«…Երբ միասնական ենք, մենք անհաղթելի ենք»

Զրույց ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի լաբորատորիայի պետ, բ/ծ մայոր Սուսաննա Գասպարյանի հետ:

– 1993 թ. դեկտեմբերի 31-ն էր: Լաբորատորիայում աշխատանքն ավարտելուց հետո նայեցի ժամացույցին. 24.00-ին մոտ էր: Ուզում էինք տանը դիմավորելԱմանորը (տները մոտ էին հոսպիտալին, 10 րոպեում ոտքով կհասնեինք): Սակայն երբ դուրս եկանք փողոց, արդեն մութ էր, ցուրտ, բոլոր կողմերից շները հաչում էին… և նորից հոսպիտալ վերադարձանք: Հերթապահ բժիշկները, բուժքույրերն արդեն միացրել էին սեղանները, մենք էլ ինչ գտանք, նրանց հետ դրեցինք սեղաններին, կանչեցինք այն վիրավորներին, ովքեր ի վիճակի էին քայլելու, և միասին դիմավորեցինք Ամանորը: Ամեն անգամ բաժակները բարձրացնելիս միայն խաղաղություն էինք մաղթում… Դա իմ կյանքի ամենաանմոռանալի Ամանորն էր: Համընդհանուր ցավի, տագնապի մեջ սեր ու նվիրում կային, միմյանց նկատմամբ՝ ջերմություն, հոգատարություն և, իհարկե, դժվարությունները հաղթահարելու վճռականություն: Երիտասարդներն ամուսնանում էին, կանայք՝ մայրանում, և մեր ուրախությունը, մեր պայքարն ու խոյանքը լավագույն ապտակն էին հակառակորդին. չէ՞ որ նրանք էլ տեսնում էին, որ հրետակոծվող Ստեփանակերտում կյանքը չի ընդհատվում, կյանքը շարունակվում է…

– Ինչպե՞ս է սկսվել Ձեր ծառայական կենսագրությունը. զինվորական բժիշկներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի՝ նշանավոր, չկրկնվող:

– 1989 թ.-ին ավարտելով Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ վերադարձա Ստեփանակերտ (մինչ այդ՝ 1984 թ.-ին, ավարտել էի Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը): Պատերազմն արդեն սկսվել էր: Աշխատանքի անցա նախ ախտորոշման կենտրոնում, սակայն գրեթե ամեն օր գնում էի Ստեփանակերտի՝ նոր կազմավորվող զինվորական հոսպիտալ և օրվա մեծ մասն այնտեղ անցկացնում: Տարբեր ուղղություններից վիրավորներ, զոհեր էին բերում: Արցախի լավագույն բժիշկները Վալերի Մարությանի, Սամվել Գևորգյանի ղեկավարությամբ ծառայում էին գիշեր ու զօր, հոսպիտալի բուժանձնակազմը տուն գնալու ժամանակ չուներ: Սակայն 1991 թ.-ին ինձ ասացին, որ պետք է ընտրություն կատարեմ՝ կա՛մ ախտորոշման կենտրոն, կա՛մ զինվորական հոսպիտալ: Ես, առանց երկմտելու, քայլեցի դեպի հոսպիտալ և մինչև 1996 թ. ծառայեցի լաբորատորիայում, որտեղ և՛ հետազոտություններն էինք կատարում, և՛ արյան փոխներարկումը:

