Կոչմանը հավատարիմ

… Իննսուներկուսի ամառն էր…

Թեժ մարտեր էին մղվում Աղդամի մատույցներում: Ասկերանի պաշտպանական շրջանի գնդի բուժմասի անձնակազմն աշխատում էր ամբողջ ծանրաբեռնվածությամբ:

…Ահա բերեցին հերթական ծանր վիրավորին: Էդուարդ Ստեփանյանը ժամանակ չկորցրեց. «Տանել վիրահատական սենյակ»: Դժվարին փորձություն էր սպասվում վիրաբույժ Ստեփանյանին: Թշնամու գնդակը վիրավոր մարտիկի աջ այստոսկրից մտել և ճակատի ձախ մասով դուրս էր եկել՝ փշրելով ճակատոսկրը: Այդ տարիներին նման բարդության վիրահատության հաջող ելքը հատկապես գնդի բուժկետում, բուժսարքավորումների բացակայության պայմաններում մեծապես պայմանավորված էր բժշկի մասնագիտական հմտություններով և խիզախությամբ:

Գոյամարտեր միայն առաջին գծում չեն լինում: Սկսվեց ահավոր մի գոյամարտ՝ մահվան և բժշկի միջև՝ հայրենքի համար մարտնչող զինվորի կյանքը փրկելու միջև: … Երկու օր հետո միայն վիրավորի գիտակցությունը վերականգնվեց, իսկ մեկ շաբաթ անց, երբ նա սկսեց խոսել, տեղափոխվեց Ստեփանակերտի զինվորական կենտրոնական հոսպիտալ:

Քանի՜-քանի՜ այսպիսի վիրահատություններ է կատարել վիրաբույժ Էդուարդ Ստեփանյանը: Քանի հոգու կյանք է փրկել նա: Էդուարդ Ստեփանյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտ քաղաքում: 1980 թ. ավարտել է մայրաքաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը: Բժշկի մասնագիտություն ձեռք բերելուց հետո՝ 1986-1989թթ Հյուսիսային Ղազախստանում աշխատել է որպես վիրաբույժ, ապա Արցախյան իրադարձությունների կանչով վերադարձել Ստեփանակերտ՝ աշխատանքի անցնելով մանկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում որպես վիրաբույժ:

Երբ սկսվեց խուլ շրջափակումը, 1991 թվականին Էդուարդը Հադրութի Խծաբերդի երկրապահ ջոկատի հետ էր: Իսկ երբ սկսվեց կազմավորվել Արցախի կանոնավոր բանակը, Էդուարդը ծառայության անցավ Ասկերանի գնդում: 1994 թվականին նշանակվել է Ասկերանի պաշտպանական շրջանի գնդի բուժկետի պետ: Պատերազմի բովով անցած բժիշկն այսօր էլ ունի նույն հավատամքը՝ անմնացորդ նվիրվել իր կոչմանը:

Հայրենի կառավարությունը և բանակի ղեկավարությունը բարձր են գնահատել Էդուարդ Ստեփանյանի ծառայությունները և արժանացրել նրան բազում շնորհակալագրերի, մեդալների և շքանշանների:

Տանյա Առստամյան