Նրա տեղը զինվորի կողքին էր

Այսօր՝ պատերազմից տարիներ անց, երբ որոշեցի գրել Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Սամվել Ամատունու մասին (2000 թ. ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նա բացել է կրծքային վիրաբուժության բաժանմունքը և ղեկավարել այն, հետագայում տեղափոխվել է ազգային ուռուցքաբանության կենտրոն և նշանակվել թոքային բաժանմունքի վարիչ), որոշեցի հանդիպել այն ազատամարտիկներին, որոնց հետ նա եղել է մարտադաշտում, բուժել նրանց մարմնի և հոգու վերքերը, զենքը ձեռքին կողք կողքի կռվել նրանց հետ:

«Սամվել Ամատունու նման մարդ-բժիշկներին մենք «դինոզավր» ենք անվանում, այսինքն, անհայտացող տեսակ, քանի որ նրա նմանները մեր օրերում շատ քիչ են և օրեցօր ավելի են քչանում,- պատմում է ազատամարտիկ Հովսեփ Հակոբյանը:- Երևի չկա ջոկատ, որի հետ Սամվելը մարտադաշտ մեկնած չլինի: Իր քաջությամբ, մարդկային որակով ուղղակի ապշեցրել է մեզ, էլ չեմ խոսում մասնագիտական պատրաստվածության մասին: Մարտի ամենաթեժ պահերին մտնում էր մարտադաշտ, վիրավոր ազատամարտիկներին գրկած դուրս բերում, վիրահատում ու նորից վերադառնում էր, վերցնում զենքը և տղաների հետ հավասար մարտի մեջ մտնում: Որքան էլ փորձում էինք ետ պահել նրան, հորդորում էինք, որ մարտադաշտ չմտնի (բժշկի կյանքը մեզ համար շատ թանկ էր), չէր համոզվում, նա այդքան համբերություն չուներ, որ թիկունքում նստեր ու սպասեր վիրավորին:

Մարտի դաշտում բժշկի ներկայությունը ոգևորում էր տղաներին: Ճիշտ է, նա կրծքային վիրաբույժ էր, բայց ամեն ինչից գաղափար ուներ. պատերազմի դաշտում տղաները վիրավորվում էին թևից, ոտքից, գլխից, որովայնից, կրծքավանդակից, և Ամատունին ամեն վիրահատություն անթերի էր կատարում: Ժամանակ առ ժամանակ նա գալիս էր Երևան, քանի որ այդ ժամանակ աշխատում էր Նոր Նորքի հիվանդանոցում և Երևանում մեծ օգնություն էր ցույց տալիս ազատամարտիկների հարազատներին:

…Հիշում եմ՝ մեր տղաներից մեկին՝ Կարենին` «Մալական» անունով, վիրավոր հասցրինք Նոր Նորքի հիվանդանոց: Սամվելն այնտեղ չէր: Բժիշկներից մեկը մոտեցավ, ստուգեց Կարենի վերքերը և ասաց, որ վիճակը ծայրահեղ ծանր է:

-Ներեցեք,- ասացի ես,- բայց ես վիրավորին Ամատունու մոտ եմ բերել, նա էլ թող որոշի՝ ինչպես վիրահատի և ինչը հեռացնի…

-Ամատունին այստեղ չէ,- պատասխանեցին ինձ:

-Իսկ դուք գտեք ու կանչեք նրան: Եթե իմանա՝ վիրավոր ենք բերել, անմիջապես կգա, որտեղ էլ լինի,- համոզված պնդեցի ես:

Նրանք գտան ու կանչեցին Ամատունուն: Նա 10-18 րոպեում վիրահատեց Կարենին, հեռացրեց բեկորները…»:

Իսկ իր մասին Սամվել Ամատունին պատմեց.

