«Ես դասական ղարաբաղցի եմ»

«Ես դասական ղարաբաղցի եմ». այսպես է իր մասին կատակով ասում մանկաբույժ Նորայր Ասլանյանը: Հայրը ծնվել է Շուշիում 1914 թ.: Թուրքերը սպանել են պապին, երբ հայրը 4 տարեկան է եղել: Տատը, վերցնելով իր զավակներին, փախել և բնակություն է հաստատել Երևանում: Այստեղ էլ զավակները մեծացել են, կրթություն ստացել:

– Հայրս բժիշկ էր, ես բժիշկ եմ, կինս, զավակներս բժիշկներ են, հիմա էլ փորձում եմ ամեն ինչ անել, որ թոռներս բժիշկներ չդառնան,- ծիծաղում է Նորայրը:- Հայրս վատառողջ էր: Ինը տարեկան էի, երբ նա ինձ սովորեցրեց ներարկումներ կատարել, ու երբ վատ էր զգում, ես էի նրան առաջին բուժօգնություն ցույց տալիս: Ասում էր. «Ինձանից հետո մի բժիշկ պիտի՞ լինի տանը, թե ոչ»: …Ու ես տարիներ անցա դարձա բժիշկ՝ մանկաբույժ:

– Ո՞րն է պատճառը, որ երեխաները բժիշկ տեսնելիս, անգամ բժշկի անունը լսելիս վախենում են:

– Դա ծնողների մեղքով է, որովհետև եթե երեխան իրենց չի լսում, չի ենթարկվում, բժշկի անունով են վախեցնում երեխային: Եվ նման երեխաների հետ աշխատելը մեզ համար դժվարանում է: Չպետք է երեխաներին վախեցնել ոչ բժիշկներով, ոչ այլ բանով, նրա հետ պետք է զրուցել, բացատրել:

– Բացի մասնագիտական գործունեությունից՝ ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:

– Սիրում եմ ֆանտաստիկ գրականություն կարդալ, այլմոլորակայինների մասին պատմող հոդվածներ և հակված եմ հավատալու, որ նրանք, իրոք, գոյություն ունեն: Իհարկե, ես անվերապահորեն հավատում եմ և Աստծո գոյությանը: Ինչպես իմ սերնդակիցները, ես էլ մեծացել ու դաստիարակել եմ աթեիստական մթնոլորտում: Միակ բանը, որ ծնողներս կատարում էին հավատի հետ կապված, Դիլիջանում տարին մեկ անգամ մատաղ անելն էր: Երևան տեղափոխվելուց հետո ապրում էինք Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թաղամասում: Մայրս ու տատիկս երբեմն եկեղեցի էին հաճախում ու մոմեր վառում, դրանով էլ սահմանափակվում էր հավատը Աստծո նկատմամբ: Իհարկե, այդ շրջանում ես անլուրջ էի վերաբերվում հավատին, բայց 1982թ. եղբորս հետ կատարված դեպքը արմատապես փոխեց իմ հավատամքը Աստծո նկատմամբ: Մի քանի ամսով ինձ Հոկտեմբերյան էի մեկնել՝ մասնակցելու սպայական հավաքներին: Այդ ընթացքում եղբայրս ծանր հիվանդացել էր, մի ամսում 30 կգ նիհարել: Հետազոտություններից պարզվեց, որ նա տառապում է հաստ աղիքի քաղցկեղով, և պրոֆեսոր Վ. Ա. Մալխասյանը հանձն առավ կատարել վիրահատությունը: …Անհավատս ջերմեռանդ աղոթում էի Աստծուն, որ փրկեր եղբորս, որ ազատեր այդ անբուժելի ցավից: Նրան վիրահատարան տանելուց 50 րոպե էլ չէր անցել, երբ Մալխասյանը դուրս եկավ վիրասարահից: Նա ժպտալով ինձ էր մոտենում, բայց նրա ժպիտը ես չէի նկատում, քանի որ ուղեղումս մի չարագույժ միտք էր պտտվում. «Ինչո՞ւ պետք է այսքան շուտ ավարտվեր վիրահատությունը, ուրեմն, այլևս ոչինչ հնարավո՞ր չէր անել, բացել ու փակե՞լ են…»: Ու հանկարծ Մալխասյանը, բռնելով ձեռքս, ասաց. «Վիրահատությունը լավ անցավ, ամեն ինչ կարգին է, ուռուցքը հեռացրել եմ…»: Որոշեցի տուն գնալ, տնեցիներին էլ ասել ուրախալի լուրը, անհրաժեշտ մի քանի բան վերցնել ու վերադառնալ հիվանդանոց: Երբ տուն մտա ու պատմեցի, որ Արթուրին արդեն վիրահատել են, և որ ամեն ինչ լավ է անցել, մայրս ասաց. «Մի տես, խեղճ թռչունը ինչ է եղել, կպել է պատուհանին, չի կարողանում պոկվել»: Ես մոտեցա պատուհանին, և այն, ինչ տեսա, ինձ խորհելու առիթ տվեց: Սպիտակ աղավնի էր, ուժգին դիպչելով պատուհանի երկտակ ապակուն՝ ջարդել էր այն ու այդպես մնացել՝ իր արյամբ ողողելով շուրջը: Ես հասկացա… այս սպիտակաթույր աղավնին պատահական չէր հայտնվել ու մատաղվել հենց մեր պատուհանի վրա:

– Ձեր աշխատանքային գործունեության մեջ եղե՞լ են դեպքեր, որոնք նույնպես Աստծուն եք վերագրել:

