Թիկունքը պետք է ապահով լինի

Զրույց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետի՝ թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, մայոր Գևորգ Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, կարծես ավանդույթ է դառնում. տարեվերջը ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի համար նշանավորվում է հիմնովին վերանորոգված բաժանմունքների վերաբացմամբ: Հոսպիտալի բարեփոխումների իրականացման գործում Դուք նույնպես ակտիվ դերակատարում ունեք:

– Իսկապես, արդեն երկրորդ տարին է՝ տարեվերջին վերաբացում ենք հիմնովին վերանորոգված բաժանմունքներ: Խնամքով հավաքում ենք հին լուսանկարները, նոր լուսանկարների հետ համադրում, ամբողջը դառնում է պատմություն և արժևորում է այն ահռելի աշխատանքը, որ ամիսներ շարունակ անտրտունջ կատարել ենք ամբողջ անձնակազմով: Բարեփոխումներն իրականացնելիս ակտիվ դերակատարում ունեն բոլորը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունները, հոսպիտալի պետը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խոստացել ենք, որ 2016 թ.-ի վերջին կավարտենք նաև վիրաբուժական բաժանմունքի վերանորոգումը: Ամեն անգամ, երբ վերանորոգման աշխատանքների քարտեզն ենք կազմում, կարևորում ենք աշխատանքների ծավալի ճշգրիտ հաշվարկը, որպեսզի սկսած գործը բարեհաջող ավարտին հասցնենք:

– Որքա՞ն ժամանակ է, ինչ ծառայում եք զինված ուժերում:

– ՀՀ ԶՈՒ ծառայության եմ անցել 1994 թ.-ին: ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալը 13-րդ զորամասն է, որտեղ ծառայում եմ:

– Ինչպե՞ս եք ընտրել թիկունքային ծառայությունը:

– Ես սիրում եմ տնտեսությամբ զբաղվել, իմ տնտեսությունն ունեմ՝ այգի, կենդանիներ, թռչուններ: Երբ գարունը բացվում է, շաբաթ, կիրակի օրերն այգում եմ անցկացնում: Զանգում եմ ընկերներիս, բարեկամներիս, կանչում եմ, որ գան, աշխատեն հողի հետ. և՛ ինձ կօգնեն, և՛ իրենք առողջ, առույգ կլինեն:

Աշխատանքային օրերին էլ հոսպիտալն է իմ տնտեսությունը: Որպես թիկունքի պետ՝ ես կրում եմ զինվորներին, բուժանձնակազմին սննդով, հագուստով, լույսով, ջրով, գազով ապահովելու պատասխանատվությունը: Բժիշկը գալիս է ծառայության, և թիկունքային որևէ հարց չպետք է անհանգստացնի նրան, թիկունքը պետք է ապահով լինի, որպեսզի բժիշկը իր ծառայությունը որակյալ կատարի:

Առավոտյան, աշխատանքային գիրքը ձեռքիս, ներկայանում եմ բժիշկների խորհրդակցությանը, լսում եմ ու լուռ գրառումներ կատարում, ինքս ինձ հանձնարարություններ տալիս և համագործակցելով հոսպիտալի պետի, բժիշկների հետ՝ մինչև երեկո փորձում եմ իրականացնել դրանք, իսկ ամենակարևորն այն է, որ իմ պարտականությունները սիրով եմ կատարում: Թիկունքի աշխատակիցները մարդիկ են, որոնց վրա մշտապես կարող եմ հույս դնել: Չկա այնպիսի հարց, որը, ասենք, դժվար է, ու ետ քաշվենք. դժվա՞ր է, ուրեմն ավելի համառ կլինենք և կլուծենք համախմբված ուժերով: Ես սիրում եմ, երբ մարդիկ աշխատում են և չաշխատելու համար պատճառներ՝ «արդարացումներ», չեն փնտրում:

Իմ հրամանատարները պատերազմի բովով անցած, թրծված հերոսներ են եղել, նրանցից սովորել եմ, նրանցով ներշնչվել և դառնալով սպա՝ ես նույնպես պարտավոր եմ բարձր պահել հայոց բանակի սպայի պատիվը, ոգեշնչել այն զինվորին, ով ինձ է նայում: Վաղ առավոտյան գալիս եմ զորամաս, մտնում բաժանմունք, տարբեր կողմերից մոտենում են զինվորները. «Պարո՛ն մայոր, թո՞ւյլ կտաք օգնել, ես կարող եմ…»: Թույլ եմ տալիս, թող անեն այնքան, որքան ուզում են, որքան կարող են. չէ՞ որ բոլոր բարեփոխումները, ի վերջո, նրանց համար են արվում: Մյուս կողմից էլ գովելի է, որ զինվորների համար հոսպիտալը դարձել է հարազատ վայր, որտեղ նրանց ոչ միայն բուժում են, այլև լսում ու հարգում: Հոսպիտալի պետը բազմիցս շնորհակալագրեր է հանձնել մեր շնորհալի զինվորներին:

– Երբ մտնում էի հոսպիտալ, դարպասների մոտ մի խումբ դպրոցականներ էին հավաքվել…

– Աշակերտներն իրենց դասղեկների հետ հաճախ են գալիս Երևանի կայազորային հոսպիտալ, հանդիպում են զինվորների հետ ու մեզանից բաժանվում նորից այցելելու, զինվորներին՝ իրենց «մեծ եղբայրներին» տեսակցելու խնդրանքով: Ինչ խոսք, բարձրացող սերունդը, ամբողջ հասարակությունն այսօր մեծարում է իր զինվորին և իրավամբ է մեծարում:

– Ի՞նչ նախասիրություններ ունեն Ձեր երեխաները:

– Որդիս որոշել է անասնաբույժ դառնալ (նա դեռ դպրոցում է սովորում), հետաքրքրվում է եկեղեցիների, հայ ժողովրդի պատմությամբ: Դուստրս սովորում է Տարածաշրջանային թ. 1 պետական քոլեջում, ապագա մարքեթոլոգ է: Փոքր աղջիկս էլ դեռ ութ տարեկան է՝ մեր տան «խաղալիքն» է:

Երեխաներիս մեջ աշխատանքի նկատմամբ սերը սերմանել եմ վաղ տարիքից: Երբ տնից հեռու ծառայության մեջ էի, և հայրս էր զբաղվում մեր տնտեսությամբ, չէր թողնում՝ հողը չորանա: Տուն էի գալիս հյուրի նման: Մայրս, ինձ տեսնելով, բացականչում էր. «Գևս եկա՜վ…»: Որդիս դեռ փոքր էր, ու նա տպավորվել էր, որ երևի շատ կարևոր հյուր եմ, և ինքն էլ ոգևորված նրանց պես ինձ «Գև» էր ասում: Երբ հոսպիտալում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, որդուս էլ կանչում էի, որ գար, օգներ մեզ, օգնելով սովորեր ու հասկանար՝ ոչինչ կյանքում հենց այնպես չի կառուցվում, որ աշխատասիրությունը հարթում է բոլոր դժվարությունները:

– Արմատներով որտեղի՞ց եք:

– Ծնողներս սասունցի են: Հայրական պապիս մայրը գաղթել է Սասունից և բնակություն հաստատել Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում, իսկ մայրս Արագածոտնի մարզի Տեղեր գյուղից էր:

– Ժառանգե՞լ եք սասունցիների երգը, պարը:

– Պարը՝ այո՛, սակայն երբ հավաքվում ենք սասունցիներով, ընկերներով, հարազատներով, Սասնա երգերը նույնպես անպակաս են լինում: Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նաև մեր հինավուրց սրբավայրերի նկատմամբ և այդ սերն իմ սասունցի մայրիկից եմ ժառանգել. նա մեծ հավատ ուներ:

Վաղուց մտածում էի մեր գյուղում փոքրիկ մատուռ կառուցելու մասին. գյուղը ոչ մի սրբավայր չունի, որտեղ բնակիչները կարողանան աղոթել, մոմ վառել: Հանդիպեցի Կոտայքի թեմի առաջնորդ տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և պատմեցի իմ ծրագրերի մասին: Նա կազմակերպեց իմ հանդիպումն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Վեհափառը հետաքրքրվեց՝ ով եմ, ինչով եմ զբաղվում, և երբ իմացավ, որ զինվորական եմ, տվեց իր օրհնությունը և հայրական խորհուրդը, այն է՝ մատուռի փոխարեն փոքրիկ եկեղեցի կառուցել, որպեսզի ամեն կիրակի պատարագ մատուցվի, մկրտություն, պսակի կարգ կատարվեն: Գյուղի ժողովուրդը շատ էր ուրախացել. վերջապես իրենց համայնքում էլ հոգևորական կնշանակեն:

Հողն օրհնվեց, հոգևոր հայրերի ձեռքով դրվեցին հիմքի 4 քարերը, և ես սկսեցի շինարարությունը: Արդեն 3 տարի իմ ուժերով քարը քարի վրա եմ դնում: Պատերը ներսից սև տուֆով են շարված, դրսից վայրի բազալտ է (անձրևից հետո թաց քարերը փայլում են, անպատմելի գեղեցիկ է): Պատերի մեջ սրբատաշ քարեր էլ կան, որոնք գտել եմ ուխտագնացությունների ժամանակ: Հողի մեջ ընկած է քարը, մաքրում եմ այն, շրջում և տեսնում, որ վրան փորագրություններ կան: Ինչպե՞ս կարող եմ թողնել ու անտարբեր անցնել այդ քարերի կողքով: Դրանք մեր դարավոր պատմության, ստեղծագործ հանճարի, մեր հավատի վկայություններն են:

– Ե՞րբ պատրաստ կլինի Պռոշյան համայնքի եկեղեցին:

– Երևի 2 տարուց: Եկեղեցու տարածքն ամբողջովին բարեկարգել եմ, ցանկապատել, դուռը դրել: Երկու օրհնված խաչքար ունենք:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ որոշել էի 100 արծաթափայլ բարդիներ տնկել եկեղեցու բակում: Ընկերներս, գյուղի բնակիչները, իմանալով իմ նախաձեռնության մասին, ասացին, որ իրենք էլ ուզում են ծառատունկին մասնակցել: Ես միայն ուրախ էի: Եթե ուզում ես քեզ լավ զգալ, ուրեմն պետք է աշխատես՝ առանց տրտնջալու, որպեսզի տեսնես՝ ինչ ես փոխել դու քո կյանքի ընթացքում, ինչ ես թողնում քեզանից հետո:

Էդիտա Մելքոնյան

  • 12552700_1334918519885860_2475547011775220512_n
  • 920710_1334919626552416_3153725749855620159_o
  • 10580753_1334919663219079_6398626078167883529_o
  • 12565480_1334918856552493_2547837009661545587_n
  • 12493540_1334918816552497_4305484402609310916_o
  • 12439513_1334919229885789_5220662121714008656_n