-Հայրս ծնվել է Օշականում՝ Հայաստանի հինավուրց գյուղերից մեկում: Մայրս Արցախի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղից է: Մինչև օրս էլ Կուսապատում պահպանվում է մեր պապենական տունը: Այնտեղ շատ հարազատներ ունենք:

Մեր տոհմի մեջ ես բժիշկների 8-րդ ճյուղն եմ: Մորս կողմից պապերս բժիշկներ են եղել: Արցախյան պատերազմի ժամանակ, երբ զրուցում էի գյուղի տարեց բնակիչների հետ, նրանք հիշում ու ակնածանքով էին պատմում պապիս՝ Նիկոլայի մասին, որը ժամանակին Ղարաբաղի երկու բժիշկներից մեկն է եղել: Նրան բոլորը «ֆելդշեր» Նիկոլ էին անվանում, չնայած ավարտել էր Ռոստովի բժշկական համալսարանը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պապս, որպես հոսպիատալի գլխավոր բժիշկ, հասել է մինչև Բեռլին, հետագայում պարգևատրվել Լենինի շքանշանով: Նա հրաշալի անձնավորություն էր և բանիմաց բժիշկ: Ինչ վերաբերում է իմ այսօրվա գիտելիքներին և հաջողություններին, ես պարտական եմ իմ մեծ ուսուցիչներին: Դեռ առաջին կուրսում բժշկության հանդեպ հետաքրքրությունս ավելի բորբոքեց հանրաճանաչ պրոֆեսոր Սեդրակ Շարիմանյանը: Նա միայն առարկան չէր ուսուցանում, և կյանքն էր բացատրում, և մոտեցումը հիվանդին, և բացում էր բժշկության կախարդական դռները՝ իր բազմազան առեղծվածներով: Իսկ որպես վիրաբույժ կայանալու գործում մեծ ավանդ ունի մեկ այլ մեծություն՝ Սուրեն Ավդալբեկյանը, որը Հայաստանում կրծքային վիրաբուժության հիմնադիրն է՝ կրծքային վիրաբուժության նահապետը:

-Սամվել, խնդրում եմ պատմեք՝ որտեղ էիք, երբ տեղի ունեցավ աղետալի երկրաշարժը, ինչ արեցիք աղետյալներին օգնելու համար:

-Երկրաշարժը իմ կյանքի ամենացավոտ էջերից մեկն է: Այսօր էլ անունը լսելիս անգամ մարմնովս սարսուռ է անցնում:

Այն ժամանակ ես դեռ Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում էի աշխատում: Մեզ ասացին, որ կազմ-պատրաստ գնանք «Էրեբունի» օդանավակայան, բայց մեզանից և ոչ մեկը դեռ տեղյակ չէր, թե ինչ է կատարվել: Օդանավակայնում մեզ ասացին, որ ուղղաթիռով Ստեփանավան ենք թռչելու, դա աղետի գոտի թռչող առաջին ուղղաթիռն էր: Ուղղաթիռի հրամանատարը հանգուցյալ Թոֆիկ Ալավերդյանն էր: Մենք օդ բարձրացանք: Ուղղաթիռը շատ ցածր էր թռչում: Երբ հասանք Սպիտակ ու ցած նայեցինք, սարսռացինք… Սպիտակ չկար, հիմնովին քարուքանդ էր եղել, կարծես բոլորովին էլ չէր եղել: Թոֆիկը ուղղաթիռը ավելի իջեցրեց: Ամեն ինչ տեսանելի դարձավ… և փլատակները, և իրար կողք շարված դիակները, և այս ու այն կողմ վազող մարդիկ: Հասանք Ստփանավան, բժիշկների մի մասին իջեցրինք այնտեղ, մյուսներս հետ թռանք Սպիտակ:

Առաջին մի քանի ժամը տեղում օգնություն էինք ցուցաբերում տուժածներին: Հետո ԳԱԻ-ի մեքենաներով ծանր վիրավորների մի մասին տեղափոխեցինք Կիրովական: Կիրովականի մարզադաշտում արդեն վրաններ էին խփել և վիրահատություններ էին կատարում: Մեզ ասացին, որ ինքներս մեզ համար տեղ գտնենք և աշխատենք: Գնացինք զորամաս՝ հույս ունենալով այնտեղի լազարեթում հոսպիտալ կազմակերպել, սակայն այն էլ արդեն զբաղված էր: Րոպեներն անցնում էին, իսկ ամեն մի րոպեն մարդկային կյանք արժեր: Արագ աչքի անցկացրի զորամասի սենյակները: Ամենահարմար տեղը զորամասի ճաշարանն էր, որը կարելի էր որպես վիրահատարան օգտագործել: Դուռը ջարդեցինք, ավելորդ սեղաններն ու աթոռները դուրս շպրտեցինք, երեք սեղան թողեցինք, որոնց վրա էլ սկսեցինք վիրահատել տուժածներին: Երեք վիրաբույժով ընդամենը մեկ վիրադանակ ունեինք, չնչին քանակով «սիստեմաներ», որոնք չէին բավականացնում: Զորամասի բուժկետի պետին խնդրեցինք գոնե անդամահատման համար վիրաբուժական սղոցներ բերի…

Դրանք աղետալի երկրաշարժին հաջորդող առաջին օրերն էին: Հետո աշխարհի տարբեր ծայրերից բժիշկներ եկան, մեծ քանակությամբ անհրաժեշտ բուժօգնության պարագաներ և դեղորայք բերեցին: Նրանք մեզ հետ հսկայական աշխատանք կատարեցին, այդ սոսկալի դժբախտության ժամանակ մեծ օգնություն ցուցաբերեցին: Փառք ու պատիվ նրանց…

-Արցախյան պատերազմը՝ Ձեր կյանքում…

-1989-ի գարունն էր: Գետաշենին բժիշկներ էին հարկավոր: Մի քանի բժիշկների հետ մեկնեցինք Գետաշեն: Հիշում եմ, ուղղաթիռի հրամանատարը Վարդգես Մնացականյանն էր: Գետաշենում արդեն մի քանի ջոկատներ կային Հայաստանից: Մենք բուժօգնություն էինք ցույց տալիս և ազատամարտիկներին, և տեղի բնակչությանը, սակայն այնտեղ գնալուս նպատակը միայն բժշկությամբ զբաղվելը չէր. զենքը ձեռքիս հերթապահում էի դիրքերում:

Գետաշենում դրությունը օրեցօր բարդանում էր: Յուրաքանչյուր ընտանիք դեռևս կարողանում էր հոգալ իր ապրուստը, միայն հացի խնդիրն էր բարդ: Գետաշենի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սարգիս Հակոբքյոխվյանը, ի պատիվ մեզ, ճաշկերույթ էր կազմակերպել, կանչել էր բժիշկներին, ջոկատի տղաներին: Գյուղացիները, տեղեկանալով այդ մասին, իրենց տներից հաց, ուտելիք էին բերել, որ մեզ հյուրասիրեն, մինչդեռ իրենք, ինչպես նշեցի, հացի, ալյուրի խիստ կարիք ունեին: Մեզանից և ոչ մեկը ձեռք չտվեց հացին: Երբ ճաշկերույթն ավարտվեց, հացը նույնությամբ վերադարձրինք գյուղացիներին: Ազատամարտիկները նախընտրում էին կիսաքաղց մնալ, բայց գյուղի ժողովրդին հոգս չպատճառել: Ոգի ասած բանը ես առաջին անգամ Գետաշենում զգացի՝ գետաշենցիների և Հայաստանից եկած ջոկատների տղաների մեջ: Այդ օրերին Գետաշենում մի քանի ջոկատներ կային՝ Սարի թաղի Վրեժի, «Արաբոյի», «Արամոյի», Գավառի Հովիկի (Բզո) և Մալաթիայի: Անձնուրաց տղաներ էին: Այնքան նվիրում, մաքրություն, անձնազոհություն կար նրանց մեջ…

-Հաջորդ անգամ ե՞րբ մեկնեցիք Արցախ:

-Արդեն հաջորդ անգամ չկար: Հաջորդ անգամ այնտեղ էի, որտեղից կանչում էին, որտեղ պետք էի: Եվ բժիշկների հետ էի մեկնում, և ջոկատների, և մենակ: Պատերազմ էր, իսկ ես՝ բժիշկ: Իմ տեղը մարտնչող զինվորի կողքին էր: Մասիվի «Կոռնիձոր» ջոկատի, «ԱՍԱԼԱ»-ի տղաները իսկական նվիրյալներ էին, իմ հարզատներն էին դարձել և մինչև օրս էլ ջերմ հարաբերությունների մեջ ենք… Լեգենդար Ավոն, Մարտիրոս Ժամկոչյանը (նա ամերիկահայ էր և,ոչ միայն զենքը ձեռքին մարտնչում էր թշնամու դեմ, այլև հումանիտար մեծ օգնություն էր հասցնում Հայաստան):

