Զինվորի ցավն անցնում է մեր սրտերի միջով…

Մարտակերտ. գիշերային հերթապահություն… Շուրջը խաղաղ է, լուռ, ու այնքան բնական է թվում այդ խաղաղությունը: Հայացքս կանգ է առնում ընունարանի հեռախոսների վրա, փորձում եմ արագ վանել տագնապներս. այստեղ խաղաղությունը կարող է մի վայրկյանում խաթարվել՝ լռության մեջ հնչող մեն մի հատիկ հեռախոսազանգով:

– Ինչպե՞ս եք, տիկին Շուշանիկ: Ինչպե՞ս է ընթանում հերթապահությունը:

-Փառք Աստծո, խաղաղ…

Մարտակերտի ԱԲՋ-ի ընդունման բաժանմունքի բուժքույր Շուշանիկ Հարությունյանն արդեն 15 տարվա աշխատանքային կենսագրություն ունի զինվորական այս բուժհիմնարկում : Ու ես հետաքրքրվում եմ, թե տեղացի՞ է նա արդյոք…

– Բնիկ մարտակերտցի եմ: 1992 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ հարկադրված էինք տեղափոխվել Երևան: 8 տարի աշխատել եմ Նորքի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցում: 2000 թվականին վերադարձանք: Ես դժվարությամբ եկա Մարտակերտ: Իմ մանկության տունը վառված էր… հետքն անգամ չկար: Մենք սկզբնական շրջանում բնակություն հաստատեցինք Վերին Հոռաթաղ գյուղում: Հետո որդիս ընդունվեց համալսարան: Ես ծառայության անցա ԱԲՋ-ում, որն այն ժամանակ տեղակայված էր Ալաշանում՝ անտառի մեջ:

-Հիշողությունները երևի դեռ ցավ են պատճառում…Պատերազմը երբեք անցյալ չի դառնում նրանց համար, ովքեր անցան այդ դժոխքի միջով:

– Գիտեք՝ երբեմն փորձում եմ մոռանալ, բայց չի ստացվում, դրանք անջնջելի հետք են թողել հոգումս: Հիշում եմ նկուղային կյանքը… մեր ընտանիքում փոքր երեխաներ կային, գրկում էինք ու վազում ապաստարան: Բոլորս հագուստով էինք քնում, որ ամեն վայրկյան պատրաստ լինենք պատսպարվելու: Երեխաների համար պատերազմը դարձել էր առօրեական, սովորական մի բան: Անգամ երբ կիսաձայն կանչում էինք, անմիջապես արթնանում էին ու՝ Մամ, բամբի՞տ են անում…. Բոլորը գիտեին՝ ով ում պետք է օգնի, տատիկը ում ձեռքը պետք է բռնի, պապիկը՝ ում… ապաստարանում յուրաքանչյուրն իր տեղն ուներ:

– Այդ ապրումներն ինձ էլ խորթ չեն…

– Ուրեմն ավելի լավ կհասանաք…. Միշտ հույս ունեինք, որ մնալու ենք Մարտակերտում, բայց… ծանր օրեր էին, շատ ծանր:

-Տիկին Շուշանիկ, 15 տարի համակարգում եք… Կնոջ համար հատկապես ի՞նչն է դժվար:

– Ես դժվարությունների չեմ բախվել: Բարեբախտաբար միշտ աշխատել եմ կիրթ, բանիմաց բժիշկների հետ, ջերմ ու առողջ մթնոլորտում: Աշխատել ենք միասին, մեկ թիմով: Մեր ԱԲՋ-ի հրամանատարները միշտ առանձնացել են մարդկային որակներով, նաև հրամանատարի խստությամբ ու կարգապահությամբ, ինչը մեզ ևս պարտավորեցնում է աշխատանքին վերաբերվել մեծ պատասխանատվությամբ:

-Ես անընդհատ նայում եմ հեռախոսներին… մի տեսակ անհանգստությամբ, տագնապով… առաջինը ընդունարա՞ն են զանգահարում:

-Սահմանային միջադեպերի ժամանակ մենք հեռախոսային հաղորդագրություն ենք ստանում: Անմիջապես տեղեկացնում ենք բժիշկներին: Մեր ԱԲՋ-ից խումբ է մեկնում: Կապ ենք հաստատում դիվիզիայի օպերատիվ հերթապահի հետ, ճշտում հիվանդի վիճակի ծանրության աստիճանը, և ամբողջ անձնակազմը պատրաստ՝ հրամանատարի հետ միասին սպասում ենք վիրավորին:

-Պատկերացնում եմ, թե ամեն հեռախոսազանգի հետ ինչ ապրումներ եք ունենում…

– Այ դա երբեք առօրեական չի դառնում… Չես կարող անտարբեր լինել զինվորի ցավի նկատմամբ: Ցավն անցնում է մեր սրտի միջով…

– Դուք անընդհատ առնչվում եք սահմանապահ զինվորի հետ: Ի՞նչն է նրանց հետ փոխհարաբերություններում ամենակարևորը:

– Իմ որդին էլ ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում. ինձ տղաների հոգեբանությունն անծանոթ չէ: Մենք պատերազմի մեջ ենք… յուրաքանչյուր սահմանապահ զինվոր անփոխարինելի է, թանկ է մեզ համար: Մեր վերաբերմունքով նրանց ցույց ենք տալիս, որ իրենց ծառայությունը գնահատված է… Ձգտում ենք հնարավորինս մեղմ լինել, հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել: Հատկապես դիրքապահ զինվորների նկատմամբ հարազատության զգացողություն է առաջանում՝ մոր, քրոջ… Անգամ դիտողություն անելիս, սխալը կանխելիս մեղմ ենք, տակտով ու հոգատար:

Հասմիկ Գյոզալյան