– Եղել են: Տարիներ առաջ 3 ամսական մի երեխա էին բերել: Նրա որովայնի մեջ բավականին մեծ ուռուցք հայտնաբերեցինք: …Ամիսներ անց մի թմբլիկ, գեղեցիկ երեխայի բերեցին ու խնդրեցին հետազոտություններ անենք: Երեխան միանգամայն առողջ էր, սակայն երեխայի որովայնի վրա նկատելով վիրահատության հետևանքով առաջացած սպին՝ հարցրի, թե ինչ վիրահատություն է տարել: Ծնողները երջանկությունից փայլատակող աչքերով ինձ էին նայում:

– Հիշո՞ւմ եք 5 ամիս առաջ Ձեզ մոտ բերված, ուռուցքով տառապող երեխային: Բժիշկը երեխայի որովայնը բացեց ու փակեց՝ ասելով. «Տարեք, ինչքան կապրի, կապրի, մենք ոչինչ անել չենք կարող»: Այդ օրից 5 ամիս է անցել: Դուք եք ասում, որ երեխան առողջ է:

Ես, որ պակաս չէի զարմացել և ուրախացել, նրանց ճանապարհեցի՝ ասելով, որ, իրոք, հրաշք է տեղի ունեցել, և որ նման հրաշքներ միայն Աստված կարող է կատարել:

– Ի՞նչ է բնությունը Ձեզ համար:

– Ամեն ինչ՝ արվեստ, երաժշտություն, գեղեցկություն, կյանք: Ես սիրում եմ քայլել առատորեն տեղացող ձյան ու անձրևի տակ, սիրում եմ պառկել կանաչ խոտերի մեջ, շնչել նրանց անկրկնելի բուրմունքը, զմայլվել երկնքի կապույտով:

– Ի՞նչն եք մարդու մեջ ամենաշատը գնահատում:

– Բարությունը: Եթե մարդը իր էությամբ բարի է, չի կարող, անհնար է, որ նա վնաս պատճառի իր նման մարդուն, չցանկանա օգնել նրան:

– Պարոն Ասլանյան, արհամարհելով վտանգը՝ Դուք նույնպես Արցախյան պատերազմի տարիներին մեկնեցիք Շահումյան՝ հայրենակիցներին օգնելու:

– Պատերազմի տարիներին առողջապահության նախարարությունը ծրագիր մշակեց՝ Հայաստանի բժիշկներից խմբեր կազմել և գործուղել Արցախ՝ տարբեր ուղղություններով: Գործուղումները կամավոր հիմունքով էին կատարվում: Երբ մեր հիվանդանոցում այդ մասին հայտարարեցին, ես նույնպես հայտնեցի իմ պատրաստակամությունը:

1991 թ.-ի հոկտեմբերի սկիզբն էր, ուղղաթիռով մեկնեցինք Շահումյան: Մեր խումբը կազմված էր տարբեր մասնագետներից: Այնտեղ ես հիմնականում զբաղվում էի մանկաբուժությամբ, բայց երբ վիրավորներ էին բերում, մենք բոլորս նրանցով էինք տարվում, օգնում՝ ինչով կարող էինք: Շահումյանցիները շնորհակալ ժողովուրդ են և ուշադիր, հատկապես իրենց օգնության եկած բժիշկների նկատմամբ: Հիշում եմ, Կարաչինարում մի ծեր կին կար, որը մեզ իր տուն էր հրավիրել: Տաք եղանակ էր, դրսում՝ տան պատի տակ, սեղան էին բացել մեզ հյուրասիրելու համար: Մենք բակում նստած սպասում էինք մեր բժիշկներից մեկին, որը գնացել էր հիվանդին տեսության: Հանկարծ մեր տատիկը անհանգստացած կանչեց մեզ.

– Այս կո՛ղմ եկեք, «ալազանը թխումա»:

Մենք վազեցինք ու կանգնեցինք նրա մատնանշած տեղում, հենց այդ պահին էլ «ալազանը թխեց» այնտեղ, որտեղ մեկ րոպե առաջ նստած էինք: Մինչև հիմա զարմացած եմ՝ այդ ծեր կինը ինչպես հասկացավ, որ այդ ուղղությամբ են կրակելու:

Որքա՞ն ժամանակ մնացիք Շահումյանում:

– Շահումյան մեկ ամսով էինք գնացել, բայց գրեթե 3 ամիս մնացինք: Խորին ափսոսանքով եմ հիշում Արտակ Խաչատրյանին, ով զոհվեց ուղղաթիռի վթարից: Նա երիտասարդ բժիշկ էր, բայց բոլորը անկեղծ հարգանքով, մեծարանքով էին վերաբերվում նրան:

Ամեն անգամ այդ օրերը հիշելիս ցավս նորանում է: Երիկամային անբավարարությամբ տառապող մի երեխա կար, վիճակն ահավոր սրվել էր: Ճիշտ է, ես ամեն միջոց ձեռնարկում էի վիճակը կայունացնելու, նրան օգնելու համար, բայց անհրաժեշտ էր նրան անհապաղ Երևան տեղափոխել: Երբ ուղղաթիռը վայրէջք կատարեց հիվանդանոցի բակում, ժողովուրդը շրջապատեց այն: Ժողովրդի միջով, երեխային կաթիլայինը միացրած, պատգարակը մոտեցրինք ուղղաթիռին, բայց մի զինվոր ավտոմատի խզակոթով հրեց մեզ: Ո՛չ երեխայի ծանր վիճակը, ո՛չ մեր բացատրությունները չազդեցին նրա վրա: …Երեխային նորից հետ բերեցինք հիվանդանոց, և նույն օրը մեկ այլ ուղղաթիռով ուղարկեցինք Երևան…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)