-Ես լսել եմ, որ Դուք վիրահատել եք անգամ գիշերով, բաց երկնքի տակ:

-Պատահել է,- մի տխուր ժպիտ է տարածվում Սամվելի դեմքին:- Բաց երկնքի տակ ամենածանր վիրահատությունը կատարել եմ Արծվաշենի Վահան գյուղի մոտ, գիշերով, «Վիլիս» ավտոմեքենայի լուսարձակների տակ: Հիշում եմ անգամ վիրավոր ազատամարտիկի անունը՝ Կառլեն: Արկի բեկորից նրա լյարդն ու թոքն էին վնասվել, փառք Աստծու, վիրահատությունը հաջող ավարտվեց:

-Ձեզ համար մահը սովորակա՞ն էր դարձել:

-Մահվանը հնարավոր չէ սովորել: Այն բժիշկը, որի համար մահը սովորական է դառնում, ավելի լավ է թողնի բժշկությունը… Եթե նույնիսկ կես շանս կա, որ վիրահատությունը կփրկի հիվանդի կամ վիրավորի կյանքը, ուրեմն բժիշկը պարտավոր է պայքարել մահվան դեմ:

-Ի՞նչ է ընկերությունը Ձեզ համար:

-Օդ, ջուր, հաց, ամեն-ամեն ինչ:

-Սե՞րը:

-Առանց սիրո մարդը ոչինչ է:

-Հավա՞տը:

-Հավատում եմ Աստծուն, չեմ ընդունում աղանդավորներին:

-Իսկ հոգու գոյությանը հավատո՞ւմ եք:

-Որքան ես հասկանում եմ, բնության մեջ ամեն մի էակ հոգի ունի:

-Ձեր նշանաբանը:

-Ամեն ինչ անել մարդուն օգնելու համար:

…Սամվելի հետ դեռ չէինք ավարտել զրույցը, երբ մեզ միացավ նրա մանկության ընկերը՝ երգիչ Եղիշե Բայաթյանը: Ես առիթը բաց չթողեցի և խնդրեցի պատմել Սամվելի մասին: Եղիշե Բայաթյանը այսպես սկսեց իր պատմությունը.

-Նրան դպրոցական տարիներից եմ ճանաչում: Անհանգիստ մարդ է, մեծ ռիսկի գնացող, արկածներ որոնող, կտրուկ բնավորություն ունի, առնական տղամարդ է, հոգնել չունի, ամբողջ օրը շարժման մեջ է: Գիտե՞ք՝ ինչ է նրա մականունը՝ «Արջ»: Ինձ միշտ հետաքրքրում էր, թե նա, ունենալով տարերային բնավորություն, ինչպես է վարվում իր հիվանդների հետ, ինչ են մտածում հիվանդները նրա մասին: «Հետազոտությունս» ցույց տվեց, որ հիվանդները մեծարում են նրան: Մարդուն օգնելու, հիվանդին բուժելու համար նա կարող էր ավտոմեքենայի ղեկին նստած կիլոմետրեր կտրել, անմիջապես, առանց հանգստանալու վիրասրահ մտնել և վիրահատությունից հետո առանց հանգստանալու ետ վերադառնալ ու իր աշխատավայրում իր աշխատանքին անցնել, նորից վիրասրահ մտնել: Զարմանալի մեծ հոգի ունի, մեծ սիրտ, որը բաց է բոլորի առաջ: Եղել են օրեր, երբ մեքենան վարել է կիլոմետրերով, ինչ է թե մի լքված եկեղեցում մոմ վառենք ու վայելենք ոգեղեն լռության խորհուրդը: Խրձերով մոմ էր վերցնում իր հետ, մի մասը վառում էինք, մնացածը թողնում պատահական անցորդների համար…

Հ.Գ.

Կյանքից հեռացավ ևս մի անզուգական մարդ՝ վիրաբույժ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՄԱՏՈՒՆԻՆ: Նա ավարտեց իր երկրային կյանքը՝ պարտքը անմնացորդ կատարած հայրենիքի, ժողովրդի ու Աստծո առաջ: Մեր պայծառ հերոս, ընկեր, բարեկամ, դու եղել ու միշտ կմնաս քեզ սիրող հազարավոր մարդկանց սրտերում:

 

Անահիտ Չիբուխչյան