Մենք կայուն ենք և վճռական

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Արամ Ասատուրյանի հետ

Պարոն գնդապետ, 2015-ը ամփոփելիս չենք կարող շրջանցել այն փաստը, որ տարին սկսվեց ու շարունակվեց լարվածությամբ՝ դիվերսիոն ներթափանցման փորձեր, դիրքային հարձակումներ, նոր զինատեսակների կիրառում… Ցավոք, նաև կորուստներ ունեցանք, ծանր վիրավորներ, և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը նույնպես պատվով կատարեց վիրավորներին բուժելու, շարք վերադարձնելու իր ծառայությունը:

– Չէի ցանկանա առանձնացնել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը: 2015 թվականը ծանր ու լարված տարի էր պետության, հասարակության, Զինված ուժերի, և, իհարկե, ԶՈւ ռազմաբժշկական ծառայության համար: Հակառակորդի ոտնձգությունների հետևանքով այս տարի վիրավորների թիվն անհամեմատ մեծ էր: Այսպիսի լարված իրավիճակներում առաջնահերթ խնդիրներից է գործողությունների հստակ կազմակերպումը: Սահմանային բոլոր միջադեպերի ժամանակ բուժծառայության օղակները գործել են խիստ կազմակերպված, ներդաշնակ և օպերատիվ, իրենց խնդիրը կարողացել են կատարել պատշաճ մակարդակով: Ես բարձր եմ գնահատում բոլորի աշխատանքը:

ԼՂՀ ՊԲ ռազմաբժշկական ծառայության հետ մեր համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և ունենք նվաճումներ նաև այս ոլորտում: Կարելի է փաստել՝ 2015-ը փորձություններով լի տարի էր, բայց կարողացանք միասնական ուժերով հաղթահարել դրանք ու ապացուցել հակառակորդին՝ անկախ ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում տիրող անկայուն մթնոլորտից, տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներից՝ մենք կայուն ենք և վճռական:

-2015 թվականի ընթացքում ի՞նչ բուժսարքավորումներով է համալրվել Ձեր ղեկավարած կառույցը:

-Մենք տարեցտարի արդիականացնում ենք հոսպիտալի նյութատեխնիկական բազան: Հոսպիտալները ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող բուժսարքավորումներով համալրելու, արտասահմանյան առաջատար երկրներում մեր մասնագետների վերապատրաստման և առհասարակ ռազմաբժշկական առողջապահական համակարգին վերաբերող բոլոր խնդիրները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Կամավոր Խաչատրյանի մշտական ուշադրության և հոգածության ներքո են: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս տարի ևս համալրվել է նոր բուժսարքավորումներով, որոնցից կցանկանայի առանձնանցել հատկապես համակարգչային տոմոգրաֆիայի գերժամանակակից սարքը: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի և սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերով այս տարի կարողացանք վերազինել մեր ռեանիմոբիլային ծառայությունը. հոսպիտալը համալրվեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայով:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ջանքերն ուղղված են նրան, որ այս դժվարին ու լարված ժամանակներում թե′ հայաստանաբնակ, թե′ սփյուռքի հայությունն իր ուշադրությունը սևեռի ԶՈւ ռազմաբժշկական ծառայության վրա: Արցախյան գոյապայքարի տարիներին հայկական սփյուռքն անգնահատելի օգնություն է ցուցաբերել ռազմաբժշկական ծառայությանը, իսկ ասոցիացան իր գործունեությամբ զարկ տվեց Հայաստան-սփյուռք համագործակցությանը:

– Պարոն Ասատուրյան, Դուք խոսեցիք մասնագետների վերապատրաստման կարևորության մասին, այս տարի նորություններ ունե՞նք:

-Այո, մեր հոսպիտալի մի խումբ բժիշկներ այս տարի մեկնել են արտերկիր՝ մասնակցելու վերապատրաստման դասընթացների: Շնորհիվ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության, ռազմաբժշկական վարչության, ՊՆ ղեկավարության՝ մեր մասնագետները ժամանակին վերապատաստվում են և տիրապետում են բժշկության նորագույն մեթոդներին, ժամանակակից սարքավորումներով աշխատելու եղանակներին: Մեր շարքերը նաև համալրվել են նոր, բանիմաց մասնագետներով՝ վնասվածքաբան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ…

-Ի՞նչ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվել հոսպիտալում 2015 թվականին:

-Այս տարի շահագործման հանձնվեց մեր 4-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են թռիչքային փորձաքննության, ընդհանուր թերապիայի, ատամնաբուժական, դիմածնոտային վիրաբուժության և գինեկոլոգիայի բաժանմունքները: Այսօր մեր զինծառայողները, նրանց ընտանքիների անդամները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, զինհաշմանդամները, զինթոշակառուները բուժում են ստանում ավելի բարեկարգ պայմաններում, հարմարավետ կահավորված հիվանդասենյակներում և գոհունակությամբ են հեռանում հոսպիտալից:

– Տարին նշանավորվեց նաև բազմաբնույթ միջոցառումներով…

-Յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ամփոփվում են կատարված աշխատանքների արդյունքները: Դրանից բացի տարվա ընթացքում անցկացվել են կոնֆերանսներ՝ դիմածնոտային և էնդոսկոպիկ վիրաբուժության հիմխնդիրների վերաբերյալ, կոլեգիալ քննարկումներ, խորհրդակցություներ:

– Որո՞նք են 2016-ի առաջնային խնդիրները:

– Գալիք տարվա ընթացքում մեր ջանքերը նպատակաուղղվելու են փոքր ուժերով մեծ խնդիրների լուծմանը: «Առողջ զինվոր, մարտունակ բանակ»՝ սա է մեր նշանաբանը, և մենք պետք է փորձենք պահպանել մեր բոլոր ձեռքբերումները և ջանքեր չխնայենք առաջընթաց ապահովելու, նորանոր հաղթանակներ նվաճելու համար:

Հասմիկ Գյոզալյան