«Քաղցկեղ» բառն առաջին անգամ գործածել է Հիպոկրատը

Որքան էլ զարմանալի է՝ քաղցկեղը՝ իբրև հիվանդություն, մարդկությանը հայտնի է եղել դեռևս անհիշելի ժամանակներում՝ շուրջ 5000 տարի առաջ:

Գիտնականները երկարատև հետազոտությունների արդյունքում անհավանական փաստեր են հայտնաբերել: Ուսումնասիրելով դինոզավրերի կմախքները՝ նրանք բացահայտել են, որ նախապատմական ժամանակաշրջանում ապրող հսկաները տառապել են քաղցկեղային հիվանդություններով: 708 կմախքների ուսումնասիրության արդյունքում դրանցից միայն մեկի մոտ հայտնաբերվել է գոյացություն՝ ճյուղավորումների հետքերով: Սա համապատասխանում է կենդանիների հիվանդացության այսօրվա վիճակագրությանը:

Դժբախտաբար, այս սարսափելի հիվանդությունը սպառնում էր նաև մարդուն: Ինչպես բացահայտվել է մումիաների ներքին օրգանների մանրակրկիտ զննությամբ, հին եգիպտացիները տառապել են քաղցկեղով: Չարորակ գոյացության հետքեր են հայտնաբերվել 2300 տարի առաջ մահացած մարդկանց օրգանիզմներում:

«Քաղցկեղ» բառն առաջին անգամ գործածել է Հիպոկրատը: Նշանավոր բժշկի հիվանդներից մեկը տառապում էր մի հիվանդությամբ, որը նա անվանեց «կարցինոմա»: Բժիշկը գոյացությունը նկարագրել է որպես այտուցված կենդանի, իսկ այն սնուցող անոթները համեմատել խեցգետնի ճանկերի հետ: Կենդանու հետ արտաքին նմանության պատճառով Հիպոկրատը հիվանդությունն անվանեց «karkinos», որը հունարենից թարգմանաբար նշանակում է խեցգետին` «рак»: Ախտածին գոյացության նկարագրության համար Հիպոկրատը հետագայում գործածել է նաև «onkos» եզրը:

Մինչև ախտորոշիչ սարքավորումների գյուտը և դրանց կիրառումը բժշկագիտության մեջ՝ հիվանդությունների ախտորոշումը կատարվում էր հիվանդի գանգատների և առաջնային ոչ գործիքային զննումների հիման վրա: Այդ պատճառով երբեմն գանգատները վերագրվում էին այլ հիվանդությունների: Սակայն մանրակրկիտ հետազոտության եղանակների բացակայության պայմաններում Հիպոկրատը կարողացել է առանձնացրել և բնութագրել այս հիվանդության ախտածին դրսևորումները, բուժման եղանակներ է ուսումնասիրել: «Թաքնված քաղցկեղի դեմ ավելի լավ է որևէ բուժում չնշանակել, քանի որ այդ դեպքում հիվանդը շուտ է մահանում, իսկ առանց բուժման նա կարող է ավելի երկար ապրել»,- այս միտքը Հիպոկրատինն է: Նա հիվանդության առաջացման պատճառ էր համարում 4 հիմնական հեղուկներից (արյուն, լորձ, դեղին և սև մաղձ) մեկի՝ սև մաղձի կուտակումը մարմնի տարբեր մասերում: Եվ այս հեղուկների հավասարակշռության խախտումը, ըստ Հիպոկրատի, ծանր հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն էր:

Հետագայում քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվել է մ.թ. 2-րդ դարի հռոմեացի վիրաբույժ Կլավդիոս Գալենը: Նա նույնպես նշել է, որ չարորակ գոյացությունը նմանվում է խեցգետնի, իսկ ճյուղավորումները՝ կենդանու ճանկերի, որոնք տարածվում են իր մարմնի շուրջ: Վիրաբույժը զգուշացրել է, որ հիվանդության վերջին փուլում պետք է բացառել բոլոր բժշկական միջամտությունները: Փոխարենը նա ուղիներ էր որոնում հիվանդությունը վաղ փուլում կանխելու՝ համոզված լինելով, որ այդպես կարելի է փրկել հիվանդների կյանքը:

Պատրաստեց Ա. Իսպիրյանը