Ներկան անցյալով է իմաստավորվում

Որքան հաճախ եմ շփվում Արցախյան պատերազմի մասնակից բժիշկների հետ, այնքան ավելի եմ հիանում նրանցով, նրանց բնատուր օժտվածությամբ, նվիրվածությամբ, վճռականությամբ ու զարմանալի համեստությամբ: Այդ բժիշկներից է Արթուր Մարությանը, ով ճանաչված ու հարգված է ոչ միայն որպես Վալերի Մարությանի որդի, այլև որպես հրաշալի անձնավորություն, որպես բժիշկ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով: Նա մեկն էր այն նվիրյալներից, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին հիմք դրեցին ռազմական բժշկությանը, ովքեր և Ստեփանակերտի նորակազմ հոսպիտալում, և դաշտային հոսպիտալներում բուժօգնություն էին ցուցաբերում վիրավոր ազատամարտիկներին, տեղի բնակիչներին… և հազարավոր մարդկանց էին փրկում:

Երբ հարցրի Արթուրին՝ ինչպես է հայրը թույլ տվել, որ պատերազմի ընթացքում իր միակ որդին, մեկնելով դաշտային հոսպիտալ, ռազմադաշտին այդքան մոտ լինի, նա պատասխանեց.

-Եթե Դուք ճանաչեիք Վալերի Երվանդիչին, երբեք այս հարցը չէիք տա: Նա բոլորին էր հայրաբար վերաբերվում, անհանգստանում էր նրանց ճակատագրի համար, քանի որ մեծ մասը երիտասարդներ էին, շատերը՝ նույնիսկ դեռ չամուսնացած: Մինչև գործուղումից վերադառնում էին, նա անհանգստությունից իր տեղը չէր գտնում: Նրա սիրտը յուրաքանչյուրի համար էր ցավում:

Մինչև դաշտային հոսպիտալներ մեկնելը Արթուր Մարությանը գնում է Բերձոր՝ ժամանակից շուտ ծննդաբերող կնոջը մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու: Այդ մասին Վալերի Մարությանի «У войны долгий след» գրքում կարդում ենք.

«Ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսել էր հարձակումը Բերդաձորի վրա: Անդրանիկ Հարությունյանի խումբը գյուղացիների հետ ընդունել էր մարտը, որը երկու օր էր տևել և ավարտվել էր օմօնականների անհաջողությամբ: Ադրբեջանցիները հեռացել էին՝ թողնելով սպանվածներին, բայց ինչպես շատ անգամ է պատահել Արցախի պատմության ընթացքում, եթե ուժով չեն կարողացել վերցնել, ապա վերցրել են խաբելով: Այս անգամ էր բերդաձորցիները, հավատալով խորհրդային պարետին, թույլ տվեցին, որ զինվորները անարգել գյուղ մտնեն ՝ իբրև ստուգելու անձնագրային ռեժիմը: Ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային ներքին զորքի առջև սկսել էր վայրագություններ անել, տանջել, սպանել, բռնաբարել, թալանել: Հղի կնոջ առաջ սպանել էին ամուսնուն, նա վատ էր զգացել, հետո սկսվել էր վաղաժամկետ ծննդաբերությունը: Կնոջ ծնողները մեծ դժվարությամբ համոզել էին շրջանի արտակարգ իրավիճակների պարետին, որ բժիշկ կանչի: Գնդապետ Պոլոզովը դիմել էր ծննդատուն և խնդրել համապատասխան մասնագետներ ուղարկել արդեն թուրքերի կողմից գրավված Բերդաձոր՝ խոստանալով ապահովել բժիշկների անվտանգությունը:

Մեկնեցին իմ որդին՝ վիրաբույժ Արթուր Մարությանը, գինեկոլոգ Անահիտ Խաչատուրյանը, մանկաբարձուհի Լաուրա Սարգիսյանը: Ուղղաթիռը շրջապատել էին օմօնականները: Գնդապետ Պոլոզովը մեծ դժվարությամբ է կարողանում զսպել կատաղի հրոսակախմբին: Բժիշկների առջև մղձավանջային տեսարան է ներկայանում: Ծեծված, արյան մեջ կորած մարդկանց քշում էին ավտոմեքենաների մեջ, կանանց չէին թողնում թաղել սպանված ամուսիններին: Բժիշկները ստիպված էին ծննդաբերող կնոջը զննել զինված օմօնականի հսկողության տակ:

