Զինվորի կողքին՝ առաջնագծում և թիկունքում

Ինչպես մարմինը, հոգին ևս վերքերից բժշկվելու կարիք ունի… Ամենադժվարին պահերին, երբ թվում է՝ ելք չկա, սրտի խորքից բխող մեկ հատիկ բառը կարող է իրական հրաշք գործել, դառնալ բալասան: Այս առումով անուրանալի է ազգային բանակում իրենց ծառայությունն իրականացնող հոգևոր սպասավորների դերը, ովքեր զինվորի համար վստահելի խորհրդատու են, սրտակից ընկեր ու բարեկամ: Նրանք քաջալերում են հայրենյաց պաշտպանին, նրան հաղորդակից դարձնում վեհին, ճշմարիտին, հոգևորին…

Օրեր առաջ՝ 3-րդ բանակային զորամիավորման՝ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը կատարած այցելության ժամանակ, զրուցել ենք զորամասի գնդերեց Գևորգ սարկավագ Միրզոյանի հետ:

– Բարեշնո՛րհ սարկավագ, հակառակորդի հետ շփման գծի չափազանց բարդ հատվածում մարտական խնդիր կատարող զորամասում իսկապես անհրաժեշտ է հոգևոր սպասավորի ներկայությունը: Ձեր կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվում հատկապես դիրքապահ զինվորների հետ:

– Զորամասը չափազանց բարդ ու պատասխանատու խնդիր է կատարում՝ արժանապատվորեն իրականացնելով մեր երկրի հյուսիսարևելյան սահմանն անառիկ պահելու իր առաքելությունը: Մեր դիրքապահ զինվորների համար իսկապես կարևոր են հոգևորականի ներկայությունը, նրա զրույցները, պատգամները, հաճախակի այցելությունները մարտական հենակետեր: Մարտական դիրքում զինվորն անմիջապես առերեսվում է մահվան ու կյանքի հետ, կողք կողքի տեսնում հույսը, կյանքը և… մահը: Դժվարին ծառայության բնույթով պայմանավորված՝ ամենօրյա մտածումների, տագնապների, անհանգստության հետևանքով երբեմն հոգեբանական խնդիրներ են ի հայտ գալիս, և այդ պարագայում, անշուշտ, զինվորը հոգևորականի ներկայության, նրա խոսքի, խորհրդի կարիքն ունի: Մենք զինվորի կողքին ենք թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում, փորձում ենք օգնել նրան, լուծում գտնել նրան անհանգստություն պատճառող խնդիրներին, ցույց տալ ճշմարիտ ճանապարհը:

Կարևորում եմ զինվորների հետ նաև ուսուցողական բնույթի զրույցները, նրանց քաջալերելը, հայրենասիրություն քարոզելը, ցույց տալը, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է, թեև շատ հաճախ մենք բոլորս զինվորից հայրենասիրության դասեր առնելու կարիք ունենք: Հատկապես վերջին ժամանակներում հայրենասիրություն բառը կարծես արժեզրկվել է: Իրական հայրենասերը զենքը ձեռքին, հայացքը թշնամու դիտակետին հառած զինվորն է: Նա է հայրենասիրության լավագույն օրինակը, զինվորն է մեր ժամանակի հերոսը…

– Դուք նշեցիք, որ երբեմն հոգեբանական խնդիրներ են ի հայտ գալիս: Անժխտելի է, որ զինվորն իր մարտական առաջադրանքը պատշաճ կատարելու համար պետք է հոգեպես կայուն, հավասարակշիռ վիճակում լինի… Ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

– Դիմում են բազմաբնույթ խնդիրներով, սակայն դրանք հիմնականում անձնական, հոգևոր, միջանձնային հարաբերություններին վերաբերող հարցեր են, որոնց առնչությամբ մենք զինվորի հետ ունենում ենք անհատական զրույցներ, փորձում ենք լուծում գտնել բոլոր խնդիրներին, նրա համար լինել եղբայր, սրտացավ ընկեր:

– Սա այն եզակի զորամասերից է, որտեղ կա եկեղեցի: Զորամասի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագներ մատուցվո՞ւմ են:

– Անշուշտ, մեր զորամասը մշտապես հյուրընկալում է նաև օծյալ հոգևորականների: Մեզ հաճախակի է այցելության գալիս Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով առանձնակի ոգևորություն է առաջացնում զինվորների շրջանում, իսկ տարածաշրջանի հոգևոր հովիվներ տեր Աբել քահանա Քարտաշյանը և տեր Արամ քահանա Միրզոյանը զորամաս կատարած իրենց այցելությունների ընթացքում պարբերաբար մատուցում են նաև Սուրբ պատարագ: Նրանք նաև հաճախ առանձնազրույցներ են ունենում զինվորների հետ: Զորամասում որպես զինվոր ծառայում են նախկին ճեմարանականներ, որոնց հետ հաճախակի ժամերգություններ ենք կատարում: Երբ եկա այս զորամաս, մի շնորհաշատ զինվոր՝ գեղանկարիչ Արտակ Փիլոսյանը մոտեցավ ինձ, զրուցեցինք, ասացի, որ իմ գերագույն նպատակներից մեկը եկեղեցին որմնանկարներով զարդարելն է: Փա՛ռք Տիրոջը, արդեն սկսել ենք աշխատանքները: Մեծ ուրախությամբ պետք է փաստեմ, որ շատ զինվորներ դեպի Աստված դառնալու իրենց կամքն են հայտնում և մկրտվում են մեր եկեղեցում: Հատկանշական է, որ շատ հաճախ հենց զինվորներն են ցանկություն հայտնում և խնդրում, որ Սուրբ գրքի ընթերցանություն կազմակերպենք:

– Գևո՛րգ սարկավագ, մեր այցելած բոլոր մարտական հենակետերում ես տեսել եմ մատուռներ կամ անկյուններ՝ զինվորի ձեռքով պատրաստված, սրբապատկերներ, խաչեր: Ես գիտեմ, որ դա ինքնաբուխ է արվում, սակայն կարծես թե համացանցային քննադատությունները չեն դադարում: Վերջին շրջանում աղոթող զինվորների նկարները քննադատության առիթ են դառնում որոշ օգտատերերի համար:

– Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը մի անգամ մեջբերեց Արցախյան գոյամարտի բովով անցած հրամանատարներից մեկի խոսքերը, թե քրիստոնյայի և ոչ քրիստոնյայի տարբերությունն այն է, որ քրիստոնյան գիտեր՝ կռվում է իր հավատքը, իր սրբությունները պաշտպանելու համար: Մարտական հենակետերում կառուցված մատուռները մեծ դեր ունեն: Երբ վտանգը մոտ է, զինվորն ավելի շատ ժամանակ է տրամադրում Աստծուն փնտրելու, նրա ներկայությունը զգալու: Զինվորներն իրենք են փաստում, որ երբ մարտական հենակետում տեսնում են խաչը, առավել գոտեպնդվում են և հզոր հավատքով տոգորված՝ իրականացնում են իրենց խնդիրը: Ճիշտ նկատեցիք՝ զինվորի աղոթքն ինքնաբուխ է: Տեղին է հիշել պատմիչ Եղիշեի միտքը՝ «Քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է»: Ինչ վերաբերում է հայրենիքի, բանակի հանդեպ համացանցում առկա մտահոգությանը, ապա դա նկարների տակ մեկնաբանություններ գրելով չի չափվում… Պետք չէ դատել նման մարդկանց, այլ պետք է աղոթել, որ նրանց սրտերը բացվեն Աստծո առաջ:

Հասմիկ Գյոզալյան

  • 2 (2)
  • 1 (2)