«Մեզ հետ Աստված և մեծ հայորդիների… անհանգիստ հոգիները»

Տարիներ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մտահղացմամբ զինված ուժերում գործարկվեց «Արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների ու նորմացույցների ուսուցման «Վահագն» համակարգը»՝ հայոց դիցարանում ռազմի աստված Վահագն Վիշապաքաղի անունով: Կրելով «Վահագն»-ի արժեհամակարգը՝

Վարպետություն,

Անձնուրացություն,

Հանդգնություն,

Արագություն,

Գերազանցություն,

Նպատակասլացություն՝

հայ զինվորը գերազանցելու է հակառակորդին, գերազանցելու է իր նախորդներին, գերազանցելու է իր իսկ ցուցանիշները և հաղթողի հպարտությամբ, հաղթողի վստահությամբ հսկելու է հայրենիքի անդորրը:

Գնդապետ Հարություն Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Զոհրապ Մկրտչյանը, ներկայացնելով Մատաղիսի թագավորության «հայ ասպետներին»՝ Ժորա Աֆրիկյանին, Ակսել Դավեյանին, Արման Մարդոյանին, Նարեկ Մովսիսյանին, Նորայր Մելքումյանին, Էրիկ Ծերունյանին և Ռուբիկ Եսայանին, հպարտությամբ նշեց, որ թիմի մյուս 6 անդամները այդ պահին մարտական հերթապահություն են իրականացնում.

-Մեր զինվորները ոչ միայն կանգնում են առաջնագծում՝ անառիկ պահելով Արցախի հյուսիսարևելյան դարպասը, այլև ծառայությանը զուգահեռ շարունակում են սովորել՝ զարգացնելով, հզորացնելով իրենց հոգևոր, ինտելեկտուալ սպառազինությունը: Նրանք մասնակցում են դիվիզիայի գեղարվեստական ինքնագործունեության խմբերի մրցույթներին և հաղթում են: Մասնակցել են «Հայ ասպետ» հեռուստախաղին և կիսաեզրափակիչ փուլ են անցել:

Թիմում տեսնելով Ակսել Դավեյանին, որին «Հայ ասպետ» հեռուստախաղի ակունքներից գիտեմ և նրա խրոխտ, ոգեղեն կատարումները այսօր էլ կարոտում եմ, փորձեցի հետաքրքրվել՝ ինչ տվեց մյուս զինվորներին մասնակցությունը «Հայ ասպետ» անկրկնելի հեռուստախաղին:

-Թիմում ինքնադրսևորվելու հնարավորութուն:

-Թիմային աշխատանքը արդյունավետ ուղղորդելու կարողություն:

Թիմային ոգին զգալու ուժ, հպարտություն:

-Այսօր ես կարող եմ գաղափարապես սատարել ծառայակից ընկերոջս, և ընկերոջը սատարելու ձգտումը, որը աստիճանաբար կենսակերպ է դառնում մեզանից յուրաքանչյուրի համար, զգում ենք նաև խրամատում, երբ պատրաստ ենք, սեփական կյանքը վտանգելով, պաշտպանել միմյանց:

-Մենք բոլորս տարբեր նախասիրություններ ունենք, տարբեր մասնագիտական կողմնորոշումներ. մեկը օտար լեզուներով է տարված, մյուսը քաղաքագիտություն է ուսումնասիրում, իրավագիտություն, կիրառական մաթեմատիկա, բժշկություն, թիմում ռեժիսոր, երգիչ ունենք: Սակայն «Հայ ասպետ» հեռուստախաղը բոլորիս հետաքրքրությունները միավորեց. հեռուստախաղի կազմակերպիչները մեզ տրամադրեցին ամբողջ գրականությունը՝ Հայ ժողովրդի պատմություն, Հարակից երկրների պատմություն, Աշխարհագրություն, Զորավարներ, Հայոց ցեղասպանություն, Պահանջատիրություն, Ազգային գաղափարախոսություն, Նեմեսիս, Հոգևոր Նժդեհ…

-Ինձ համար «հայտնություն» էր Հոգևոր Նժդեհը,-ասաց զինվորներից մեկը:- Նրա բոլոր արշավանքները սկսվել են եկեղեցուց: Նա եկեղեցում է անցկացրել Սյունիքի և Լեռնահայաստանի համար բախտորոշ համագումարները: Նրա զենքերը, սպարապետական գոտին օծվել են եկեցեցում: Իր զինվորներին մեծ զորավարը մարտի է կոչել Աստծո անունով՝ «Մեզ հետ Աստված և մեծ հայորդիների… անհանգիստ հոգիները»: Ես կարդացել եմ Նժդեհի Աստվածճանաչության խորհուրդները, որոնք մեծ զորավարը գրի է առել բանտում:

– Նժդեհը երկու պաշտամունք ուներ՝ Աստված և հայրենիք: … Նրա զինակիցները հիշում են՝ ինչպես հասնելով Սուրբ Սարգսի մատուռին՝ Նժդեհը հանեց գլխարկը, խոնարհվեց հայոց լեռներին ու երեք անգամ խաչակնքվեց:

Ակսել Դավեյանը, լսելով ընկերներին, ավելացրեց.

-Սակայն Նժդեհը նաև համոզված էր, որ «եկեղեցին պիտի վերագնահատի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել… սիրում է նա, ով ուժեղ է…»:

Ժամանակն անցնում էր աննկատ: Եվ երբ հանդիպման ավարտին Մատաղիսի թագավորության «հայ ասպետները» կատարեցին իրենց հաղթանակ բերած երգը, մի ակորդ էլ ես հիշեցի Նժդեհի «կենդանագիր, հոգևոր շեփորումներից». «Մեր զինվորները հարկ չէ, որ հայհոյեն, ինչպես հակառակորդը, այլ հարկ է, որ մեր զինվորները երգեն ու կռվեն»:

Էդիտա Մելքոնյան