Մենք տեսանք ցավի ու տառապանքի սահմանը

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, բուժքույր Աիդա Ղուլյանը:

… Հոսպիտալում աշխատանքի անցա 1992-ի մայիսի 15-ին: Մինչ այդ աշխատում էի ախտորոշման կենտրոնում: Իհարկե, ինքնակամ եկա հոսպիտալ: Անգամ տնեցիներին չէի ասել, միայն երկտող էի թողել, որ չանհանգստանան: Առաջինը եղբայրս՝ Աշոտը… «Բեկորն» էր իմացել այդ մասին: Ու երբ տեսավ ինձ հոսպիտալում, շատ ուրախացավ, որ նման որոշում եմ ընդունել:

Երբ ներկայացա Վալերի Մարությանին, նա ինձ հարցրեց, թե որտեղ, որ բաժանմունքում եմ ուզում աշխատել: «Ես լաբորանտ եմ, ուրիշ ոչինչ անել չգիտեմ: Որտեղ էլ ուղարկեք, միևնույնն է, զրոյից պետք է սկսեմ, բայց ես կուզենայի վերակենդանացման բաժանմունքում աշխատել»,- պատասխանեցի: Ես շատ արագ յուրացրի «դասերս»: Այն, որ սովորաբար 5-10 ամիսների ընթացքում են մարդիկ սովորում, մենք յուրացնում էինք 5-10 օրում, իրավիճակն էր այդպես թելադրում: Սկզբնական շրջանում ամեն ինչ գրի էի առնում. դեղորայքի անունները, որը երբ, ինչ քանակով, ինչպես, որ դեպքում պետք է կիրառել… Մեկ ամիս աշխատելուց հետո ես մեր բոլոր բժիշկների առաջ պատռեցի իմ բոլոր գրառումները՝ ասելով, որ դրանք ինձ այլևս պետք չեն, որ լիովին պատրաստ եմ ինքնուրույն աշխատելու, որից հետո վիրահատությունների ընթացքում երկու վիրասեղան էի սպասարկում: Դա էր իմ տեղը, ես գտել էի այն… Վիրաբուժական բրիգադների կազմում վիրաբույժներ Վալերի Մարությանի, Սերգեյ Մովսիսյանի, Կարեն Բազիյանի, Վովա Մուսայելյանի հետ եղել եմ Օմարում, Խանանլիում, Դրմբոնում, Աղդամում, Ցեխձորում, Ֆիզուլիում: Մեզ հետ Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողներից էլ կային, որոնք, անցնելով պատերազմի միջով և հետագայում կրթությունը շարունակելով, այսօր բարձրակարգ մասնագետներ են դարձել: Մեզանից յուրաքանչյուրը գիտեր իր գործը… երբ վիրաբույժը ձեռքը մեկնում էր, գիտեինք՝ այդ պահին ինչ էր հարկավոր: Զարմանալին այն էր՝ որքան էլ հոգնած, ուժասպառ լինեինք, հենց լսում էինք բակ մտնող ավտոմեքենայի ձայնը, դուրս էինք թռչում՝ հերթական վիրավորներին ընդունելու: Անմիջապես անհետանում էր հոգնածությունը, քնելու մինչ այդ տանջող ցանկությունը, և նոր ուժ առած՝ սկսում էինք համապատասխան օգնություն ցուցաբերել վիրավորներին:

