Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ հանուն ռազմական առողջապահության զարգացման

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը այցելեցին Հայաստանի ամերիկյան համալսարան: Ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի տնօրեն, Քաղաքագիտության բաժնի դասախոս Արփի Բալյանը, Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրեն, Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ուժերով կազմել և իրականացնել կրթական ծրագիր՝ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» թեմայով: Ծրագրի ուսումնադիդակտիկ նյութերը, ուսումնական ձեռնարկները կազմված կլինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կիրառվող ստանդարտ ձևաչափով, կթարգմանվեն հայերեն և կտրամադրվեն դասընթացի բոլոր մասնակիցներին:

«Հայ-ամերիկյան ռազմաբժշկական համագործակցությունը տարիների պատմություն ունի,- նշեց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը,- համատեղ անցկացված գիտաժողովները, վարժանքները, վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տվել ամերիկյան մասնագետների առաջավոր փորձը, գիտելիքները ներդնել նաև մեր ռազմաբժշկական ծառայության մեջ»: Նա նաև կարևորեց անգլերենի ուսուցման կազմակերպումը զինվորական բժիշկների համար. անգլերենի իմացությունը «բացելու է հորիզոնները», հետագայում օտարերկրյա գործընկերների հետ ազատ հաղորդակցվելու, ինքնակրթությամբ զբաղվելու հնարավորություն է ընձեռելու:

ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը իր խոսքում փաստեց, որ տարիների ընթացքում Զինված ուժերում կազմակերպվել, իրականացվել են բժշկական կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներ, որոնք անհերքելիորեն դրական տեղաշարժ են գրանցել: Սակայն այսօր դեռևս բազմաթիվ աշխատանքներ կան, մտահոգիչ հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում: Անհրաժեշտ է ուսումնասիրել բուժսպասարկման որակի գնահատման, վերահսկման չափորոշիչները, բանակում համաճարակների վտանգը, դրանք կանխելու եղանակներ առաջարկել:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը նույնպես հայտնեց իր դիտարկումները ռազմական առողջապահության համակարգը զարգացնելու, միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու, համատեղ ծրագրեր մշակելու, իրականացնելու վերաբերյալ. այդ ծրագրերը, բարձրացնելով ռազմաբժշկի գիտական, կրթական մակարդակը, համակարգը կատարելագործելու հնարավորություն կտան:

Հանդիպման ավարտին Ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի տնօրեն, Քաղաքագիտության բաժնի դասախոս Արփի Բալյանը, Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրեն, Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը համոզմունք հայտնեցին, որ կրթական ծրագրերի շրջանակում հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակական է լինելու և նպաստելու է ռազմական առողջապահության զարգացմանը: