Ինքնաբուժումը ոչ միշտ է նպաստավոր

Պլուտարքոսի վկայությամբ՝ նշանավոր զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացուն հետաքրքրել է բժշկագիտությունը, նա նույնիսկ փորձել է բուժել իր մտերիմներին: Զորավարը ճանաչել է բուժիչ հատկություն ունեցող բույսերը. իր արշավանքների ժամանակ դեղաբույսեր է հավաքել և ուղարկել Արիստոտելին:

Դեռևս անհայտ է՝ ում կողմից և ինչ նպատակով են Ալեքսանդր Մակեդոնացուն վերագրվել մի շարք հիվանդություններ, որոնցով, սակայն, մեծ զորավորը երբեք չի տառապել, բայց դարերի ընթացքում մարդիկ հավատացել են այդ պատմություններին. շատերը մինչ օրս համոզված են՝ Մակեդոնացին մեկ աչք ուներ, կաղում էր և տառապում էր էպիլեպսիայով: Այս փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մեկ աչք ունեցել է զորավարի հայրը՝ Փիլիպոսը, էպիլեպսիայով տառապում էր որդին՝ Հերակլեսը, իսկ գանձապահը կաղում էր: Մակեդոնացին, սակայն, բացարձակ առողջ չէր: Որքան էլ նա իրեն համարեր Զևսի անմահ որդի, որքան էլ պնդեր, թե հիվանդությունները շրջանցում են իրեն, իրականությունն այլ էր:

Ալեքսանդր Մեծի պալատական նկարիչ և քանդակագործ Լիսիպոսի կերտած ամենահայտնի դիմաքանդակում զորավարի ծնոտը դեպի վեր է, դեմքը՝ դեպի աջ, գլուխը՝ հետ և ձախ թեքած: Լիսիպոսն առաջնորդվել է Արիստոտելի պնդումով. «Չի կարելի բնությանը դեմ գնալ, պետք է կերտել մեծագույն առաջնորդի կերպարը հնարավորինս բնական»: Նշանակում է՝ արքայի դիմաքանդակը մոտ է նրա իրական դեմքին: Դատելով գլխի այդ դիքրից՝ ենթադրվում է, որ Մակեդոնացին տառապել է շլության հազվադեպ հանդիպող տեսակով: Եթե այս հիվանդությամբ տառապող մարդը փորձի գլուխը ուղիղ պահել, ապա բոլոր առարկաները նրա աչքին կրկնակի կերևան, իսկ ահա գլխի այն դիրքը, որը պատկերված է քանդակում, թույլ է տալիս տեսողության խանգարումները հնարավորինս կրճատել: Ենթադրվում է՝ Մակեդոնացին տառապում էր ձեռքբերովի շլությամբ, քանի որ երիտասարդ տարիքում գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, որն ուղեկցվել էր տեսողության մասնակի կորստով:

Ժամանակակիցները վկայել են, որ «Մակեդոնացու մի աչքը գիշերվա նման սև էր, մյուսը՝ երկնքի պես կապույտ»: Հնում կարծում էին, թե այսպիսի շեղում ունեցող մարդիկ կապ ունեն անդրշիրիմյան աշխարհի հետ, ահա թե ինչու շատերը զորավարի հայացքից սարսափում էին:

Ժամանակակից բժշկությունը պարզել է՝ այդ հիվանդությունը՝ հետերոքրոմիան(աջ կամ ձախ աչքի ծիածանաթաղանթի տարբեր գույներ, կամ անհավասար գույնի բաշխում աչքերից մեկի ծիածանաթաղանթի մասում), վկայում է ստամոքսաղիքային համակարգի ախտահարման մասին:

… Եթե հավատանք ժամանակակիցների վկայություններին, Մակեդոնացուն բժշկական օգնություն է ցուցաբերվել միայն 9 անգամ, որոնցից 8-ը եղել է մարտի դաշտում վիրավորում ստանալու հետևանքով, իսկ 9-րդը՝ լեռնային սառը գետակում լողալուց հետո գիտակցությունը կորցնելու պատճառով: Արքային ոտքի է կանգնեցրել բժիշկ Փիլիպոսը, որից հետո նրան կտրականապես արգելել են ալկոհոլ օգտագործել: Մակեդոնացին, սակայն, չէր կարողանում հրաժարվել գինուց: Դարեհին վերջնականապես ջախջախելուց հետո նա 22 օր կերուխում է կազմակերպել:

Ասում են՝ մահվանից 8 օր առաջ Ալեքսանդրը 8 լիտր գինի է խմել, իսկ հաջորդ օրը նա խմել է Հերակլեսի բաժակից: Զորավարի մահվան ամենահավանական վարկածի համաձայն՝ այդ բաժակի մեջ թույն է լցված եղել: Չնայած ինքնազգացողության կտրուկ վատթարացմանը՝ Ալեքսանդրը դրանից հետո նույնիսկ Արաբական թերակզին նվաճելու պլան է կազմել:

Մինչ օրս չի բացահայտվել՝ որն է զորավարի մահվան իրական պատճառը: Շատերը թերևս մոռանում են Ալեքսանդրի՝ բժշկության հանդեպ ունեցած հետաքրքրության մասին. չէ՞ որ երբ բժիշկները նրան խիստ հորդորել էին չափավոր սնվել, նա ինքնաբուժության նպատակով սկսել է խմել veratrum album կոչվող բույսից իր ձեռքով պատրաստած թուրմ, որը լուծողական հատկություն ունի, սակայն մեծ քանակությամբ ընդունելու դեպքում կարող է հանգեցնել մահվան, բացի դրանից՝ այն հակացուցված է ալկոհոլի հետ:

Ալեքսանդրի մոտ սկսվել է դող, տենդ, որովայնի ցավ: Մահից առաջ՝ կյանքի վերջին ժամերին, նա զրկվել է խոսելու ունակությունից, թմբիրի մեջ է ընկնել և այլևս չի արթնացել:

Պատրաստեց Ա. Իսպիրյանը