«Մարտական հերթափոխի մեկնող զինվորը պետք է կատարյալ առողջ լինի»

Զրույց գնդապետ Սամվել Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժկետի պետ, բուժծառայության կապիտան Հարություն Ադամյանի հետ:

– Պարո′ն Ադամյան, մարտական հերթապահություն իրականացնող զորամասի բուժանձնակազմն ինչպե՞ս դիմավորեց Ամանորը:

– Ամենակարևորը՝ խաղաղ պայմաններում, բարձր տրամադրությամբ: Ամանորի գիշերը հերթապահել են զորամասի բուժծառայության պետ, բ/ծ կապիտան Իշխան Նավասարդյանը, ատամնաբույժ, բ/ծ լեյտենանտ Մանվել Ադամյանը և բժիշկ-մասնագետ, բ/ծ ավագ լեյտենանտ Վարդան Սարոյանը: Տոնական օրերին խիստ և ուժեղացված հերթապահություն ենք իրականացրել: Մեր սանիտար-վարորդը մեծ սիրով ձևավորել է բուժկետը՝ ջերմ, տոնական մթնոլորտ ստեղծելով: Ձգտել ենք անել հնարավորը, որպեսզի բուժկետում գտնվող զինծառայողներն ուրախ տրամադրությամբ դիմավորեն Ամանորը:

– Այս օրերին ամբողջ հանրապետությունում սուր շնչառական վարակների սրացում է դիտվում: Ես ուրախությամբ նկատեցի, որ զորամասում իրավիճակը կայուն է…

– Այո՛, բարեբախտաբար կայուն է: Վարակի թեկուզ փոքր օջախներ չկան: Հետևողականորեն կատարվում են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամաններն ու կարգադրությունները՝ միտված սեզոնային վարակների կանխարգելմանը: Մեր կողմից պատշաճ իրականացվում են բուժկանխարգելիչ բոլոր միջոցառումները, որպեսզի խուսափենք հնարավոր բռնկումներից:

– Զինվորական բժշկի ուղին հարթ չէ. այն ամենօրյա պայքարի, դժվարությունների հաղթահարման, հաղթանակների կերտման ճանապարհ է: Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

– Բժշկի մասնագիտությունն իմ ընտրությունն էր: Երբ հայրս իմացավ այդ մասին, գերազանց ճանաչելով բնավորությունս՝ խորհուրդ տվեց ընտրել զինվորական բժշկի մասնագիտացումը: 2005 թվականին ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: Ինտերնատուրան ավարտելուց հետո ծառայության եմ նշանակվել Երևանի կայազորի զորամասերից մեկում՝ որպես բուժկետի պետ: Այդ տարիները ես կբնութագրեի որպես անընդհատ սովորելու, նորը յուրացնելու ժամանակահատված: Այնտեղ ձեռք բերած փորձն այսօր ինձ շատ է օգնում:

– Ներկայիս զորամասը մարտական խնդիր է կատարում բարդ տեղանքում: Բուժանձնակազմը ևս լարված ու դժվարին ծառայություն է իրականացնում: Պատրա՞ստ էիք նմանօրինակ փոփոխություններին:

– Առհասարակ, մեր ծառայության մեջ դժվարություններն օրինաչափ են: Պատրաստ էի դեռ այն ժամանակ, երբ ուսանում էի ռազմաբժշկական ֆակուլտետում: Դժվարությունները երբեք չեն վախեցրել: Միշտ ակնածանքով եմ վերաբերվել այն տղաներին, ովքեր ծառայում են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: Այստեղ ծառայելն իսկապես պատվաբեր է:

Մեր կարևորագույն խնդիրներն են՝ կանխարգելել հիվանդությունները, բուժել և շարք վերադարձնել զինվորին: Մարտական հերթափոխի մեկնող զինվորը պետք է կատարյալ առողջ լինի, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել մարտական առաջադրանքը: Որևէ խնդիր, անհանգստություն, տագնապ չպետք է նրան շեղեն իր պարտականություններից:

– Ինձ միշտ հիացնում են հատկապես զորային օղակում ծառայող բժիշկների պատրաստակամությունը, նվիրումը: Ինչպե՞ս է երիտասարդ մասնագետին հաջողվում այդքան ներդաշնակորեն համատեղել բժշկի և սպայի պարտականությունները: Դրանք չե՞ն հակասում միմյանց:

– Մեր բժշկական գործունեությունն անօգուտ ու անհիմն կլիներ, եթե խստորեն չպահպանվեր զինվորական կարգուկանոնը: Դրանք երբեք միմյանց չեն հակասում, ավելին՝ սերտորեն միաձուլված են, և անհնար է մեկը պատկերացնել առանց մյուսի:

– Ծառայության բնույթով պայմանավորված՝ Դուք անընդհատ շփվում եք դիրքապահ զինվորների հետ: Ինչպե՞ս կբնութագրեք նրանց:

– Մեր դիրքապահ զինվորներն իրենց առաքելությունը, այն է՝ հայրենիքի անվտանգության ապահովումը, իրականացնում են լուռ, անտրտունջ: Բոլոր դժվարություններն ու փորձություններն արժանապատվորեն են հաղթահարում և այդ մասին բարձրաձայնելու կարիք չունեն: Նրանք սուրբ գործ են կատարում և, անշուշտ, արժանի են հարգանքի: Զինվորների հետ փոխհարաբերություններում մեզ համար կարևոր սկզբունքներ են արդարությունը, զինվորական կարգուկանոնը, բժշկական էթիկայի կանոնները խստորեն պահպանելը, մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելը, բոլորի նկատմամբ դրսևորվող ուշադրությունը, հոգատարությունն ու ջերմ վերաբերմունքը: Զինվորը մեզ դիմում է օգնության ակնկալիքով, և նա պետք է վստահ լինի, որ կստանա այդ օգնությունը և ոտքի կկանգնի…

Երբ ապաքինված զինվորը բարձր տրամադրությամբ իր սրտաբուխ շնորհակալությունն է հայտնում և հեռանում բուժկետից, այդ պահերին ես երջանիկ եմ…

Հասմիկ Գյոզալյան