ՎԱՂԱԺԱՄ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ` ԼԻԱՐԺԵՔ ԲՈՒԺՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

«Փողով կարող ես գնել դեղ, բայց ոչ առողջություն»

 

Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, առողջության հանդեպ բավական ցածր կուլտուրա ունենք և հաճախ բժշկի դիմում ենք, ժողովրդի լեզվով ասած, երբ դանակը ոսկորին է հասնում։ Այսինքն՝ ամենաբարդ փուլում, երբ դժվար է լինում (որոշ դեպքերում նաև անհնար) առողջության վերականգնումը։ Պետք է գիտակցել սեփական առողջության կարևորությունը և առողջ կյանքն ապահովելու համար տարին մեկ անգամ կանխարգելիչ հետազոտության ենթարկվել։ Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը 90-95%-ով կախված է արագ և ճիշտ ախտորոշումից։ Այսօր արդեն ժամանակակից սարքավորումների միջոցով հնարավոր է բարձր ճշգրտությամբ որոշել այս կամ այն հիվանդությունը։ Ժամանակակից բժշկության մեջ ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիան) առաջնային դիրք է զբաղեցնում։ Ի՞նչ է ուլտրաձայնային հետազոտությունը` պարզաբանում է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի պետ, բժիշկ սոնոգրաֆիստ, բ/ծ մայոր ՆԱՐԻՆԵ ԷԼԻԶԲԱՐՅԱՆԸ։

-Ուլտրաձայնային հետազոտությունը շատ տեղեկություններ ապահովող և անվտանգ հետազոտության տեսակ է, որը թեթև է տարվում բոլոր հիվանդների կողմից և թույլ է տալիս անմիջապես պատկերացում ստանալ հիվանդի խնդիրների մասին: Ուլտրաձայնային հետազոտման շնորհիվ հնարավոր է դառնում հստակ պատկերացում կազմել միզասեռական, մարսողական, էնդոկրին, սիրտ-անոթային համակարգերի, կրծքագեղձի, հոդերի և այլ օրգանների ընդհանուր վիճակի մասին։ Որոշ հիվանդություններ սկզբնական փուլերում աննկատ են ընթանում, և բժշկին ուշ դիմելը կարող է բերել տարբեր բարդացումների և բուժման արդյունավետության անկման։ Սոնոգրաֆիան օգնում է ոչ միայն ախտորոշել հիվանդությունը և կանխատեսել նրա զարգացումը, այլ նաև բացահայտել ներքին օրգանների պաթոլոգիկ ձևափոխումները, որոնք չեն առաջացնում բողոքներ։ Ինչպես հայտնի է, ժամանակին հիվանդության բացահայտումը երաշխավորում է բուժման արդյունավետությունը. սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքները որոշիչ դեր են ունենում բուժման մարտավարությունն ընտրելիս։

Սոնոգրաֆիան հիմնված է էխոլոկացիայի վրա։ Սարքը, որն օգտագործվում է բժշկի կողմից, ուլտրաձայն է արտադրում, որից հետո ընդունում է օրգաններից արտացոլված ալիքները։ Համակարգչային մշակման արդյունքում էկրանին պատկեր է հայտնվում։ Սարքը ուլտրաձայն է արտացոլում հետազոտման ժամանակի միայն մեկ հազարերորդական մասի ընթացքում։ Մնացած ժամանակն այն ընդունման ռեժիմում է աշխատում։ Դրանով է բացատրվում մեթոդի անվտանգությունը և նրա բազմակի կիրառման հնարավորությունը` առանց հիվանդին վնաս հասցնելու։ Ներկայումս ուլտրաձայնային հետազոտությունը հարստացել է բազմաթիվ նոր մեթոդներով։ Դրանք եզակի տվյալներ են տալիս, որոնք էլ օգտագործվում են ավելի խորացված, որակապես նոր հետազոտություններ անցկացնելու համար։

Մի՛ հապաղեք հետազոտվել, քանզի, ինչպես արդեն նշեցինք, հիվանդության վաղաժամ ախտորոշումը լիարժեք բուժման գրավականն է։ Առողջության մասին մտածեք դեռ չհիվանդացած։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