Աստծուց հետո… բժիշկն է

Էդուարդ Աղաբեկյանը ծնվել է 1963 թ. հունիսի 2-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: 1979-1980 թթ ուս. տարում ավարտելով միջնակարգը՝ ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: 1986-ից իր մասնագիտությամբ Ստեփանակերտում աշխատելուն զուգահեռ դասավանդել է բժշկական ուսումնարանում:

1991-ին անդամագրվել է մարտական ջոկատներից մեկին, իսկ 1992թ. սեպտեմբերից մինչև 1998թ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում՝ 1993-ի հուլիսից ղեկավարելով Ասկերանի պաշտպանական շրջանի գնդի բժշկական ծառայությունը: 1998-ից 2000 թվականի փետրվարը աշխատել է ԼՂՀ առողջապահության փոխնախարար, 1999-ին վերապատրաստման դասընթացներ է անցել ԱՄՆ-ում՝ «Առողջապահության կազմակերպում և զարգացում» մասնագիտությամբ: 2000 թ. ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր: 2004 թվականին՝ Ստեփանակերտի քաղաքապետ: Պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Էդուարդ Աղաբեկյանն անցել է իր գնդի ամբողջ մարտական ուղին: Այն Ստեփանակերտից ու Ասկերանից ձգվում է մինչև Աղդամ, Օմար… Ծառայական կենսագրության ընթացքում բազմիցս ակնառու կերպով դրսևորվել են գնդի բուժծառայության պետ Էդուարդ Աղաբեկյանի մասնագիտական ու հրամանատարական կարողությունները: Թշնամական կրակակետերի վերացման գործողության ընթացքում չափազանց դժվարին հանգամանքներում նա լավագույնս կազմակերպեց գնդի վիրավորների բուժօգնության գործը՝ աչքի ընկնելով խիզախությամբ ու համարձակությամբ: Նա առաջիններից մեկն էր, ով Աղդամի անկումից անմիջապես հետո գնդի բուժծառայության անձնակազմը տեղափոխեց նոր ազատագրված տարածք և կրակի տակ սկսեց կազմակերպել վիրավորների բուժօգնության գործը: Ճակատին մոտ գտնվելը ոչ միայն զորուժի մարտական ոգին էր թրծում, այլև նպաստում էր բուժօգնության կազմակերպման օպերատիվությանն ու արդյունավետությանը:

Շատ կյանքեր է փրկել բժիշկ Աղաբեկյանը՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը: Մարտնչել է գիշեր ու ցերեկ, առանց հանգստանալու, առանց դադարի: Հանգստացել է այն կարճ պահերին, երբ վիրավոր չի եղել, ու գլուխը վիրասեղանին՝ ննջել է:

Երբ Ասկերանի գնդի գումարտակները հետ էին մղում Խոջալուի և հատկապես Աղդամի կորստի հետ չհաշտվող թշնամու կատաղի գրոհները, գնդի բուժծառայության պետը՝ իր անձնակազմով մշտապես Հայրենիքի ազատագրության համար մարտնչող զինվորի ու ռազմիկի կողքին էր: Պետության ու ժողովրդի կողմից բարձր է գնահատվել Էդուարդ Աղաբեկյանի ծառայությունը. նա պարգևատրել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Սակայն ամենացանկալի շքանշանը նրա համար այն համընդհանուր հարգանքն ու սերն էր, որ պատերազմի ժամանակ և հետագայում զգացել է բժիշկը: Ու հասկացել, որ յուրաքանչյուր հաղթանակի հիմքում ընկած է Մարդու նկատմամբ տածած սիրո, պատասխանատվության և հարգանքի ուժը:

Թող Սենեկայի իմաստությունը եզրափակի Էդուարդ Աղաբեկյանի մասին այս համառոտ ակնարկը. «Աստծուց հետո… բժիշկն է»:

Ավելի դիպուկ չես կարող ասել:

Տանյա Առստամյան