Լուսադեմին մարտը սկսվեց…

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից Ղուկաս Ուլիխանյանը:

… 1992 թ-ի հունիսի 21-ին մեկնեցինք Կապան. ջոկատի հրամանատարը Արմենն էր ՝ Արջը, իսկ տեղակալը ես էի: Նույն օրը հրաման ստանալով միանալ «Արաբո» և մի քանի այլ ջոկատների՝ գիշերը շարժվեցինք դեպի Մարտակերտ: Ստեփանակերտի ճանապարհին հանդիպեցինք առաջին փախստականներին: Մեր աչքերի առջև հառնեց 1915 թ. գաղթի պատկերը: Մարդկային քարավանը դանդաղ, հոգնած, մոլոր քայլերով առաջ էր շարժվում, իսկ շեն տները, լի ամբարները և ողջ ունեցվածքը մնացել էին թշնամուն: Նրանց դեմքին անպատմելի տառապանք էր դրոշմված: …Մեզ մոտ եղած սնունդը բաժանելով նրանց՝ շարունակեցինք մեր ճանապարհը: Երկար ժամանակ լուռ էինք, յուրաքանչյուրս՝ մեր մտքերի հետ, բայց բոլորիս նույն հարցն էր տանջում՝ ինչու՞, և միևնույն զգացումն ու միտքն ունեինք՝ վրեժ լուծել… վրեժ՝ յուրաքանչյուր բնավեր ու զոհված հայի համար:

Հասնելով Մարտակերտ՝ տեղավորվեցինք Ներքին Հոռաթաղ գյուղում: Ջոկատները միավորվեցին: Միացյալ ջոկատի հրամանատարն էր «Արաբոյի» Մանվելը, իսկ ընդհանուր հրամանատարը՝ Աստվածատուր Պետրոսյանը: Առաջին երկու օրը առավոտից մինչ ուշ երեկո զորավարժություններ էինք կատարում: Մեր առջև խնդիր էր դրվել ետ վերադարձնել հայկական մի քանի գյուղեր, որոնք գրավել էր թշնամին: Մարտակերտցիները պատսպարվում էին մոտակա անտառներում: Կուսապատ գյուղից մինչև Հոռաթաղ հասնելը նրանք դուրս էին եկել անտառից՝ մեզ ողջունելու: Նրանց ոգևորությունը վարակել էր մեզ. տեսնելով մոտ 400 հայ ազատամարտիկների՝ նրանք չէին կասկածում, որ ետ կվերադարձնեն իրենց շեները: Պակաս ոգևորված չէինք նաև մենք, քանի որ հավատում էինք հաղթանակին:

Լուսադեմին մարտը սկսվեց: Միացյալ ջոկատները գրոհով ազատագրեցին Կարմրավանը: Թուրքերը, բազմաթիվ զոհեր տալով, նահանջեցին, իսկ մենք ընդամենը՝ երկու վիրավոր ունեինք:

Երկու օր հարաբերական հանգիստ էր, մեր շուրջը՝ խաղաղ, կարծես ոչինչ էլ չէր եղել, բայց այդ խաղաղությունը անսովոր ու կասկածելի էր… 29-ի լուսաբացին զարթնեցինք տագնապի ազդանշանից և արագ հագնելով ու վերցնելով զենքերը՝ շարժվեցինք դեպի Լենինավան: Գրոհը պետք է ընթանար երկու ուղղությամբ: Մեր ջոկատը, հիմնական հարվածը իր վրա վերցնելով, պետք է Լենինավան մտներ խճուղով, որպեսզի աջ և ձախ կողմերից հնարավորություն տար ջոկատների մյուս ազատամարտիկներին աննկատ մոտենալ գյուղին: Լույսը կամաց-կամաց բացվում էր: Մինչև գյուղ հասնելը գրեթե 400 մետր էր մնացել: Հանկարծ հակառակորդը սկսեց երկաթե կարկուտ տեղալ մեր գլխին, սակայն մեզանից ոչ ոք խուճապի չմատնվեց: Արագ կողմնորոշվելով՝ թաքնվեցինք ջրատար խողովակի հետևում: Հինգ ժամից ավելի մնացինք այդ դիրքում: Պայթյուններից ջրատար խողովակի վրա ճեղքեր էին առաջացել, որտեղից ջուրը առատորեն դուրս էր հորդում ու լճակներ առաջացնում՝ ավելի դժվարացնելով մեր վիճակը: Ամբողջովին թրջվել, ցեխոտվել էինք, ճանապարհի աջ կողմում «Արաբո» ջոկատի մի մասն էր, ձախում մենք էինք՝ տեղացի մի քանի տղաների հետ: Ջրատար խողովակի հետևից սկսեցինք պատասխան կրակ բացել: Մեր դիմաց ինչ-որ պահեստներ էին, որտեղ թշնամու դիտակետերն էին, բնականաբար, մեր յուրաքանչյուր շարժը թշնամու համար տեսանելի էր: Նրանք խաչաձև կրակի մեջ էին առել մեզ, իսկ մենք բաց դաշտում էինք, ո՛չ ծառ կար, ո՛չ թուփ, որ կարողանայինք պարսպատվել, միայն ջրատարն էր, այն էլ՝ նրանց քթի տակ: Մի քանի ժամ դիմադրեցինք, բայց եթե մեզ հետ զրահատեխնիկա լիներ, կես ժամից գյուղ կմտնեինք, և դեպքերը այլ ընթացք կստանային: Այնուհետև նահանջի հրաման ստացանք: Քիչ անց նկատեցինք, որ թուրքերի հետևակը շարժվում էր դեպի մեզ: Արտակը,Միքայելը, Հովենը և ես նահանջող ջոկատից ետ էինք ընկել: Ես մի պահ ուզում էի կանգնել ու լվացվել, բայց կարծես ներքին մի ուժ ինձ առաջ էր մղում՝ ասելով՝ չկանգնես… Ես շարունակեցի սողալ, իսկ վայրկյաններ անց հերթական արկի բեկորները դիպան խողովակի այն հատվածին, որտեղ քիչ առաջ ես էի կանգնել…

