Պատերազմը վերաձևեց մարդկային հոգիները

Պատմում է ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Զորի Սաղյանը:

Ես ընդամենը 20 օրվա ուսանող էի, երբ կամավոր աշխատանքի անցա Ստեփանակերտի հոսպիտալում: Կարելի է ասել, բժշկությունից ոչինչ չէի հասկանում: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ մտա վիրասրահ, ինձ համար ամեն ինչ հետաքրքիր էր ու անծանոթ: Սեղանիկի վրա մի փոքրիկ տուփ էր դրված: Մոտեցա ու ձեռքս տուփի մեջ մտցնելով՝ հանեցի պարունակությունը. վերքերը կարելու թելեր էին: Այդ պահին զգացի մեկի խիստ հայացքը: Վալերի Մարությանը, զարմացած ու երևի թե զայրանալու պատրաստ, ինձ էր նայում: Անմիջապես թելերը գցեցի սեղանի վրա ու մինչև հասկացա, որ դրանց ձեռք տալ չէր կարելի, արդեն ուշ էր: Շփոթված էի ու ինձ մեղավոր էի զգում: Մարությանը ոչ մի բառ չասաց՝ հակառակ իմ սպասածի, նա այդպիսին էր՝ ըմբռնող, մեծահոգի:

…Սկզբում ես օգնում էի պատգարակները տեղափոխել(վիրավորների հոսքը անպատմելի էր, հաճախ միջանցքներում ոտք դնելու տեղ չէր լինում), օգնում էի սանիտարներին, հետո արդեն նաև վիրակապում էի, կաթիլային միացնում, ցավազրկող ներարկում, բայց ես ավելին էի ուզում անել՝ լինել մարտադաշտում և այնտեղ օգնել , փրկել վիրավորներին: Իհարկե, ինձ թույլ չէին տալիս, բայց կարողացա համոզել Սամվել Գևորգյանին, որն այն ժամանակ հոսպիտալի պետն էր, և բուժակներ Զավենի, Մարինկայի հետ կենտրոնական պաշտպանական գնդի կազմում մեկնեցի մարտադաշտ: Առաջին անգամ այնտեղ տեսա մահը… Վիրավորներին առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխում էինք Աղդամի հոսպիտալ, որտեղ պրոֆեսիոնալ բժիշկների թիմ էր աշխատում երջանկահիշատակ Վալերի Մարությանի գլխավորությամբ՝ Կարեն Պողոսով, Կարեն Բազիյան, Կարեն Բալասանով, Սերյոժա Մովսիսյան:

Երբ մարտադաշտից վերադարձա Ստեփանակերտի հոսպիտալ, արդեն բացի պատգարակներ տեղափոխելուց, վիրակապելուց ու ներարկելուց, գիշերները հերթապահում էի վերակենդանացման բաժանմունքում: Առիթը բաց չէի թողնում վիրասրահում հետևելու վիրաբույժների աշխատանքին, որոնք, ժամերով ոտքի վրա, առանց ընդմիջումների վիրահատություններ էին կատարում: Հետևում էի նրանց աշխատանքին ու մտածում. «Երանի մի 10 տարով մեծ լինեի. արդեն ավարտած կլինեի ինստիտուտը, կայացած վիրաբույժ կլինեի ու նրանց հետ ես էլ կփրկեի մարդկանց կյանքը»:

… Ծանր օրերից մեկն էր: Մեծ թվով վիրավորներ, դիակներ էին բերել: Դիակները առանձնացրել էինք, և ամեն անգամ դուրսուներս անելիս հայացքս ակամա սահում, կանգ էր առնում նրանց վրա: Հանկարծ նրանց միջից մի ծանր տնքոց լսեցի: Սկզբում մտածեցի, որ ինձ թվաց, նույնիսկ սարսուռ զգացի: Մի քանի րոպե անշարժ կանգնած մնացի… տնքոցը կրկնվեց… «Չէ, չի թվում, ձայնը դիակների միջից է»,- ասացի ինքս ինձ ու արագ մոտենալով բժշկին՝ պատմեցի, որ դիակների միջից ձայն է գալիս: Բոլորը վազեցին այնտեղ ու գտնելով վիրավորին՝ անմիջապես տարան վիրասրահ: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր՝ բազմաբեկորային վնասվածքներ մարմնի տարբեր մասերում, գլխուղեղի վնասվածք: Փրկվելու հավանականությունը աննշան էր, բայց և այնպես վիրահատեցին նրան, և պատկերացնո՞ւմ եք՝ փրկվեց: Երիտասարդը (նրա անունը Արմեն է), փառք Աստծո, այսօր էլ ապրում ու աշխատում է:

Պատերազմը հրեշավոր էր, այն վերաձևեց մարդկային հոգիները… Ինձ էլ փոխեց, ես հասկացա՝ որն է զինվորական բժշկի ճանապարհը: Եվ այսօր շնորհակալ եմ ճակատագրիս, որ այդ պատմական ժամանակաշրջանում պատիվ ունեցա ծառայելու հայրենիքիս, պատիվ ունեցա ծանոթանալու, աշխատելու այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք Վալերի Մարությանը, Սամվել Գևորգյանը, Կարեն Պողոսովը, Կարեն Բազիյանը, Կարեն Բալասանովը, Սերյոժա Մովսիսյանը, Ալեքսեյ Մաղաքյանը, Մեսրոպ Մարգարյանը, Վլադիմիր Մուսայելյանն էին, և հատկապես Արշակ Գասպարյանը, որը հետագայում ինձ իսկական վիրաբույժ դարձրեց:

Անահիտ Չիբուխչյան