Հիվանդն ինձ է ապավինել

Աշխատասենյակում նստած էր  զինվորական համազգեստով երիտասարդ:

-Բարև ձեզ, ուշադիր լսում եմ, ինչո՞վ կարող ենք օգնել,- սիրալիր հարցրեց նա:

Ես ներկայացա:

-Ձերոնք մի քանի օր առաջ եկան, ամեն ինչ գրել, տարել են՝ փաստաթուղթ, նկար:

Զրուցակիցս ՀՀ ՊՆ կենտրոնական  պոլիկլինիկայի ավագ վիրաբույժ, բուժծառայության մայոր Արման Մանվելի Գևորգյանն էր՝ արմատներով Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղից, դեռևս երիտասարդ, բայց արդեն արժանացած աշխատակիցների և անմիջական ղեկավարների բարձր գնահատականին:

-Մեր վիրաբույժներից է,- հպարտությամբ նրան ներկայացրեց տիկին Գևորգյանը,- տարիքին մի նայեք, կարգին բժիշկ է՝ բանիմաց, սկզբունքային: Բազմաթիվ պատվոգրերի է արժանացել:

– Անշուշտ, հետաքրքիր, հիշարժան պատմություններ են  նախորդել այդ գնահատականներին,- նկատեցի ես:

-Թող ինքը պատմի. ես գնամ, ինձ սպասում են,- ժպտալով պատասխանեց նա և դուրս եկավ:

– Կպատմե՞ք՝ ինչո՞վ եք արժանացել…

-Մի երիտասարդի կյանք ենք փրկել… Որոտանի զորամասում (նախկինում՝ Կուբաթլու, ապա նաև Սանասար՝ զոհված ազատամարտիկ Սանասար  Բեգլարյանի անունով), – համեստորեն պատասխանեց նա:

-Ի՞նչ էր պատահել:

-Սրտի կանգ…,- բազմանշանակ լրջությամբ պատասխանեց նա,- …շատ արագ արհեստական շնչառություն, մերսումներ, ինչպես պետք էր, բայց չէր օգնում: Եթե հիվանդանոց չտեղափոխեինք, կկորցնեինք նրան,- պատմեց նա՝ կարծես վերապրելով այն նույն տագնապն ու ցավը, որ զգացել էր  տարիներ առաջ՝ տեսնելով  անշարժ, գունատ, կյանքի նշաններն ցույց չտվող երիտասարդ զինծառայողին:

-Բայց հիվանդանոցը բավական հեռու է զորամասից:

-Այո, ամենամեծ խնդիրը հենց դա էր, և միակ ամենամոտ տարբերակը՝ Գորիսի հիվանդանոցը: Ամեն վայրկյանը թանկ էր… Զորամասի սանիտարական մեքենայով երիտասարդին հիվանդանոց տեղափոխեցինք:

-Որքա՞ն ժամանակում հասաք:

-40-45 րոպե…

-Լավ եք հասել,- իսկապես զարմացա ես՝ պատկերացնելով  խորդուբորդ, անբարեկարգ  ճանապարհի երկարությունը:

-Իհարկե, շատ լավ ենք հասել. մեքենան սլանում էր աննկարագրելի արագությամբ և ամեն պահի կարող էր ճանապարհի որևէ ոլորանից ցած գլորվել,- ռազմական  բժիշկը պատմում էր արտասովոր խաղաղությամբ   և ոչ մի սխրանք չէր տեսնում այն խիզախումի մեջ, որի շնորհիվ նրանք փրկել էին երիտասարդին՝ ազատելով մահվան ճիրաններից…

-Աստվածաշունչ կարդո՞ւմ եք,- հարցրի ես՝ ակամա մտաբերելով Ոսկե կանոնը և փորձելով հասկանալ՝ որն է այդ ինքնամոռաց նվիրումն ու զոհողությունը սնող աղբյուրը:

-Եթե ասեմ կարդում եմ, սուտ կլինի… Դպրոցական տարիքում եմ կարդացել, այն էլ Մանուկների Աստվածաշունչը:

-Բայց ամենակարևոր պատվիրանին եք հետևում.«Սիրի՛ր ընկերոջդ, ինչպես քո անձը»…

– Ես իմ մասնագիտությո՛ւնն եմ սիրում, իմ գործը… Եթե բժշկի գործն ես ընտրել, պիտի անմնացորդ նվիրվես…

-Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը:

