Ձգտում ենք հասնել նախանշված բարձունքներին

Զրույց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Սահակ Օհանյանի հետ.

-Պարո′ն փոխգնդապետ, սովորաբար տարեվերջին ամփոփում են կատարված աշխատանքները, գնահատում ձեռքբերումները և անաչառ վերլուծությունների շնորհիվ փորձում են պարզել՝ որոնք են թերացումների պատճառները: Ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեր ղեկավարած բուժհաստատության համար:

– 2014 թվականի ավարտին, երբ ամփոփում էինք տարվա ընթացքում կատարված աշխատանքները, մեզ համար նախանշեցինք նոր բարձունքներ, որոնց պիտի հասնեինք 2015 թվականին՝ անշուշտ, պահպանելով ու ամրապնդելով արդեն ունեցած ձեռքբերումները: Այսօր գնահատելով 2015 թվականին կատարված աշխատանքները՝ վստահաբար կարող ենք ասել, որ մեր առջև դրված հրատապ խնդիրները լուծվել են, նախանշած ծրագրերը՝ 90 տոկոսով իրագործվել:

Այս տարի շարունակվել են հոսպիտալի բուժական բաժանմունքների շինարարական մեծածավալ աշխատանքները. օրեր առաջ վերաբացվեց հիմնովին վերանորոգված մաշկավեներաբանական բաժանմունքը:

2015 թվականին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի լաբորատորիան համալրվել է ժամանակակից արյան ընդհանուր քննության սարքավորումներով և մեզի անալիզատորներով: Դրանք ոչ միայն առավել արդյունավետ են դարձնում աշխատանքը, այլև թույլ են տալիս լիովին բացառել մարդկային գործոնը:

Մեզ մոտ ծառայության են նշանակվել երիտասարդ, բանիմաց մասնագետներ: Որոշ բաժանմունքներում նոր պետեր են նշանակվել որոնք, վստահ եմ՝ ավելի մեծ եռանդով ու խանդավառությամբ են շարունակելու իրենց ծառայությունը:

Անցնող տարվա ընթացքում մեր հոսպիտալում երեք կոնֆերանս է կազմակերպվել, որոնցից երկուսը վերաբերում էին վիրաբուժական ծառայությանը, մաշկային հիվանդություններին: Կցանկանայի առանձնահատուկ նշել վերջին՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացված կոնֆերանսի մասին, որի ընթացքում քննարկվեցին Զինված ուժերում հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների հիմնախնդիրները, առաջարկվեցին դրանք լուծելու հնարավոր եղանակներ, որոնք ծառայությունն առավել արդյունավետ կդարձնեն:

Նախորդ տարվա համեմատ շուրջ 30 տոկոսով կրճատվել է հոսպիտալ ընդունված զինվորների թիվը, ինչը մեծապես պայմանավորված է զորամասերում իրականացվող հիվանդությունների բուժկանխարգելման և այլ միջոցառումներով: Հոսպիտալից պարբերաբար համապատասխան մասնագետներ են այցելում զորամասային օղակ՝ տեղում պրակտիկ և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով, և այդ համագործակցության արդյունքները տեսանելի են: Այս տարի սուր շնչառական հիվանդությունները, որոնք մեր ամենամեծ մտահոգություններից էին, նահանջել են, և դիտարկումները ցույց են տալիս, որ որևէ վտանգ այդ ուղղությամբ չի սպառնում:

– Ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվելու գալիք տարվա ընթացքում:

– Հաշվի առնելով, որ հոսպիտալը զինվորական ստորաբաժանում է՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև բուժանձնակազմի մարտական պատրաստությանը. 2016 թվականի գերակա խնդիրներից է պահպանել բոլոր ձեռքբերումները և հասնել նոր բարձունքների, նոր հաղթանակներ գրանցել:

Գալիք տարվա ընթացքում կվերանորոգվեն վիրաբուժական, վերակադենդանացման-անզգայացման բաժանմունքները, վիրահատարանը, ռենտգեն կաբինետը:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության կողմից ձեռք է բերվել գերժամանակակից ռենտգեն սարքավորում, որը կգործարկվի 2016-ի առաջին եռամսյակում. սարքավորումը տեղադրելու նպատակով ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից շինարարական, նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն: Ռենտգեն կաբինետի մասնագետները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների: Որպես հոսպիտալի ղեկավար՝ ես չափազանց կարևորում եմ բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացը. այն հնարավորություն Է տալիս բարձրացնելու զինվորական բժշկի գիտական, կրթական մակարդակը:

Տարեցտարի ավելանում են վերադաս հրամանատարության կողմից ներկայացվող պահանջները, մենք նույնպես մեր առջև հավակնոտ ծրագրեր ենք դնում, և կարող եմ վստահեցնել, որ զգալի առաջընթաց կա:

Հուսով եմ՝ 2016 թվականին մեր ցանկություններն ու հնարավորությունները համարժեք կլինեն, և կկարողանանք իրականացնել բոլոր նպատակները:

Հասմիկ Գյոզալյան