Նոր տարին ողբերգությամբ սկսվեց

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Վարդան Ղուկասյանը:

…Անցնում են տարիներ, ու անցյալի պատառիկները անվերադարձ մոռացության են տրվում: Սակայն կան դրվագներ, որոնք, որքան էլ փորձես, չես կարող մոռանալ:

1991-ի դեկտեմբերի 31-ն էր: Ամբողջ օրը վիրահատություններ էինք կատարել, ու քանի որ գիշեր-ցերեկ հիվանդանոցում էինք մնում, բուժքույրերը մի փոքր տոնական սեղան էին պատրաստել, որպեսզի նշենք Նոր տարին: Հրամանատարներից մեկը, ի նշան երախտագիտության, ինձ մի արտասովոր «տոնածառ» էր նվիրել՝ պատրաստված տարբեր զինատեսակների փամփուշտներից: Այն դրել էինք սեղանի կենտրոնում:

Երբ ժամը 12-ը խփեց, հավաքվեցինք սեղանի շուրջ: Նոր էինք բարձրացրել առաջին բաժակը, երբ սկսեցին քաղաքը ռմբակոծել: Եվ րոպեներ անց բերեցին առաջին վիրավորներին: Սարսափելի տեսարան էր՝ անդամահատված ծայրանդամներ, ջարդված գանգեր, բացված որովայններ… ու մարդկային ողբ…

Շուտով ներս մտավ մի տղամարդ՝ ձեռքերի վրա բերելով որդու արնաշաղախ մարմինը… ոտքերը ծնկից վեր կտրված էին, արյունը հոսում էր, մարմինը ամբողջովին վնասված էր, բայց տղան դեռ կենդանի էր: Քաղաքի մյուս ծայրից մինչև հիվանդանոց հայրը նրան սայլակով էր բերել: Տղային վերցրինք նրա ձեռքերից, բայց, ավաղ, փրկել չկարողացանք… անզոր էինք:

Նոր տարին լավ բան չէր խոստանում. այն ահավոր ողբերգությամբ սկսվեց:

Անահիտ Չիբուխչյան