Երբ Վալերի Մարությանը տեղափոխվեց Իվանյան համայնք, որտեղ պետք է զինվորական նոր հոսպիտալ բացեր, ինձ նույնպես առաջարկեց իր թիմին միանալ: Ինչպե՞ս կարող էի մերժել մի մարդու, ում հետ անցել էի պատերազմի բովով, ով ինձ հոր նման էր վերաբերվում (ես և Վալերի Մարությանի որդին՝ Արթուրը, նույն դասարանում ենք սովորել, մենք նույն շենքում էինք ապրում): Ես հետևեցի նրանև շուրջ 20 տարի՝ հոսպիտալի հիմնադրման օրվանից, ղեկավարում եմ լաբորատորիան: Ժամանակի ընթացքում մեր թիմը համալրեցին նոր բժիշկներ: Հոսպիտալը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, օրեցօր զարգացավ, ընդլայնեց իր հնարավորությունները, և այսօր բոլոր բաժանմունքներում առաջընթացն ակնհայտ է: Մեր լաբորատորիայում բազմաթիվ հետազոտություններ են կատարվում. այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, դրանցից մի քանիսը բացառում են մարդկային գործոնը:

– Տիկի՛ն Գասպարյան, նշեցիք, որ պատերազմի տարիներին ծառայել եք Ստեփանակերտի՝ նոր կազմավորված հոսպիտալի լաբորատորիայում: Ինչպե՞ս էր ընթանում ծառայությունը:

– Մի անգամ չափազանց բարդ իրավիճակում էի հայտնվել. արյան 2-րդ բացասական խումբ ունեցող վիրավոր էին բերել՝ ամբողջովին արնաքամ, իսկ մենք համապատասխան խմբի արյուն չունեինք: Գիշեր էր: Մեքենա չկար: Արագ դուրս եկա հոսպիտալից և հասնելով փրկարարների ջոկատի հերթապահ մաս՝ խնդրեցի, որ շտապ կանչեն ռադիոտան աշխատողներին և հայտարարեն, որ 2-րդ բացասական արյուն ունեցող դոնորներ են անհրաժեշտ: Րոպեներ անց ռադիոյով հնչեց հայտարարությունը: Երբ հոսպիտալ հասա, դռան մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Ուզում էի գրկել բոլորին, ասել, որ շնորհակալ եմ, բայց առանց վայրկյան կորցնելու՝ ներս մտա ու սկսեցի ընդունել դոնորներին:

Այդպես էր լինում ամեն անգամ, երբ ռադիոյով հայտարարում էին, որ այս կամ այն խմբի արյուն է պետք. մարդիկ հաշված րոպեներ անց հավաքվում էին հոսպիտալի մոտ և սպասում՝ երբ է իրենց հերթը հասնելու: Այդ տարիներին արյուն էին հանձնում նաև հոսպիտալի բժիշկները, բուժքույրերը, սանիտարները: Վիրաբույժ Աշոտ Ադամյանը մեր առաջին դոնորներից էր, մի անգամ նույնիսկ «խորամանկել էր». ինձ մոտ արյուն հանձնելուց հետո դուրս էր եկել և րոպեներ անց տեսնելով, որ լաբորատորիայում չեմ, մոտեցել էր մյուս բուժքրոջը և նորից արյուն հանձնել:

-Ունե՞ք հուշեր, որոնք մինչև այսօր հանգիստ չեն տալիս:

-…Մի գիշեր ծանր վիրավոր բերեցին: Ամբողջ բուժանձնակազմը իջավ՝ նրան ընդունելու: Վալերի Մարությանը կանգնած էր վերակենդանացման բաժանմունքի մոտ ու ծխախոտն աքցանով բռնած՝ ծխում էր: Երբ տարակուսանքով նրան նայեցի, կարծես մեղավոր զգալով՝ պատասխանեց. «Ի՞նչ անեմ, ձեռնոցներս հանելու ժամանակ չունեմ»: …Նա շատ հոգնած էր, ոտքի վրա կանգնել չէր կարողանում, բայց տուն գնալ չէր կարող: Ես շտապեցի վիրավորի մոտ, պետք է արյուն վերցնեի: Մոտեցա նրան, հարցրի անունը: «Սամվել,- հազիվ լսելի ձայնով պատասխանեց երիտասարդը (եղբորս անունն էր), հետո շարունակեց,- քույրի՛կ, ժամանակ մի՛ կորցրեք ինձ վրա, մյուս վիրավորներին օգնե՛ք»: Փորձեցի հավատացնել, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց նրա աչքերում տեսնում էի, որ չեմ կարողանում համոզել: Դուրս եկա և արագ լաբորատորիա անցնելով՝ ազատություն տվեցի արցունքներիս: Մարությանը եկել էր իմ ետևից: «Էլ արցունք չտեսնեմ, մենք պետք է ուժեղ լինենք»,- թիկունքից լսեցի նրա ձայնը: Երբ շրջվեցի, տեսա՝ նա էլ էր արտասվում… Մենք չկարողացանք փրկել Սամվելին, անզոր էինք:

