Ծառայական ուղին՝ միասին

-Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու…
-Բժշկուհի:
-Ինչու՞…
-Որ բուժեմ զինվորներին … հայրիկիս պես…
Սուսաննայի հետ ծանոթությունս Մարտակերտում անցկացրած օրերի ամենագեղեցիկ ու չմոռացվող հուշերից է: Սև խաղողի հատիկներ հիշեցնող խելացի աչքերով ու անուշ ժպիտով փոքրիկը Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի լաբորատորիայի պետ, բուժծառայության կապիտան Ղևոնդ Թադևոսյանի դուստրն է:
Բժշկի ընտանիքը՝ կինը՝ Անժելան, և փոքրիկ դուստրերը՝ Սուսաննան և Իրինան, բնակվում են ԱԲՋ-ի բուժական մասնաշենքի հարևանությամբ գտնվող, բժիշկների համար նախատեսված բնակարաններից մեկում: Փոքրիկ Սուսաննայի հետ անմիջապես ընկերանում եմ, իսկ երեկոյան հյուրընկալվում բժշկի տանը:
Անժելան անթաքույց հպարտությամբ է պատմում, որ անտեսելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները, մշտապես տեղափոխվելով մի վայրից մյուսը՝ ամուսնու ծառայական ողջ ուղին միասին են անցել:
-Պատասխանատու է զինվորական բժշկի կին լինելը: Ես գիտակցել եմ, որ մեր ճանապարհը հարթ չի լինելու, բայց պատրաստ եմ եղել պատվով անցնելու բոլոր փորձությունների միջով, մեզ համար կարևորը միասին լինելն է,-ասում է Անժելան:- Ամուսնուս ծառայությունը մեզ տարել է քաղաքից քաղաք. մեր ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատել Աշտարակում, Շորժայում, Աբովյանում, Կուբաթլուում, այժմ արդեն գրեթե ինը ամիս է՝ Մարտակերտում ենք (թեև այստեղ իրադրությունը երբեմն սրվում է, սակայն դա չի վհատեցնում ինձ): Իհարկե, դժվար է ամեն անգամ նոր բնակավայրին հարմարվելը, հատկապես երբ երեխաները փոքր են: Ճիշտ է, Մարտակերտում մանկապարտեզ կա, բայց ես միշտ տանն եմ, և երեխաները ինձ հետ են: Ավագ դուստրս՝ Սուսաննան, զրուցընկերս է: Ամռան ամիսներին այստեղ աշխուժություն է տիրում: Գալիս են նաև մյուս բժիշկների կանայք, երեխաները, և առօրյաս հետաքրքիր ու հագեցած է լինում:
Ես նայում եմ լուսամուտից դուրս, որտեղից երևում են ԱԲՋ-ի բուժական մասնաշենքը, մուտքի դարպասները:
-Ամբողջ շարժը մեր աչքի առջև է: Տեսնում եմ՝ ինչպես են ընդունում հիվանդներին, վիրավորներին, ինչպես են բժիշկները, արդեն մտերիմներ դարձած, ճանապարհում նրանց,-շարունակում է Անժելան,- ինքս մասնագիտությամբ բուժքույր եմ, հասկանում եմ ծառայության բարդությունները և չեմ կարող անտարբեր մնալ: Եղել են օրեր, երբ շատ երկար եմ սպասել(ամուսնուս բացակայությունը, գիշերային կանչերը սովորական են դարձել): Զինվորական բժշկի ծառայությունն անմնացորդ նվիրում է պահանջում: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր զինվորական բժիշկներին և նրանց կողքին լինելը ինձ ուժ, հպարտություն է ներշնչում:
Հանկարծ Սուսաննան ընդհատում է մորը.
-Թուրքերը հիմա հեռու տեղ են: Եթե մոտ լինեն, կկրակեն:
-Մեր զինվորները կպաշտպանեն քեզ, փոքրիկ,-պատասխանում եմ նրան:
– … Իմ խաղալիքներով կծեծեմ թուրքերին:
… Արդեն կեսգիշեր է: Բժիշկ Թադևոսյանի նախաձեռնությամբ գնում ենք մոտակայքում գտնվող մատուռ: Գիշերային խավարում հեռվից նշմարվում է այն՝ ամբողջովին լույսերի մեջ: Երկու զինվոր հսկում են մուտքը… և մենք աղոթում ենք, որ արշալույսները խաղաղ բացվեն:
Հասմիկ Գյոզալյան