լինելը…

– Բանակում կիրառվում է այնպիսի անզգայացնող դեղորայք, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում:

-Գաղտնիք չէ, որ առավել հաճախ հիվանդի տագնապները կապված են անզգայացման, քան բուն վիրահատական միջամտության հետ: Հանգստացնող զրույցներ տարվու ՞մ են զինվորների հետ:

-Անշուշտ: Վիրահատությունից առաջ լարվածությունը, տագնապն ու անհանգստությունը հատուկ են գրեթե բոլորին, և դա բնական է: Հանգստացնող զրույցների շնորհիվ գրեթե միշտ կարողանում ենք արդյունքի հասնել, իսկ եթե լարվածությունը չափազանց մեծ է, դիմում ենք այլ միջոցների(ներարկումներ), որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում:

-Շուտով զորացրվելու եք… երբևէ պատկերացրե՞լ եք, որ մասնագիտական գործունեություն եք ծավալելու այսպիսի պայմաններում, այսքան հագեցած ու լարված գրաֆիկով…

-Ի սկզբանե պատրաստ էի. 2 տարի աշխատել եմ շտապօգնության կայանում, և լարվածությունն ինձ անծանոթ չէր: Այդ առումով երբևէ դժվարությունների առաջ չեմ կանգնել: Ծառայության ընթացքում արել եմ առավելագույնը՝ իմ մասնագիտական կարողություններով օգտակար լինելու զինվորին: Այստեղ բուժվում են դիրքապահ զինվորներ, իսկ նրանց նկատմամբ բժիշկներս առանձնահատուկ ուշադիր ենք: Շուտով զորացրվելու եմ: Եթե ամփոփեմ ծառայությանս ընթացքը, չեմ կարող չնշել, որ այս տարիների ընթացքում փորձ եմ ձեռք բերել, մասնագիտական հմտություններ, ինչպես նաև ամուր ընկերություն:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_6904 (Medium)
  • IMG_7015 (Medium)