– «Թո՛ղ լավագույն բժիշկները տանեն իմ պատգարակը, և թո՛ղ բոլորը տեսնեն, որ մահվան դեմ անզոր են նույնիսկ լավագույն բժիշկները»,- իր մահից առաջ այսպես էր կարգադրել սուլթան Սուլեյմանը: Այնուամենայնիվ, մեր բժիշկները պատերազմի տարիներին վիրավորներին նաև փրկել են մահվան ճիրաններից…

– Իհարկե, փրկել են, և վիրավորի ապաքինումն անհավանական հրաշք է թվացել ամեն անգամ… Հիշում եմ՝ ուշ գիշեր էր, ծառայակից ընկերոջ հարսանիքից կատակելով վերադառնում էինք հոսպիտալ (կարծես մի քանի ժամով կտրվել էինք սարսափելի իրականությունից): Մի ուղղաթիռ երևաց. վիրավոր էին բերում: Երբ մոտեցանք դարպասներին, վիրավորին արդեն իջեցրել էին: Մոտեցա պատգարակին, և երբ նրան ներս տարան, ես էլ, չհասկանալով՝ ինչու, քայլեցի նրանց ետևից: Վիրավորն ինձ էր նայում, նրա դեմքը ծխից սևացել, անճանաչելի էր դարձել: Ու հանկարծ լսում եմ՝ «Սո՞ւս…»: Եղբորս՝ Սամվելի ձայնն էր: Չհավատալով աչքերիս՝ մոտենում եմ, նա է (եղբայրս վնասազերծում էր հակառակորդի տեղադրած ականները և հերթական առաջադրանքը կատարելիս պայթել էր ականի վրա): Վիճակը ծայրահեղ ծանր էր, կրծքի մեջ մեծ բեկոր կար, արյուն էր կորցրել (եղբորս կյանքը փրկելու համար 23 հոգի արյուն է հանձնել, այդ թվում՝ նաև Ցվետանա Պասկալևան): Սամվել Գևորգյանը, Վալերի Մարությանը, Վարդգես Նաջարյանը 3 անգամ վիրահատեցին նրան (այդ օրերին էլ ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները Ստեփանակերտում էին, պատերազմի տարիներին նրանք հաճախ էին լինում մեզ մոտ և օգնում էին, ինչով հնարավոր էր): Սակայն անհրաժեշտ էր եղբորս Երևան տեղափոխել և նեղ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել, համապատասխան մասնագետների հսկողության ներքո պահել:

Ուղղաթիռ չկար, անելանելի վիճակում էինք… Կյանքում առաջին անգամ սկսեցի աղոթել… Հաջորդ օրը համապատասխան մասնագետներով համալրված բուժանձնակազմը Երևանից ուղղաթիռով եկավ Ստեփանակերտ և եղբորս տեղափոխեց Երևան: Երևանում նրան դարձյալ վիրահատեցին, երկարատև բուժումներից հետո եղբայրս ոտքի կանգնեց:

…Եվ այսօր տարիների հեռավորությունից վերհիշելով, արժևորելով անցյալը՝ համոզվում եմ՝ երբ միասնական ենք, մենք անհաղթելի ենք:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_0314 (Medium)
  • IMG_0325 (Medium)
  • IMG_0313 (Medium)
  • IMG_0344 (Medium)
  • IMG_0366 (1) (Medium)