ԽՆԱՅԵՔ ՆՅԱՐԴԵՐԸ

Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների` հիվանդությունների մոտ 90 տոկոսը նյարդային ծագում ունի։ Ի՞նչն է նյարդային հիվանդությունների պատճառը, ինչպե՞ս կանխարգելել դրանք` այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տալիս Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի թերապեւտիկ բաժանմունքի նյարդաբան, բուժծառայության կապիտան ՎԱՐԴԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։

-Օրգանիզմի գոյությունը հնարավոր չէ առանց նրա գործունեությունը կարգավորելու եւ համակարգելու։ Այդ գործընթացում առաջնային դերը պատկանում է նյարդային համակարգին,- նշեց բժիշկը։ -Նյարդային համակարգը մարդու հոգեկան գործունեության (մտածելու ունակության, խոսքի, սոցիալական վարքագծի բարդ ձեւերի) նյութական հիմքն է։ Նյարդային համակարգը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` կենտրոնական (գլխուղեղ, ողնուղեղ) եւ ծայրամասային (բուն նյարդերը, նյարդային հանգույցները եւ նյարդային վերջույթները)։ Նյարդային համակարգի հիվանդությունները տարբեր կերպ կարող են արտահայտվել` անկման ախտանշաններով, գրգռմամբ, նյարդային համակարգի կարեւոր` ինտեգրման ֆունկցիայի խանգարումներով եւ այլն։ Ըստ պատճառագիտության` օրգանական նյարդային հիվանդությունները բաժանվում են մի քանի խմբի` անոթային եւ վարակային ախտահարումներ, թունավորումներ (նյարդային համակարգի ախտահարումները ալկոհոլամոլության դեպքում), նյարդային համակարգի վնասվածքներ, ուռուցքներ եւ այլն։ Հատուկ խումբ են կազմում նյարդային համակարգի ժառանգական հիվանդությունները։

Միջավայրը, կյանքի պայմանները, օդը, ջուրը, ամեն ինչ ազդում է մարդու նյարդային համակարգի վիճակի վրա։ Նյարդային հիվանդությունների աճը հետեւանք է հասարակական կյանքում անձի ունեցած դժվարությունների, սոցիալական գործոնի։ 20-րդ դարի վերջում Եվրոպայում, Ամերիկայում սկսված տնտեսական ծանր ճգնաժամի ընթացքում բժիշկները գրանցեցին նյարդային խանգարումների զգալի աճ։

Նյարդերը պահպանելու կարեւոր նախապայման է առողջ ապրելակերպը, ճիշտ սննդակարգը։ Մենք` հայերս, ավելի հակված ենք յուղոտ կերակրատեսակներով սնվելու, իսկ դա օրգանիզմի վրա ռումբին հավասար ազդեցություն ունի։ Այնինչ նախապատվությունը պետք է տալ մրգերին եւ բանջարեղենին (հատկապես B խմբի վիտամիններով հարուստ)։ Նյարդերի համար չափազանց վնասակար են ալկոհոլը, սուրճը, ծխախոտը։

Մենք հանգստյան կամ տոնական օրերը եւս լիարժեք չենք անցկացնում` մտածելով, որ համակարգչի առջեւ նստած կամ էլ բազմոցին պառկած հեռուստացույց դիտելով էլ կհանգստանանք, այնինչ շարժվելը, մաքուր օդում զբոսանքները պակաս բարերար ազդեցություն չեն ունենում նյարդերի վրա։ Պետք է կոփվել, դա օգտակար է նախևառաջ նյարդային համակարգին։ Պետք է հնարավորության սահմաններում նաեւ լիարժեք հանգստանալ, լիարժեք քնել։ Քնած ժամանակ նյարդային բջիջները հանգստանում են եւ վերականգնում իրենց աշխատունակությունը։ Նյարդային, անընդհատ դժգոհող մարդկանց հորմոնալ հավասարակշռությունը խանգարվում է, ընկնում է դիմադրողականությունը, վնասվում են ներքին օրգանները։ Բացի այդ, նյարդային լարված հոգեվիճակը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, հիպերտոնիայի առաջացմանը։

Հոռետես հիվանդներն ավելի ուշ են ապաքինվում, քան լավատեսները։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ կյանքը կազմված է ոչ միայն ուրախ, այլ նաեւ տխուր պահերից, ուստի պետք է ավելի «թեթեւ նայել» կյանքին, կյանքի մեծ ու փոքր դժվարություններից ընկճվելու փոխարեն փորձել հաղթահարել դրանք։ Մի հրաշալի խոսք կա` եթե ճակատագիրը քեզ լիմոն է տվել, ճզմիր այն եւ լիմոնադ սարքիր։ Ի վերջո, նյարդերը հանգստացնելու հազար ու մի միջոց կա` լող, երաժշտություն, տաք լոգանք, դեղաբույսերով թեյ։ Բայց պետք է հիշել, որ ամենակարեւոր հաղթանակը ինքդ քեզ կառավարելն է։ Հիշեք` նյարդային բջիջները չեն վերականգնվում։

Գիտնականները պարզել են, որ նյարդերն առողջ եւ ամուր պահելու համար պետք է հնարավորինս ապրել դրական էմոցիաներով, հաճախակի հիշել կյանքի լավագույն պահերը, ուրախանալ մանրուքներից, քանի որ կյանքը հենց դրանցից է բաղկացած եւ ծիծաղել` սրտաբուխ ու անկեղծ. ծիծաղելիս արտադրվում է երջանկության հորմոնը, որը նյարդային համակարգի վրա բարերար ազդեցություն է թողնում։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