Անցկացվեց առաջին վիրաբուժական կոնֆերանսը

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անցկացվեց կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվեցին բուժհաստատության վիրաբուժական ծառայության հիմնախնդիրներն ու ձեռքբերումները, որոշ բաժանմունքների տարեվերջյան ամփոփիչ հաշվետվություններ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ասոցիացիայի խորհրդի անդամներ, զինվորական բժիշկներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բ/ծ գնդապետ Արամ Ասատուրյանը խոսեց տարվա կարևորագույն նվաճումների՝ մասնավորապես նյարդավիրաբուժության, կրծքային վիրաբուժության, վնասվածքաբանության, դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքներում կատարված բարդ և եզակի վիրահատությունների մասին:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բ/ծ փոխգնդապետ Վահան Գևորգյանը ներկայացրեց ԿԿԶՀ վիրաբուժական ծառայության 2015 թվականի հաշվետությունը՝ գրաֆիկական պատկերների զուգորդմամբ՝ համեմատելով նախորդ տարիների հետ:

«Չոր թվերով հնարավոր չէ ներկայացնել այն ծանրաբեռնված, ահռելի աշխատանքը, որ կատարվել է հոսպիտալի բուժանձնակազմի կողմից: Արդյունավետ է եղել տարբեր նեղ մասնագիտական պատրաստվածություն ունեցող վիրաբույժների համատեղ գործունեությունը: Անհրաժեշտության դեպքում կատարվել են պլանավորված բազմափուլային վիրահատական միջամտություններ, հարկ է նշել, որ նվազագույնի են հասցվել կրկնաորովայնահատումները և կրկնավիրահատոթյունները, ինչը, անշուշտ, մեծ հաջողություն է վիրաբուժական ծառայության մեջ»:

Վահան Գևորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց բարդ վիրահատությունների եզակի դեպքերի վրա և գոհունակությամբ նշեց, որ ամեն անգամ բուժանձնակազմը պատվով է լուծում իր առջև դրված խնդիրները՝ որոշ դեպքերում կիրառելով վիրաբուժության նորագույն մեթոդներ(մասնավորապես՝ էնդոսկոպիա, թորակոսկոպիա): Առանձնահատուկ ծանրաբեռնվածությամբ են աշխատել հատկապես անզգայացման, վերակենդանացման, արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքները: Վերջինը, լինելով միակը Զինված ուժերում, կարողացել է արյան միավորներով ապահովել բոլոր կայազորային հոսպիտալները, ինչպես նաև օգնել քաղաքացիական բուժհաստատություններին:

ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը ներկայացրեց իր ղեկավարած բաժանմունքի տարեկան հաշվետվությունը. հաշվետու ժամանակահատվածում բուժանձնակազմն աշխատել է խիստ ծանրաբեռնված, քանի որ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ բոլոր կայազորային հոսպիտալներից տեղափոխված ծանր հիվանդերի բուժումը շարունակվել է վերակենդանացման բաժանմունքում:

Գայանե Հովհանիսյանը նկատեց, որ շնորհիվ վիրաբույժների, վնասվածքաբանների, կրծքային վիրաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների և այլ մասնագետների երբեմն հերոսական նվիրումի, աշխատանքի, փոխհամագործակցված ջանքերի ՝ ծանր հիվանդները դուրս են գրվել ապաքինված: Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում, համեմատած նախորդ տարիների հետ, կրճատվել է թռիչքային բուժտարհանումների թիվը:

Կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը, ամփոփելով բաժանմունքի աշխատանքները, նշեց, որ այս տարի շտապ, ծանր դեպքերը փոքր տոկոս են կազմել, քանի որ կրծքավանդակի հրազենային վիրավորում ունեցող զինծառայողները վիրահատվել են կայազորային հոսպիտալներում և դրանից հետո կրկնակի վիրահատություններ գրեթե չեն կատարվել, ինչը նշանակալի առաջընթաց է:

Գևորգ Ոսկանյանը ներկայացրեց տարվա ընթացքում իրականացված հատկապես թորակոսկոպիկ միջամտությունները, որոնք ՀՀ-ում եզակի են կատարվում: Նա գոհունակությամբ նշեց, որ կատարվել են բարդ վիրահատություններ՝ թոքի՝ մեծ ծավալի ուռուցքի հեռացում, նախասրտի մասնահատում(մասնակցելով տարբեր վերապատրաստման դասընթացների և զգալիորեն կատարելագործելով մասնագիտական հմտությունները՝ բժիշկները կարողանում են համարձակ, երբեմն նաև նորարարական վիրահատական միջամտություններ կատարել):

Վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Սևակ Շահբազյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում իրենց բաժանմունքում մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, որի շնորհիվ ծանր, ծայրահեղ ծանր հիվանդների բուժման արդյունքները գոհացուցիչ են եղել:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի դասախոս, բ/ծ կապիտան Էդգար Մարտիրոսյանը ներկայացրեց ԿԿԶՀ-ում առաջին անգամ իրականացված հաստ աղու լապարասկոպիկ մասնահատումների արդյունքների վերլուծությունը:

Ամփոփելով դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի մեկ տարվա գործունեությունը՝ բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Կարեն Սևտերտերյանը ներկայացրեց ուշագրավ կլինիկական դեպքեր՝ մասնավորապես ակնակապճի տարաբնույթ վիրահատություններ, որոնք կատարվել են վիրաբուժության նորարարական եղանակներով: Նրա ելույթին զուգահեռ ցուցադրվում էին լուսանկարներ, որոնք ներկայացնում էին վիրահատության ընթացքը, նախավիրահատական և հետվիրահատական շրջանները: Վահան Գևորգյանը նկատեց, որոշ բարդ վիրահատությունների դեպքում Կարեն Սևտերևտերյանը, նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, ինչը չափազանց բարդ է և պատասխանատու, խնդրի լուծման իր եղանակն է ներկայացրել և անթերի լուծել այն:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը ևս կարևորեց վիրաբուժական կոնֆերանսի կազմակերպումը. այն իր բնույթով առաջինն էր, սակայն ներկաները համոզմունք հայտնեցին, որ մյուս ծառայությունները կհետևեն նրանց օրինակին:

Վարչության պետը բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ նկատելով, որ վիրաբուժական ծառայության մեջ մեծ առաջընթաց է գրանցվել:

«Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բաժանմունքների պետերին, բուժանձնակազմերին՝ անձնվեր աշխատանքի, նվիրումի, մարդկային սրտացավության, հոգատարության, հիվանդի կյանքը փրկելու պայքարի համար: Ձեր աշխատանքն ի շահ զինվորի է, բանակի, հանուն Հայաստանի Հանրապետության: Կցանկանայի խոսել նաև արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի անգնահատելի ծառայության մասին: Տարվա ընթացքում մենք մեծ թվով վիրավորներ ենք ունեցել: Արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքը կարողացել է ոչ միայն մեր զինծառայողներին ապահովել արյան անհրաժեշտ միավորներով, այլև օգնության ձեռք է մեկնել, ինչու ոչ՝ նաև փրկել քաղաքացիական հիվանդանոցներում բուժվող բազմաթիվ հիվանդների կյանքը»:

Վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Էդուարդ Աղիյանի ելույթը վերաբերում էր երակային թրոմբոլեմբոլիկ բարդությունների կանխարգելմանը:

Ուռոլոգիայի բաժանմունքի պետ, բ.գ.դ., բ/ծ գնդապետ Միքայել Աղայանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, խոսեց նաև բաժանմունքը ժամանակակից սարքավորումներով համալրելու անհրաժեշտության մասին:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կոնֆերանսին մասնակցելու հրավերի համար և խրախուսելով միջոցառման կազմակերպիչներին՝ կարևորեց այն:

Նրա համոզմամբ՝ այսպիսի բարդ, պատասխանատու ծառայական ուղի անցած բժիշկները պետք է զբաղվեն նաև գիտական գործունեությամբ, ամրագրեն իրենց ձեռքբերումները և պատվով ներկայանան աշխարհին:

«Հարգելի զինվորական բժիշկներ, հարգելի գործընկերներ, Ձեր ծանր ու անձնվեր աշխատանքը չի կարող չգնահատվել, այն խոնարհման է արժանի»,- ասաց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, բ.գ.թ., բ/ծ փոխգնդապետ Արսեն Գրիգորյանը,- «Ձեզ օրհնում են մեր զինվորների ծնողները, Աստծո հովանավորությունը ձեզ հետ է: Այսօր մենք մեծ առաջընթաց ունենք՝ շնորհիվ անմնացորդ նվիրվման, համախմբվածության, թիմային աշխատանքի: Այստեղ բարձր է մարտական ոգին, մասնագիտական պատրաստվածությունը»:

Կոնֆերանսն ավարտվեց հաճելի անակնկալով. ԵԿՄ անդամները, որոնք այցելել էին հոսպիտալ՝ զինվորների ամանորը շնորհավորելու, ողջունեցին զինվորական բժիշկներին, հայտնեցին իրենց երախտագիտությունը և բարեմաթանքները: Նրանք հուշամեդալներով պարգևատրեցին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանին, ծառայական պարտականությունը կատարելիս զոհված զինվորական բժիշկ Տիգրան Հովեսյանի այրուն՝ Աննա Հովեսյանին, հակառակորդի դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայող Արշակ Հարությունյանի մորը՝ Ջավահիր Գրիգորյանին, ազատամարտիկների այրիներին:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն այցելեց վիրավոր զինծառայողներին, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շնորհավորեց Ամանորի, Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Հասմիկ Գյոզալյան

  • N (18) (Medium)
  • N (9) (Medium)
  • N (20) (Medium)
  • 8886 (Medium)
  • N (29) (Medium)
  • N (30) (Medium)
  • N (37) (Medium)
  • N 8173 (Medium)
  • N (39) (Medium)
  • N (41) (Medium)
  • N (50) (Medium)
  • N 8106 (Medium)
  • N (60) (Medium)
  • N (62) (Medium)
  • N (68) (Medium)
  • N (83) (Medium)
  • N (85) (Medium)
  • N (98) (Medium)
  • N (119) (Medium)
  • arden (Medium)
  • image158 k (Medium)
  • N (146) (Medium)
  • N (148) (Medium)
  • N (149) (Medium)
  • N (153) (Medium)
  • N 8159 (Medium)
  • N 8180 (Medium)
  • N 8182 (Medium)
  • N 8192 (Medium)
  • N 8197 (Medium)
  • N 8194 (Medium)
  • N 8203 (Medium)