Ես գնում էի Արտակի, Միքայելի ու Հովենի առջևից: Արկի պայթյունից հետո ետ նայելով՝ նկատեցի, որ տղաները չկան, մենակ եմ մնացել: Վատ կանխազգացում ունեցա ու սողալով ետ գնացի: Արկերը կարկուտի նման թափվում էին վերևից ու դիպչելով ջրատար խողովակին՝ ահարկու ձայներ արձակում: Մի երկու մետր սողալով՝ նկատեցի տղաներին. նրանք պառկած էին: Մոտեցա… արկի բեկորներից տեղում մահացել էր Հովեն Բաբաջանյանը, Արտակն ու Միքայելը վիրավոր էին: Արկի բեկորը երկուսի մի ոտքն էր կտրել, մյուսին՝ ծանր վնասվածքներ հասցրել: Մարտի գնալուց առաջ ավտոմատների խզակոթերին ամրակապ էինք փաթաթում, որպեսզի վիրավորվելու դեպքում ինքներս կարողանայինք դադարեցնել արյունահոսությունը, մինչև հասնեին օգնության: Արտակը ինքն էր ամրակապ դրել իր արյունահոսող ոտքին: Միքայելին վիրակապելով և ավտոմատը թողնելով նրանց մոտ՝ նորից սողալով անցա ճանապարհը, որպեսզի տղաներին կանչեմ օգնության: Արմենի, Հարությունի ու մի քանիսի հետ ետ վերադարձանք՝ դուրս բերելու Միքայելին, Արտակին ու Հովենի դիակը: Արտակը սողալով անցել էր ճանապարհի մյուս կողմը, իսկ Միքայելը, ավտոմատը ձեռքին, սպասում էր, նա գիտեր, համոզված էր, որ մենք կգանք իրենց ետևից, բայց եթե մենք չհասցնեինք, ու Աստված մի արասցե, թշնամին հայտնվեր մեզանից առաջ, նա կկրակեր մինչև վերջին փամփուշտն ու կքաշեր նռնակի ձգանը, որպեսզի կենդանի գերի չընկներ թշնամու ձեռքը (մենք բոլորս էլ նռնակ ունեինք, որը պահում էին նման դեպքերում օգտագուծելու համար):

Տղաներին տեղափոխեցին Կուսապատ, հետո լսեցինք, որ Կուսապատի հիվանդանոցում փորձել են անդամահատել տղաների ոտքերը, բայց Գևորգն ու Վահանը, որոնք նույնպես բժշկական ինստիտուտի ուսանողներ էին և կամավոր որպես բուժակ էին աշխատում հիվանդանոցում, թույլ չէին տվել: Նույն օրը նրանց ուղղաթիռով տեղափոխել էին Երևան՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ էլ նրանց երկուսինԱրտավազդ Սահակյանն էր վիրահատել՝ փրկելով նրանց կյանքը:

…Մենք հետո տեղեկացանք, որ երկրորդ ուղղությամբ գնացած տղաները ավելի ծանր վիճակի մեջ են ընկել… նրանցից շատերը անհետ կորել էին, մյուսները՝ զոհվել, մի քանիսն էլ հրաշքով փրկվել էին:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)