-Դպրոցում լավ եմ սովորել: Մտածում էի բարձրագույն կրթությունը ֆիզմաթ թեքումով շարունակել, բայց քույրս ինձանից շուտ ավարտեց դպրոցը, ընդունվեց բժշկական համալսարան: Ես էլ փոխեցի որոշումս. ռազմական բժշկի մասնագիտությունը գրավեց ինձ: Ընդունվեցի Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան. այն ավարտելուց հետո 2003-2004 թթ. հետդիպլոմային կրթություն ստացա ինտերնատուրայում: Ապա մեկնել եմ Որոտան, արդեն գիտեք… Ավելի ուշ՝ 2008 թ., գործերս հանձնեցի բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ խորապես ուսումնասիրելու ընդհանուր վիրաբուժությունը: 2011 թ. աշխատում եմ ՀՀ ՊՆ կենտրոնական  պոլիկլինիկայում որպես ավագ վիրաբույժ:

-Ի՞նչ դժվարություններ, խոչընդոտներ են ծագում առօրյա ծառայության ընթացքում:

-Դժվարություննե՞ր… մե՞ր գործում… իհարկե կան, բայց եթե գիտելիք ունես, տիրապետում ես քո մասնագիտության բոլոր հմտություններին,  ի բնե օժտված ես արագ կողմնորոշվելու, խուճապի չմատնվելու, սառը դատելու կարողություններով, բոլոր դժվարությունները հաղթահարվում են:

-Եվ եթե փորձության պահին ոգին աներկյուղ է ու աննկուն,- շարունակեցի ես:

-Այո, այդ խաղաղասեր, բայց պատերազմից չվախեցող, չնահանջող ոգին մենք ունենք…

-Ձեզ մոտ բժշկական համալսարանից ուսանողներ գալի՞ս են՝ գործնական պարապմունքների: Ի՞նչ չգրված դասեր եք տալիս նրանց:

-Ի՞նձ մոտ… Չէ, ինձ մոտ չեն գալիս: Եթե նույնիսկ գալիս են, ապա նրանք հստակ ծրագիր ունեն սովորելու, և համապատասխան մասնագետներ ղեկավարում են նրանց… Ապագա ռազմական բժիշկները պիտի գիտակցեն, որ իրենք պարտավոր են պատրաստ լինել ամեն ինչի. եթե թշնամին հարձակման անցնի, կամ պատերազմական գործողությունները վերսկսվեն, անհրաժեշտության դեպքում զենք էլ պիտի վերցնեն, կանգնեն զինվորի կողքին ու պաշտպանեն դիրքերը՝ չմոռանալով օգնել վիրավորներին:

Դուռը բացվեց:

-Բարև Ձեզ, թույլ կտա՞ք,- հարցրեց զինվորական համազգեստով մի երիտասարդ:

-Հիմա… դրսում սպասեք, կընդունեմ,- նույնքան հոգատար և սիրալիր պատասխանեց զրուցակիցս:

Ես կանգնեցի:

-Ներեցեք, Ձեզ սպասում են: Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք… Իսկ ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է:

-Ծառայությունից հետո, եթե վերադասի կողմից լրացուցիչ կարգադրություններ չեն լինում:

-Ի՞նչն է ոգևորում, ուժ տալիս Ձեզ:

– Իրականում ամենամեծ ուրախությունը ինձ մոտ եկած հիվանդին ապաքինված տեսնելն է: Դեմքից հասկանում ես, որ ցավեր ունի, տանջվում է: Պիտի օգնես,  ցավից փրկես նրան… Երբ որևէ մեկին ցավից փրկում ես, պարտադիր չէ, որ մահից փրկես, յուրաքանչյուր ցավ, հիվանդություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, այ, դա է,  որ ինձ ուժ է տալիս…  Կարևոր չէ՝ շնորհակալություն կասեն կամ կպարգևատրեն քեզ դրա համար. ապաքինված հիվանդի լուռ երախտագիտությունն ինձ համար ամենամեծ պարգևն է:

«Նվիրվել մարդուն՝ առանց հատուցում ակնկալելու… Իսկական հրաշքը սա է»,- մտածեցի ես, և հրաժեշտ տալով ռազմական բժշկին՝ դուրս եկանք նրա աշխատասենյակից:

Դռան մոտ սպասող երիտասարդ զինծառայողներից առաջինը ներս մտավ, դուռը փակվեց…

 

Էդիտա Մելքոնյան