Գնդապետը, համբերությունը կորցնելով, հայտարարում է, որ ծննդկանին, նրա երեխաներին վերցնեն ու տանեն Ստեփանակերտ: Այդ պահին Լաուրան հաջողացնում է ևս 9 երեխա նստեցնել ուղղաթիռի մեջ: Ավելի ուշ Ստեփանակերտի օդանավակայանում Լաուրային տեսնելով և ճանաչելով՝ օմօնականներից մեկն ասում է՝ ափսոս, մենք հետո իմացանք՝ ով էր ձեր հետ Բերդաձոր եկած բժիշկը, հակառակ դեպքում նա էլ մեր ձեռքից չէր պրծնի (խոսքը որդուս՝ Արթուրին էր վերաբերում…)»:

-Արթուր, ի՞նչ կպատմեք պատերազմի տարիներից:

-Դրվագները շատ են, մեկը մյուսից ծանր: Ո՞րը պատմեմ… ես չեմ ուզում անդրադառնալ այն մղձավանջային օրերին: Միայն կասեմ, որ համընդհանուր ողբերգության ժամանակ մենք բոլորս՝ ողջ անձնակազմը՝ բժիշկ, բուժքույր, սանիտար, վարորդ , մի ընտանիք էինք դարձել, ապրում էինք, քնում, սնվում հոսպիտալում…ուրախանում, լաց էինք լինում միասին: Ու երբ մի փոքր ժամանակ էինք ունենում հանգստանալու, հավաքվում էինք իրար գլխի, կիսում վերջին կտոր հացը, փորձում մի փոքր կտրվել իրականությունից, ազատվել օրվա ծանր տպավորություններից: Մեզանից մի քանի մետր հեռու վիրավորներն էին ու դեռևս թարմ դիակները… Եվ եթե այդ կարճ պահերը չլինեին, մենք կխելագարվեինք…

Երբ Վալերի Երվանդիչը մտահղացավ ստեղծել դաշտային հոսպիտալներ, այն էլ այդքան մոտ ռազմադաշտին, կադրային սպաներից շատերը դեմ էին և փորձում էին համոզել, որ հետ կանգնի այդ մտքից, բայց հետագան ցույց տվեց, որ ավելի ճիշտ որոշում կայացնել հնարավոր չէր, որ դաշտային հոսպիտալները, մոտ լինելով ռազմադաշտին, փրկություն էին հազարավոր վիրավոր մարտիկների համար: Ստեփանակերտը բավական հեռու էր ռազմաճակատից, լեռնային ճանապարհները՝ քարուքանդ, ոլորապտույտ, բավականաչափ տեխնիկա, փոխադրամիջոցներ չունեինք, եղածն էլ՝ կոշտ, անհարմարավետ: Մինչև վիրավորներին տեղ էին հասցնում, 5-6 ժամ տևում էր: Դաշտային հոսպիտալներ ստեղծելուց հետո մահացությունը կրճատվեց, վիրավորը 10-15 րոպե հետո հայտնվում էր մոտակա դաշտային հոսպիտալում, որտեղ դադարեցնում էինք արյունահոսությունը, վիրակապում, կաթիլային միացնում և վիրահատում, եթե վիրահատության անհրաժեշտություն էր լինում: Դաշտային հոսպիտալները հույս, հավատ էին ներշնչում մարտիկներին: Նրանք գիտակցում էին, որ կարող են վիրավորվել, որ ոչ մեկը ապահովագրված չէ մահացու գնդակից, բայց և հավատում էին, որ ինչ էլ պատահեր, իրենց թիկունքում, շատ մոտ հոսպիտալ կա, բժիշկներ կան, որոնք ամեն ինչ կանեն իրենց օգնելու, փրկելու համար: Եվ մենք՝ բժիշկներս, ոչինչ չէինք խնայում նրանց հույսերը արդարացնելու համար:

-Ինչպիսի՞ն էր պատերազմող հայ զինվորը՝ Ձեր բնութագրմամբ: Դուք սեփական աչքերով եք տեսել հող ազատագրող հայ ռազմիկին կռվի ժամանակ…

-Նրանցից շատերը, դեռևս չապաքինված, շտապում էին որքան հնարավոր է շուտ վերադառնալ շարք: Քիչ դեպքեր չեն եղել, երբ վիրավորը, լիովին չապաքինված, փախել է հոսպիտալից ու վերադարձել մարտական ընկերների մոտ: Նրանց ապրելու, շուտ ապաքինվելու ձգտումը մեզ՝ բժիշկներիս էլ շատ էր օգնում…

-Ի՞նչ դասեր քաղեցիք պատերազմից…Ի՞նչ տվեց այն Ձեզ:

-Փորձ, անզուգական ընկերներ: Այն ժամանակ ամեն ինչ որոշակիորեն պարզ էր. կամ սև էր, կամ սպիտակ: Որքան էլ մարդը փորձեր թաքցնել իր իսկությունը, իր դեմքը, իր էությունը, միևնույնն է, երկար չէր տևի: Անմիջապես երևում էր՝ ով ով է: Այլ կերպ ասած՝ մեր շուրջը արագ մաքրվում էր, և մնում էին նրանք, ովքեր մարդկային բարձր արժանիքներ ունեին՝ սեր, նվիրում՝ մարդու, ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, ովքեր հանուն սուրբ նպատակի պատրաստ էին ինքնազոհության, ինչպես մեր թիմի անդամները, որոնց հետ միասին իրար թիկունք դառնալով՝ անցանք պատերազմ կոչվող դժոխքով, անցանք տառապելով, անցանք հույսով, հավատով, միասին պայքարեցինք, միասին հաղթեցինք, հազարավոր մարդկանց կյանք փրկեցինք, միասին դիմացանք կորուստներին, ցավին:

-Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկրի ապագան:

-… Մեր երկիրը դեռ կզարգանա, կբարգավաճի, կբարելավվի ժողովրդի կյանքը: Մենք բոլորս մեծ դեր ունենք այդ գործընթացում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր տեղում լինի, իր գործով զբաղվի, իր պարտականությունները բարեխղճորեն կատարի: Ինչ վերաբերում է ցանկությանս, ինչ եք կարծում՝ ինչ կցանկանա պատերազմի մասնակից մարդը, առաջին հերթին՝ խաղաղություն, բարօրություն, որը պետք է իրագործի մեր հերթափոխը՝ եկող սերունդը,իսկ որպեսզի եկող սերունդը սրտացավ լինի, որպեսզի գնահատի խաղաղությունը և հասկանա՝ ինչ գնով է այն ձեռք բերվել, պետք է իմանա մեր պատմությունը: Պատմություն, որ լի է տառապանքով… հերոսական էջերով:

Անցյալը մոռանալ չի կարելի, անցյալը սկիզբն է ներկայի: Ներկան անցյալով է իմաստավորվում…Բացի դրանից, կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի պատերազմի վետերաններին, զոհված մարտիկների ընտանիքներին, որպեսզի նրանց ծնողները, զավակները, կանայք, հարազատերը զգան, որ իրենց սիրելիները զուր չեն նահատակվել, հավատան, որ այն, ինչ արել են հայրենիքի համար, պետությունը, ժողովուրդը չի մոռացել:

Հիշում եմ, երբ դպրոցական երեխա էի, ամեն անգամ հասակակիցներիս հետ անցնելով վետերանների խանութի կողքով՝ ծիծաղում էինք, որ նրանց համար հատուկ խանութ կա, դեռևս չէինք հասկանում, չէինք գնահատում նրանց: Հիմա եմ հասկանում, հիմա եմ գնահատում, քանի որ ինքս անցա պատերազմի արյունոտ ճանապարհներով: Խորհրդային տարիներին պատերազմի մասնակիցների համար ոչ միայն խանութ էին բացում, այլև բնակարաններ, ավտոմեքենաներ էին տալիս, առողջարանների, հանգստյան տների անվճար ուղեգրեր:

-Հնարավո՞ր է, որ մի օր որոշեք գնալ Ղարաբաղից:

-Ինչպե՞ս գնամ, միթե իզուր էին այն անչափելի զոհողությունները պատերազմի տարիներին…. Իսկ նրա՞նք, ովքեր իրենց կյանքը տվեցին Արցախի ազատագրության համար…մի՞թե զուր էր: … Չէ, ես չեմ հեռանա Ղարաբաղից:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)