«Ես բժիշկ եմ, բայց գալիս եմ կռվելու»

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Արտավազդ Սարգսյանը:

1992-ի ապրիլին ինձ հրավիրեցին առողջապահության նախարարություն. գնդապետ Կարեն Դարբինյանը առաջարկեց մեկ ամսով մեկնել Մեղրի՝ տեղի բնակիչներին բժշկական օգնություն ցուցաբերելու: Ես խնդրեցի ինձ ուղարկել Արցախ… և մեկնեցի Ստեփանակերտ, որտեղ պետք է աշխատեի գյումրեցի բժիշկների հետ (նրանք գալու էին 2-3 օր անց): Գյումրիից ժամանեցին վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը, վնասվածքաբան Գևորգ Խումարյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Վարդան Սարգսյանը, բուժքույրեր Էլիզան և Սուսանը: Վարդանը մնաց հյուրանոցում՝ ծննդատանը մոտ լինելու համար, մյուսներս տեղավորվեցինք հիվանդանոցում:

Ապրիլի վերջին օրերին առաջադրանք ստացանք՝ ապահովելու ազատամարտիկների բուժօգնությունը մարտական գործողությունների ընթացքում: Գործողությունը ղեկավարելու էր Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Գործողության նպատակն էր դուրս գալ Շուշին Ջանհասան, Քյոսալար գյուղերի հետ կապող ճանապարհի վրա և այն վերցնել հսկողության տակ: Այդ գյուղերը վնասազերծելու նախորդ փորձերը ձախողվել էին, քանի որ Շուշիից ռազմական տեխնիկայով օգնության էին հասնում հակառակորդին, և գերակշիռ ուժերի ճնշման տակ մեր ազատամարտիկները ստիպված նահանջում էին: Այդ օրը՝ ապրիլի 29-ին, մեր տղաները 3-4-ժամյա մարտից հետո առանց կորստի դուրս եկան ճանապարհի վրա, սակայն այս անգամ էլ Շուշիից մեծաքանակ ռազմական տեխնիկա եկավ, և մեր տղաները ստիպված էին զիջել գրավված դիրքերն ու նահանջել:

Ելման դիրքերից 300-350 մետր հեռավորության վրա՝ մի գետնափորում, մեր դաշտային բուժկետն էր, այդտեղ էլ ընդունեցինք առաջին վիրավորներին: Երրորդ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էր՝ շոկային վիճակ, կրծքավանդակի հրազենային թափանցող վերք՝ թոքի վնասումով, ներքին արյունահոսություն: Բաբկենի հետ կատարեցինք պլևրայի խոռոչի դրենավորում և հակաշոկային միջոցառումներին կիրառելով՝ վիրավորին տեղափոխեցի Ստեփանակերտի հոսպիտալ: Երբ վերադարձա, հակառակորդն արդեն գրավել էր մեր գետնափոր «տնակներից» մի քանիսը: Մարտական գործողությունները ընթանում էին անտառի մեջ՝ մեր դաշտային բուժկետից ընդամենը 250-300 մետր հեռավորության վրա: Տղաներից ոմանք նույնիսկ խուճապի մեջ էին. անհնար էր ավտոմատներով կռվել զրահատեխնիկայի դեմ: Հանկարծ Բաբկենը հանեց սպիտակ խալաթը, վերցրեց ավտոմատներից մեկը և դիմեց տղաներին.

-Տղերք, ես բժիշկ եմ, բայց գալիս եմ կռվելու: Ով տղամարդ է, թող գա իմ ետևից:

Այդ ասելով՝ նա շարժվեց դեպի անտառի խորքը, որտեղից լսվում էր հուժկու կրակահերթը: Տղաները վերցրին ավտոմատները և հետևեցին նրան, բայց չանցած մի քանի րոպե՝ Բաբկենը վերադարձավ. մարտիկները նրա ձեռքից վերցրել էին ավտոմատը ու պահանջել, որ բուժկետ վերադառնա…

Կարճ ժամանակ անց մեզ օգնության հասան 2 միավոր զրահատեխնիկա, և օրվա վերջում մերոնք կարողացան գրավել նախնական դիրքերը: Այդ օրը 4 զոհ, 23 վիրավոր տվեցինք: Հակառակորդի զոհերի թիվը անցնում էր 60-ից:

Անահիտ Չիբուխչյան