Երբ հիվանդի աչքերում շնորհակալություն ես տեսնում…

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր, բուժծառայության լեյտենանտ Դավիթ Մարգարյանի հետ:

2005 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2011-2014 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել` ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ: 2014 թվականին զորակոչվել է ազգային բանակ՝ ծառայության անցնելով Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում:

-Արդեն մեկ տարի է՝ ծառայում եք մի վայրում, որտեղ գրեթե միշտ լարված ու անհանգիստ է: Քաղաքացիական կյանքից հետո սա միանգամայն նոր իրականություն է, նոր պայմաններ, պարտականություններ…

-Այստեղ որոշում կայացնելն ավելի դժվար է, ավելի պատասխանատու: Կողքիդ չեն ուսուցիչներդ, որոնք միշտ ուղղություն են ցույց տվել, օգնել իրենց խորհուրդներով… Օրդինատուրայից հետո կտրուկ ինքնուրույնություն ես ձեռք բերում, պատասխանատվության էլ ավելի ծանր բեռ ես կրում ուսերիդ… Սկիզբն, իհարկե, դժվար է, բայց աստիճանաբար սկսում ես հարմարվել:

-Ինքնին հասկանալի է, որ բժշկի բոլոր մտածումները, տագնապները կապված են իր հիվանդի, նրա առողջական խնդիրների, նրան օր առաջ ապաքինված տեսնելու հետ: Երբ Ձեր հիվանդը դիրքապահ զինվոր է, ինչ-որ բան փոխվու՞մ է…

-Վիրաբույժը պայքարում է հիվանդի կյանքի համար: Բժիշկ և հիվանդ փոխհարաբերություններում անկախ նրանից, թե այդ պահին ով է հիվանդը, պատասխանատվության չափը չի փոխվում: Նույն մտքերն են, նույն մտահոգությունը, նույն ջանքերը՝ նրան ոտքի կանգնեցնելու… Իսկ եթե խոսենք զուտ մարդկային փոխհարաբերությունների մասին, չեմ թաքցնի՝ դիրքապահ զինվորի նկատմամբ վերաբերմունքն ինքնըստինքյան ավելի ջերմ է. մարտական հենակետ բարձրացող զինվորը բոլորիս հարազատն է: …Զարմանալի օրինաչափություն եմ նկատել. սահմահ պահող տղաներն ավելի խոհեմ են, ավելի լուրջ, հասուն:

-Վիրաբույժն ամեն օր ծանր փորձությունների միջով է անցնում: Երիտասարդ բժշկի համար հե՞շտ է կառավարել հույզերը… Ի՞նչ ապրումներ եք ունենում վիրահատությունից առաջ:

– Յուրաքանչյուր վիրահատություն, կարելի է ասել, էքստրիմ է՝ երբեք չկրկնվող, յուրահատուկ, փորձություններով ու վտանգներով լի: Դու երիտասարդ ես, գործընկերդ երիտասարդ է, պատասխանատվության զգացումը՝ անչափ մեծ. ցանկացած թերացում կարող է լուրջ ու անդառնալի հետևանքներ ունենալ: Վիրահատության ժամանակ սովորածդ, տեսածդ սկսում ես վերարտադրել, հիշում ես ուսուցիչներիդ խորհուրդները… Իսկ վիրահատությունից հետո հոգեկան բավարարվածություն ես զգում, որը լիովին լրացնում է ապրածդ անհանգստությունն ու ծանր զգացողությունները:

-Վիրաբույժի համար ո՞րն է ամենամեծ գնահատանքը, վարձատրությունը…

-Վիրաբույժն իրեն վարձատրված է զգում, երբ ակնհայտ է աշխատանքի արդյունքը: Եթե թերապևտիկ պրոֆիլի հիվանդությունների դեպքում բուժումը երկարատև է, և արդյունքը երևում է ժամանակի ընթացքում, վիրաբույժը տեսնում է այն անմիջապես: Եվ … երբ հիվանդի աչքերում շնորհակալություն ես տեսնում:

– Դուք ԱԲՋ-ի՝ դիրքերից տարհանվող վիրավորին ընդառաջ գնացող խմբի կազմում մեկնու՞մ եք: Հիշու՞մ եք առանձանահատուկ բարդ դեպքեր…

– Այո, սակայն այն դեպքերում, երբ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, հիմնականում մեր ԱԲՋ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն են ընդառաջ գնում: Մենք՝ վիրաբույժներս, այստեղ համակարգում ենք վիրահատարանի աշխատանքները: Թիմ ենք ստեղծում, որը պետք է դիմավորի վիրավորին:

– Այս մի քանի օրերի ընթացքում ես հիանալու բազում առիթներ ունեցա… Իսկապես ոգևորիչ է ճանաչելը իրենց գործի նվիրյալ մասնագետների, բժշկական կուռ թիմի, որը միշտ պայքարի մեջ է՝ հանուն կյանքի… Դուք ոչ միայն պայքարում, փրկում եք հիվանդներին, այլև ապրում եք նրանց հետ նույն հարկի տակ՝ հոսպիտալին կից: Ես պատկերացնում եմ, թե դա որքան դժվար է… հաջողվու՞մ է այս պայմաններում գոնե փոքր-ինչ կտրվել ու հանգստանալ:

-Մեծ դժվարությամբ, բայց փորձում ենք հանգստանալ երեկոյան ժամերին, եթե լարվածություն չկա: Թեկուզ կարճ ժամանակով (ընդհանրապես կտրվել հնարավոր չէ). բոլոր մտքերդ, զրույցներդ ակամա վերաբերում են հիվանդներին: Մյուս կողմից, մեր այստեղ գտնվելը նպաստում է աշխատանքի արդյունավետությանը. գիշերվա ցանկացած ժամի մենք պատրաստ ենք ընդամենը հաշվված րոպեների ընթացքում հասնել մեր օգնությանն սպասող հիվանդին:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_6942 (Medium)
  • IMG_6983 (Medium)