«Պատերազմը վնասվածքների համաճարակ է»

Անձրևի ծանր կաթիլները թափվում էին մեքենայի դիմապակուն, օդը մառախլապատ էր: Պատուհանից նայում էի դուրս՝ փորձելով հիշողության աչքերով մեկընդմիշտ ամրագրել մտքիս մեջ դեպի Մատաղիս տանող ճանապարհի ամեն մի ակնթարթը: Իսկ երբ վերջապես երևաց զորամասը՝ անառիկ ու անպարտելի, խոնարհումով հիշեցի բոլոր ընկած տղաների անունները… ու փառավորեցի առաջնագծում կանգնած հայ զինվորին:

Զորամասի անցակետում մեզ դիմավորեց զորամասի բուժծառայության պետ, բ/ծ լեյտենանտ Սարգիս Վլասյանը: Անձրևը չէր դադարել:

-Ժամանակավոր բուժկետը մի փոքր հեռու է, նոր բուժկետը ճանապարհին է, կարող ենք այնտեղ սպասել,- առաջարկեց երիտասարդ զինվորական բժիշկը, և մենք նրան հետևեցինք:

Նորակառույց բուժկետը երկհարկանի շինություն էր, որտեղ վերանորոգման-շինարարական աշխատանքներ էին ընթանում. շրջեցինք ապագա հիվանդասենյակներում, մեկուսարանում, բժիշկների աշխատասենյակում, դեղատանը, տեսանք՝ որտեղ է լինելու ատամնաբույժի կաբինետը… իսկ հետո որոշեցինք, այնուամենայնիվ, չսպասել անձրևի կտրվելուն, որովհետև հորդ, սառը անձրևը դեռ աղմկոտ թափվում էր ու դադարելու մտադրություն չուներ: Րոպեներ անց ժամանակավոր բուժկետում էինք: Այնտեղ էին բուժկետի պետ Արտակ Միրաքյանը, բժիշկ-մասնագետ Համբարձում Քենդերյանը:

-Ձեր մասին լսել եմ,- ողջունելով նրանց՝ ասացի ես:

-Ումի՞ց,- հետաքրքրվեցին բժիշկները:

-Զինվորն է պատմել: Սեպտեմբերի 25-ին հրետակոծված ուսումական ստորաբաժանումը Ձեր զորամասինն էր, դուք եք առաջինը օգնության հասել վիրավորներին:

Համբարձում Քենդերյանը, ոչինչ չպատասխանելով, վառեց ծխախոտը ու շրջվելով դեմքով դեպի պատուհանը՝ սկսեց ծխել: Անձրևի պղտոր ջրերը վազելով իջնում էին ապակու վրայից:

-Այդ օրը վաշտի հետ ուսումնական վարժանքի նա էր բարձրացել… Հարութը նրա ձեռքերում է մահացել,-նայելով Քենդերյանին՝ կիսաձայն շշնջաց Միրաքյանը… ու խոնարհեց հայացքը:

Սենյակում լռությունը ծանրացել էր:

-Մենք մենակ չենք եղել, մեզ օգնության եկան մոտակա զորամասերից…,- պատմեց Սարգիս Վլասյանը:- Զորամասի ամբողջ բուժանձնակազմը դեպքի վայր հասավ առաջին հարվածից րոպեներ անց, հրետակոծությունը շարունակվում էր: Սարսափելի տեսարան էր՝ զոհեր, վիրավորներ, և բազմաթիվ զինվորներ, որոնք չէին ցանկանում հեռանալ իրենց վիրավոր ընկերների կողքից, ուզում էին օգնել նրանց: Ամեն վայրկյանը կյանք արժեր, անհրաժեշտ էր արագ կողմնորոշվել: Ծանր վիրավորները անմիջապես տեղափոխվել են Մարտակերտի ԱԲՋ. այնտեղից համապատասխան մասնագետներով համալրված, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաները եկել են մեզ ընդառաջ և րոպե առաջ վիրավորներին հասցնելով ԱԲՋ՝ անհապաղ սկսել վիրահատությունները: Հենց նրանք՝ Մարտակերտի առանձնին բժշկական ջոկատի բուժանձնակազմը, Իվանյան հոսպիտալից, Ստեփանակերտից եկած բարձրակարգ մասնագետները երկրորդ կյանք պարգևեցին մեր տղաներին:

Թեթև վիրավորներին նախ բերեցինք բուժկետ և անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո միայն տեղափոխեցինք Մարտակերտի ԱԲՋ: Սակայն անհրաժեշտ էր նաև մանրակրկիտ զննել մյուս բոլոր զինծառայողներին, որոնք դեպքի վայրում էին եղել, որպեսզի որևէ մեկի մարմնի վրա բեկոր կամ վնասվածք չմնար (այդպես էլ է պատահում, արտաքուստ կտրվածք, արյուն չկա, բայց բեկորը մտած է լինում մաշկային, ենթամաշկային հյուսվածքների մեջ, ինչը հետագայում ծանր հետևանք կարող է ունենալ):

Բուժկետում հիվանդներ ունեինք, որոնք երբ լսեցին դեպքի մասին, հագնվել էին, զենք ու համազգեստ էին պահանջում, որ դիրքեր բարձրանան: Նրանք կարծես մի քանի րոպեում ավելի էին հասունացել, արիացել, բոլորը վճռական էին տրամադրված, ու եթե այդ պահին հրաման տրվեր, առաջ կնետվեին: Ընկերների կորուստը այսօր էլ հանգիստ չի տալիս նրանց, բայց նաև գիտակցում են, որ պետք է խաղաղվեն, զգոնությունը չկորցնեն և խելամիտ, սթափ դատողությամբ շարունակեն ծառայությունը:

-Ձեր զորամասը Արցախի հյուսիս-արևելյան դարպասն է, որի ուղղությամբ հակառակորդի կողմից ոտնձգություններ հաճախ են լինում: Բարդ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ի՞նչ հիմնախնդիրներ ունի բուժծառայությունը:

-Բոլոր զորամասերում բուժծառայության հիմնախնդիրը զինվորի առողջությունը, մարտունակությունը պահպանելն է: Սակայն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պետք է ամեն վայրկյան առավելագույն զգոնություն ցուցաբերել, բոլոր հենակետերում առաջին բուժօգնության անհապաղ կազմակերպումը ապահովել, բուժկետում հիվանդներին տալ այն ամենը, ինչի կարիքն ունեն, նրանց բուժել կամ հոսպիտալ տեղափոխել և օր առաջ շարք վերադարձնել, ինչն էլ փորձում ենք իրականացնել:

-Եվ հաջողությամբ կատարում եք… Անցյալ տարի Մատաղիսի զորամասի բուժծառայությունը լավագույնն է համարվել: Սակայն անկեղծ լինեմ. գալով այստեղ՝ կարծում էի՝ «հզոր» բուժկետ կտեսնեմ:

-Ձեր պատկերացրած հզոր բուժկետը կունենանք վերանորոգումից հետո: Բայց հավատացեք, զորամասային օղակում բուժծառայությունը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար բուժկետի հզորությունը առաջնայինը չէ: Էականը բուժանձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածությունն է, զինվորին օգնելու պատրաստակամությունը. պետք է զինծառայողների հետ բացատրական աշխատանքներ տարվեն, հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումները ժամանակին կատարվեն և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պետք է պարզապես առանց թերացումների, բարեխղճորեն լուծել:

Զորամասային օղակում բուժծառայության իրականացման որակը գնահատելու համար հստակ չափորոշիչներ կան: Տարվա ընթացքում բազմաթիվ ստուգումներ են լինում, իսկ մեր զորամասում, որքան գիտեմ, թերություններ չեն հայտնաբերվել: Դա նրանց վաստակն է,- ցույց տալով ծառայակից ընկերներին՝ ասում է Սարգիս Վլասյանը,- և նախկին բուժծառայության պետի: Ես 2015-ի հունիսից եմ ծառայում այստեղ:

-Արդեն որոշե՞լ եք՝ հետբուհական կրթությունը կլինօրդինատուրայում որ ուղղությամբ եք շարունակելու:

-Այո, վնասվածքաբանությունն եմ ընտրել, «պատերազմը վնասվածքների համաճարակ է», իսկ մեր տարածաշրջանում պատերազմները հաջորդում են իրար, զինադադարը ժամանակավոր, ցավոք, երբեմն ձևական բնույթ է կրում:

Ծանոթանալով զորամասային օղակում բուժծառայության կազմակերպման, իրականացման առանձնահատկություններին, բուժծառայության պետի, բժիշկ-մասնագետների ծառայական բարդ, հագեցած առօրյային՝ զորամասի բուժծառայության պետ Սարգիս Վլասյանի հետ եղանք նաև ճաշարանում: Ճաշի ժամն էր: Սեղաններն արդեն պատրաստ էին: Զինվորները ներս մտան, և երբ բոլորը կանգնած էին սեղանների մոտ, մեկ մարմին, մեկ հոգի դարձած՝ միաձայն աղոթեցին.

-Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրները, որ Տերն է պատրաստել մեզ համար: Օրհնյալ է Տերը իր պարգևների համար: Ամեն:

Տեսնելով իմ հիացմունքը՝ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Զոհրապ Մկրտչյանը ավելացրեց.

-Մեր զինվորները գոհության աղոթք են ասում նաև ճաշից հետո:

Բոլորը նստեցին, և ճաշարանը կենդանացավ սպասքի ձայներից:

…Երբ բարձրանում էինք մարտական հերթապահություն իրականացնող հենակետ, բուժծառայության պետ Սարգիս Վլասյանին հարցրի.

-Ինչո՞ւ եք ընտրել զինվորական բժշկի մասնագիտությունը:

Երիտասարդ զինվորական բժիշկը չշտապեց պատասխանել… բայց զգալով, որ դեռ պատասխանի եմ սպասում, ասաց.

-Կկարողանամ զինվորի կողքին լինել, նրան բուժել, օգնել, չէ՞ որ նրանք էլ, թիկունքով դեպի յուրայինները, դեմքով դեպի հակառակորդը, գիշեր ու զօր մեզ են պաշտպանում: …Գուցե չհավատաք, արդեն մի քանի ամիս է, Մատաղիսում եմ, գիշերը գլուխս դնում եմ բարձին ու չեմ կարողանում քնել: Մտքերով դիրքերում եմ՝ անքուն կանգնած տղաների հետ. նրանք դեռ երիտասարդ են, նրանց կյանքը առջևում է, իսկ վտանգը մեծ է… ամեն վայրկյան կարող են նորից հրետակոծել:

-Կպատասխանենք:

-Կպատասխանենք, բայց զոհված տղաներին այլևս ետ չենք բերի….,- պատասխանեց բժիշկը, ու նրա դեմքին ես նորից տեսա այն ծանր ցավը, որ ապրել էր նա, երբ կորցրել էր իր զինվորներին, և զգում է… ամեն անգամ նրանց հիշելիս:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_0036 (Medium)
  • IMG_0180 (Medium)