… Հիշում եմ՝ հերթական ծանր օրերից էր: Վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում էր: 10 օր էր, ինչ նրան վիրասեղանի վրա էինք պահում: 5 անգամ արդեն վիրահատել էին, բացել մեկ որովայնը, մեկ կրծքավանդակը, բայց ոչ մի դրական շարժ չէր նկատվում: Այդ նույն օրը Մարտակերտից ծանր վիրավորներ էին բերել, որոնցից մեկը մահացավ մինչև վիրահատելը… վիրահատական սեղանի վրա: Դա արդեն կեսգիշերին էր: Բոլորն այնքան հոգնած էին, որ ի վիճակի չէին անգամ դիակը տեղափոխել: Իմ հերթապահության օրն էր: Պետք է ծանր հիվանդի կողքին մնայի, հսկեի, կաթիլայինները միացնեի: Բնականաբար, ես էլ շատ հոգնած էի, հազիվ էի ոտքի վրա մնում ու հաղթահարում քնելու ցանկությունը: Կեսգիշերից անց էր, աթոռը դրեցի երկու վիրասեղանների մեջտեղը, որոնցից մեկի վրա դիակն էր, մյուսի վրա՝ վիրավորը, և նստեցի: Որքան էլ պայքարում էի, որ չքնեմ, բայց և այնպես, ինքս էլ չիմանալով՝ ինչպես էի քնել: Հանկարծ զգացի, որ ցնցում են ինձ ու անունս են տալիս՝ Աիդա, Աիդա, արթնացիր: Ինձ թվաց՝ ինչ-որ բան է պատահել, կամ նորից վիրավորներ են բերել: Դժվարությամբ բացեցի աչքերս. Ալվարդն ու Ֆլորան էին: Նրանք, իմ առջև կանգնած, լաց էին լինում: «Դիակը գրկած՝ քնել էիր…»,- արցունքների միջից ասացին նրանք : …Քնած ժամանակ թեքվել էի, գլուխս դրել դիակի կրծքին ու մի ձեռքով գրկել նրան: Նայելով անկենդան, սառը դիակին՝ նրանց հետ ես էլ սկսեցի լաց լինել…

Դժվար էր, փորձում էինք դիմանալ, բայց եղբորս՝ Աշոտի զոհվելուց հետո ինձ համար միևնույնն էր, թե ինչ կպատահեր ինձ հետ… Ռմբակոծությունների ժամանակ քաղաք էի դուրս գալիս, չէի վախենում՝ ինչ լինելու է, թող լինի…

…Աշոտը զոհվեց 1992-ի օգոստոսի 24-ին՝ Դրմբոն գյուղի ազատագրման համար մղվող մարտի ընթացքում: Այդ օրը մեր բուժքույրերից մեկի՝ Հասմիկ Բաղդասարյանի թաղումն էր: Նա իմ հասակակիցն էր, իմ մտերիմ ընկերուհին, միասին էինք սովորել, ավարտել բժշկական ուսումնարանը: Իր մահվանից երկու օր առաջ շատ երկար զրուցեցինք, վիրավորները քիչ էին, ժամանակ ունեինք խոսելու համար: Հասմիկն ասաց՝ Աիդա, ես և՛ իմ, և՛ քո տեղը կմեռնեմ, ու եթե մեռնեմ, խոստացիր, որ ամեն ինչ կանեք, որ գեղեցիկ տեսք ունենամ, գեղեցիկ կհագցնեք, դեմքս, մազերս կհարդարեք…Երկու օր հետո նա զոհ դարձավ ռմբակոծությանը՝ իր տանն էր, բազմոցի մեջ քնած… Ես տանն էի, երբ լսեցի ռումբի պայթյունը, անմիջապես դուրս եկա պատշգամբ և նայեցի ձայնի ուղղությամբ, տեսա հանրակացարանի կողմից բարձրացող ծուխը… Նույն պահին Հասմիկի անունը ծագեց մտքումս: Գիտեի, որ նա տուն էր գնացել հանգստանալու: Ես դուրս թռա տանից ու վազեցի դեպի պայթյունի կողմը: Միայն ոչ նա, ոչ Հասմիկը…. անընդհատ կրկնում էի ինքս ինձ: Երբ մոտեցա, հայացքով սկսեցի հաշվել շենքի շարքերը… Շարքը, որտեղ Հասմիկն էր ապրում, այլևս գոյություն չուներ… Աչքերիս առաջ սևացավ, ոտքերս թուլացել էին: Այլևս իմաստ չուներ առաջ գնալ: Ոտքերս հազիվ քարշ տալով՝ վերադարձա հոսպիտալ: Ես չկարողացա կատարել Հասմիկի ցանկությունը՝ գեղեցիկ հարդարել դեմքը, մազերը: Նրա գեղեցիկ դեմքը անճանչելի էր դարձել…

Օգոստոսի 24-ին՝ նրա թաղումից հետո, ես ֆիզիկապես ու հոգեպես ջարդված, որոշեցի տուն գնալ: Շենքի բակում հանդիպեցի հարևանուհուս: Նա ինձ իր տուն տարավ, կերակրեց, նրա մոտ էլ քնեցի: Ու հանկարծ, չգիտեմ՝ քնած, թե արթուն, Աշոտի անունը լսեցի: Անմիջապես արթնացա, բայց կարծես հարբած լինեի: Մի պահ նույնիսկ չէի զգում, թե որտեղ եմ, ինչ եմ անում, ինչու… Մի կերպ ոտքի կանգնեցի ու օրորվելով դուրս եկա նրանց տնից: Բակում մեր զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին տեսա հարևանուհուս հետ զրուցելիս: Մոտեցա նրանց ու հարցրի.

-Ի՞նչ է պատահել Աշոտին:

-Ոչինչ,- պատասխանեցին նրանք:

-Բայց ես լսեցի՝ դուք Աշոտի մասին էիք խոսում:

-Ոչ ոք նրա անունը չի տվել, քեզ թվացել է,- ասաց նա:

-Ոչ, ես չեմ սխալվում, ես լսեցի,- նորից պնդեցի ես:

Զինկոմիսարիատի աշխատակիցը ինձ չպատասխանեց, շրջվեց ու հեռացավ: Ես վազեցի նրա հետևից:

-Մի անհանգստացիր, ուղղակի վիրավոր է,- զգալով, որ հանգիստ չեմ թողնի, ասաց նա:

Աշոտը շատ էր վիրավորվել, ու ամեն անգամ լսելով նրա վիրավորվելու լուրը՝ ես տագնապահար էի լինում՝ մտածելով, որ նա զոհվել է, և ինձ խաբում են: Բայց այս անգամ հավատացի: Գիշերվա ժամը 1-ն էր, ես վազեցի հոսպիտալ ու նրա համար անկողին պատրաստեցի՝ մտածելով, որ ուր որ է, կբերեն: Թեև հոսպիտալում բոլորն արդեն գիտեին, որ եղբայրս՝ «Բեկորը», մահացել է, բայց ինձ ոչինչ չէին ասում… Ժամը 4-ին շտապօգնության մեքենան մտավ հոսպիտալի բակ: Ես դուրս թռա՝ դիմավորելու նրան… Ոչ ոք չբացեց մեքենայի դռները, ոչ ոք դուրս չէր գալիս…

-Բացեք մեքենայի դռները, դուրս բերեք Աշոտին, անկողինն արդեն պատրաստ է,- ասացի բուժակին…

Մտածում էի՝ առավոտյան նրան ուղղաթիռով կուղարկենք Երևան, նա կապաքինվի: Տեսնելով, որ ոչ մեկը չի մոտենում, ես առաջ գնացի, որ բացեմ ավտոմեքենայի դռները: Բուժակը ձեռքս բռնեց.

-Ես խնդրում եմ, միայն թե չբացես դուռը…

Երբ նա այդպես ասաց, ես հասկացա, որ Աշոտը այլևս չկա…

… Հոսպիտալում չկար մեկը, որ կորցրած չլիներ իր հարազատին՝ ամուսնուն, որդուն, ծնողին, եղբորը: Նրանց բոլորին հոսպիտալ էին հասցնում արդեն այնպիսի վիճակում, որ այլևս ոչինչ չէինք կարող անել նրանց փրկելու, վերադարձնելու համար… Այդպես բերեցին Լեոնիդ Զախարյանի որդուն, Հասմիկի, Ջուլյայի ամուսիններին, մյուսների հարազատներին: Մենք տեսանք ցավի ու տառապանքի սահմանը…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)